ԹԼՓԱՏՈՒԹԻՒՆ ԳԱՂԳԱՂԱՅՈՒՄ
1. Ամորհացիների բոլոր թագաւորները, որոնք Յորդանան գետի այն կողմում էին, ծովեզերքին,
եւ փիւնիկեցիների 305թագաւորները, որոնք ծովեզերքին էին, երբ լսեցին, թէ Տէր Աստուածը նրանց գետանցման ժամանակ իսրայէլացիների առաջ ցամաքեցրել է Յորդանան գետը, նրանք սրտամաշ եղան, զարհուրեցին, եւ նրանց մէջ խոհականութիւն չմնաց իսրայէլացիների պատճառով:
2. Այն ժամանակ Տէրը Յեսուին ասաց. «Գայլախազ քարից դանակ շինի՛ր եւ նստի՛ր կրկին թլփատիր իսրայէլացիներին»:
3. Եւ Յեսուն գալախազէ դանակներ շինեց եւ թլփատեց իսրայէլացիներին այն վայրում, որ կոչւում էր Անթլփատների բլուր:
4. Եւ այդպէս Յեսուն թլփատեց այն իսրայէլացիներին, որոնք ճանապարհին էին ծնուել Եգիպտոսից դուրս գալուց յետոյ եւ բնաւ չէին թլփատուել. բոլորին էլ թլփատեց Յեսուն: Ահա ա՛յս բազմութեանն է, որ թլփատեց Յեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին: Բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին:
5. Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատուած էր: Եգիպտոսից դուրս գալուց յետոյ ճանապարհին ծնուած բազմութիւնը
6. (քանի որ իսրայէլացիները քառասուներկու տարի շրջել էին Աբդարի անապատում), այդ բազմութիւնից շատերը՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկներ, որոնք չէին հնազանդուել Աստծու պատուիրաններին, անթլփատ էին: Նրանց համար Տէրը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդուել էր նրանց հայրերին, թէ կը տայ նրանց, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում:
7. Եւ նրանց փոխարէն տարաւ նրանց որդիներին, որոնց թլփատեց Յեսուն: Նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատուել:
8. Երբ ամբողջ ժողովուրդը թլփատուեց, հանգիստ առնելով մնացին բանակատեղիում, մինչեւ որ ապաքինուեցին:
9. Եւ Տէրն ասաց Յեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»: Եւ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպէս է կոչւում մինչեւ այսօր:
10. Այնտեղ իջեւանեցին իսրայէլացիները: Իսրայէլացիները Երիքովի արեւելեան կողմում գտնուող դաշտում, ամսի տասնչորսերորդ օրը, իրիկնադէմին, զատիկ արեցին:
11. Եւ առաւօտեան այդ երկրի ցորենից բաղարջ եւ աղանձ կերան:
12. Այդ օրը, այդ երկրի ցորենից ուտելուց յետոյ, մանանան դադարեց, եւ իսրայէլացիները այլեւս մանանայ չգտան: Եւ այդ տարի նրանք հաւաքեցին փիւնիկեցիների 306 երկրի պտուղը:
ՏԻՐՈՋ ԲԱՆԱԿԻ ԶՕՐԱՊԵՏԸ
13. Եւ մինչ Յեսուն Երիքովում էր, նա, բարձրացնելով իր աչքերը, տեսաւ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար: Յեսուն մօտեցաւ եւ ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թէ մեր թշնամիներից»:
14. Նա ասաց. «Ես Տիրոջ զօրքի զօրավարն եմ եւ հիմա եկայ»:
15. Յեսուն երեսնիվայր գետին ընկաւ, երկրպագեց եւ ասաց նրան. «Տէ՛ր, ի՞նչ հրաման կը տաս քո ծառային»:
16. Տիրոջ զօրավարն ասաց Յեսուին. «Հանի՛ր կօշիկները քո ոտքերից, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է»: Եւ Յեսուն այդպէս արեց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: