Գիրք` 40. Սոփոնիա

Ներածութիւն

   
   Սոփոնիա մարգարէի քարոզութիւնը սկիզբ է առել 7-րդ դարի վերջին (ն․ Ք․) եւ անկասկած նախորդել է Ամբակումի քարոզութեանը։ Այն ժամանակ երբ Սոփոնիան քարոզում էր ժողովրդի մեջ, Յոսիա թագաւորը հաւանաբար դեռ չէր իրականացրել իր կրօնական բարեկարգութիւնը, եւ Յուդայի թագաւորութիւնն ապրում էր իր պատմութեան ողբերգական պահերից մէկը։ Մարգարէն պատասխանում է բոլոր նրանց, ովքեր հարց են տալիս իրենք իրենց, թէ Աստուած իսկապէս հետաքրքրւու՞մ է մարդկանցով եւ առաջ տանու՞մ է պատմութիւնը։ Նա յայտնում է, որ Աստծու միջամտութիւնը կատարուելու է բազմաթիւ ձեւերով․ Աստուած գալու է դատելու Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչներին, նա կործանելու է Յուդայի երկրի հարեւան ժողովուրդներին, ապա վերականգնելու է Երուսաղէմը՝ այնտեղից վերջնականապէս արմատախիլ անելով չարիքը եւ խոնարհ ու աղքատ մի բնակչութիւն թողնելով այնտեղ ամբողջ մարդկութիւնը կերպարանափոխելու նպատակով։
   Սոփոնիան ընդգծում է, որ իսրայէլացի ժողովուրդը չի կարող վերականգնել ճշմարիտ յարաբերութիւնը իր Աստծու հետ առանց իր միջից արմատապէս վերացնելու նրանց, ովքեր իրենց սեփական շահը վեր են դասում Աստծու պահանջներից։ Նա առանձնակի համակրանք է տածում «երկրի խոնարհների» նկատմամբ։