Գիրք` 41. Անգէ

Ներածութիւն

   
   Այս գրքում յիշատակուած է Անգէ մարգարէի գործը, որը քարոզում է ի նպաստ Երուսաղէմի տաճարի վերակառուցման, այն շրջանում, երբ հրեաներն արդէն կարողացել էին վերադառնալ Բաբելոնից, որտեղ աքսորուել էին 6-րդ դարի սկզբին։ Գրքում ընդգրկուած են բազմաթիվ փոքր ճառեր, որոնք մարգարէի կողմից մեզ փոխանցուել են 520 թուականին (ն. Ք.)։
   Աքսորից վերադարձած առաջին հրեաները ձեռնամուխ են լինում բաբելոնացիների կողմից աւերուած տաճարի վերակառուցմանը։ Սակայն նրանք շուտով յուսահատւում են։ Այդ պատճառով մարգարէն յորդորում է ժողովրդի պատասխանատուներին վերսկսել ընդհատուած աշխատանքները։ Անգէն արթնացնում է իր ունկնդիրների նախանձախնդրութիւն՝ ասելով նրանց, որ ժողովրդի աղքատութեան եւ հնձի սակաւութեան պատճառը տաճարի աւերուած ու լքուած վիճակն է։ Նա յայտնում է նրանց, որ, ըստ Աստծու խոստման, նոր տաճարն իր շքեղութեամբ ու փառքով կը գերազանցի կործանուած տաճարը, եւ նրա կառուցումը վերջ կը դնի պղծութեան ու թշուառութեան այն վիճակին, որի մէջ գտնւում է իսրայէլացի ժողովուրդը։ Դաւթի սերնդից երկրի կառավարիչ Զորաբաբէլը այդ խոստման մէջ հրեայ ժողովրդի համար տեսնում է մի մեծ ապագայ։