Գիրք` 32. Օսէէ

Ներածութիւն

   
   Օսէէն Իսրայէլի թագաւորութեան մէջ (Հիւսիսային թագաւորութիւն) Աստծու խօսքի տարածողը դարձաւ Ամոսից մի տասնեակ տարի յետոյ, այսինքն 750 թուականին (ն․ Ք․)։ նա այդպիսին մնաց շուրջ քսանհինգ տարի, համարեա մինչեւ Սամարիայի գրաւումը ասորեստանցիների կողմից եւ Իսրայէլի թագաւորութեան վերացումը 722-721 թուականներին։
   Այս ժամանակաշրջանում պետութիւնը գտնւում էր կազմալուծման վիճակում․ Յերոբովամ Բ թագաւորի իշխանութիւնից յետոյ Ասորեստանի հզօրացումը դարձել էր սպառնալի։ Սամարիայում պետական յեղաշրջումները յաջորդում էին միմեանց՝ իշխանութեան գլուխ բերելով այնպիսի մարդկանց, որոնք վարում էին իրար հակառակ քաղաքականութիւն։ Ընկերային անհաւասարութիւնները, որոնք արդէն դատապարտուել էին Ամոսի կողմից, սկսել էին լուրջ բնոյթ ստանալ։ Բայց մանաւանդ իսրայէլացիների հաւատը ծանր տագնապ էր ապրում․ քանանացիների կրօնի ազդեցութիւնը գնալով մեծանում էր ժողովրդի մէջ։
   Ամուսնական մի դրամայի պատճառով Օսէէն առաւել ծանր պիտի ապրէր այդ կացութիւնը եւ դրա հետեւանքները։ Խոր վիրաւորանքի ենթարկուած նրա սէրը համազօր է այն տառապանքին, որ Աստուած զգում է իր ժողովրդի անհաւատարմութեան (մի տեսակ պոռնկացման) պատճառով։ Սակայն Օսէէի հոգում ամուր է մնում նաեւ ապաքինման եւ կորցրած սէրը վերագտնելու յոյսը։
   Օսէէն սէրը զետեղում է Աստծու եւ մարդկանց յարաբերութեան կենտրոնում եւ հէնց դրանով էլ նա կանգնած է աւետարանի գծի վրայ (Մաթ․ 9։13, 12։7)։
   Օսէէի գրքում մարգարէութիւնները դասաւորուած են աւելի շուտ ըստ թեմաների, քան ժամանակագրական կարգի։ Այսպէս՝
   1․ Օսէէի ամուսնական փորձառութիւնը եւ նրա պատգամը (գլ․ 1-3)։
   2․ Իսրայէլի կացութիւնը եւ նրա հոգեւոր նշանակութիւնը (գլ․ 4։1-9․ 9)։
   3․ Իսրայէլացիների անհաւատարմութեան հեռաւոր արմատները (գլ․ 9։10-14․ 1)։
   4․ Աստծու սէրը մնում է ամենաուժեղը (գլ․ 14։ 2-10)։