Գիրք` 32. Ովսեե

Գլուխ 11

Աստծու սերն ապստամբ ժողովրդի հանդեպ
   
1․ «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։

2․ Ինչքան կանչեցին նրանց, նրանք հեռանում էին նրանցից՝ Բահաղներին զոհ մատուցելով և կուռքերին խունկ ծխելով։

3․ Բայց ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի. նրանց վերցնում էի իմ բազուկներով, սակայն չիմացան, որ ես եմ բժշկել նրանց։

4․ Մարդկային լարերով՝ սիրո կապերով, ես ձգեցի նրանց և նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա. խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի։

5․ Նա չպիտի վերադառնա Եգիպտոս. Ասորեստանը պիտի լինի նրանց թագավորը, որովհետև չուզեցին դարձի գալ։

6․ Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա և վերացնի նրա նիգերը և լափի նրանց իրենց խորհուրդների պատճառով։

7․ Իմ ժողովուրդը համառում է ինձնից խոտորվել. թեև դեպի Բարձրյալն են կանչվում նրանք, սակայն չեն բարձրանում։

8․ Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է իմ ներսում. բորբոքվում է կարեկցությունս։

9․ Ես չեմ գործադրելու իմ սաստիկ բարկությունը, կրկին չեմ ավերելու Եփրեմին. որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ, և զայրույթով չեմ գալու։

10․ Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա նա, որդիները դողալով կգան արևմուտքից։

11․ Նրանք թռչունի պես դողալով կգան Եգիպտոսից և աղավնու պես՝ Ասորեստանի երկրից, և նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում»,- ասում է Տերը։