Գիրք` 2. Աւետարան ըստ Մարկոսի

Ներածութիւն

   
   Չորս աւետարանների մեջ Մարկոսի աւետարանը ամենից կարճն է եւ, ամենայն հաւանականութեամբ, ամենից հինը:
   Առաջին իսկ տողերից նա ներկայացնում է Յիսուսին որպէս Աստծու Որդի: Բայց այս զարմանալի տիտղոսը, որ բազմաթիւ առիթներով հաստատվում է աւետարանի ամբողջ շարադրանքում, պէտք է գաղտնի մնայ, հէնց Յիսուսի կամքի համաձայն:
   Սակայն երբ հանդէս է գալիս այսպիսի մի Պատգամախօս, իւուրաքանչիւր ոք պէտք է նրան ընդունի արժանավայել կերպով: Նախապատրաստել Աստծու ժողովրդին այդ բանի համար. ահա այս է պարտականութիւնը Յովհաննէս Մկրտչի, որից ուրիշների նման Յիսուս եւս մկրտւում է:
    Այնուհետեւ առանձնութեան մէջ փորձութեան մի շրջան անցնելուց յետոյ, Յիսուս սկսում է իր հանրային գործունէութիւնը: Մարկոսը յաճախ էր ընդգծում Յիսուսի հեղինակութիւնը ինչպէս մարդկանց կանչելու ժամանակ, որպէսզի իրեն հետեւեն, այնպէս էլ, երբ նա ուսուցանում է բազմութիւններին կամ բժշկում հիւանդներին:
    Իր պատմութեան երկրորդ մասում Մարկոսը ցոյց է տալիս, թէ ինչպես Յիսուս գնում է դէպի իր չարչարանքները, դէպի մահն ու յարութիւնը, որ սպասում են նրան Երուսաղէմում: Այդ մասին նա երեք անգամ յայտնում է իր աշակերտներին, բայց առանց հասկացուելու նրանցից: Ավելի յաճախ նա խօսում է ինքն իր մասին՝ իրեն կոչելով մարդու Որդի, սակայն առաւել եւս մեծ է նրա անձի շուրջ եղած խորհուրդը:
   Երուսաղէմում, որտեղ նա մուտք է գործում ցնծութեան բացականչութիւնների ներքոյ, տաճարից վռնդում է վաճառք անողներին եւ բախւում Իսրայէլի կրօնական պետերի հակադրութեանը: Դա նրա համար առիթ է լինում վերջին անգամ ուսուցանելու իր հակառակորդներին, ժողովրդի բազմութեանը, իր աշակերտներին:
   ԺԴ եւ ԺԵ գլուխները նուիրված են Յիսուսի վերջին երկու օրերին: Այս գլուխներում են շարադրուած մասնաւորապէս վերջին ընթրիքի պատմութիւնը իւուրայինների հետ, երբ նա բաժանում է նրանց հետ հացը եւ գինին, նրա առանձին աղօթքը Գեթսեմանիի պարտէզում, նրա ձերբակալութիւնը, դատապարտութիւնը, խաչելութիւնը եւ գերեզման դրուելը: Նրա մահուան երրորդ օրը, սակայն, կանայք գալիս ու նրա գերեզմանը դատարկ են գտնում: Նրանք իմանում են, որ նա մահուանից անցել է դէպի կեանք եւ սարսափահար փախչում են:
   Մարկոսի աւետարանն ընթերցելուց յետոյ արդեօք, հռոմէացի սպայի նման, մեր ընթերցողներն էլ կ՜ընդունե՞ն, որ Յիսուս Նազովրեցին «իսկապէս Որդին էր Աստծու»: