Մատթէոսի մօտ գտնում ենք այն գլխաւոր գծերը, որ ներկայացուած են Մարկոսի աւետարանում.
-Յովհաննէս-Մկրտչի պատգամը.
-Յիսուսի մկրտութիւնն ու փորձութիւնը.
-Յիսուսի գործունէութիւնը Գալիլիայում, որտեղ նա քարոզում է, ուսուցանում բազմութիւններին եւ բժշկում հիւանդներին.
-Յիսուսի ճանապարհորդութիւնը դէպի Երուսաղէմ.
-Յիսուս Երուսաղէմում մնում է կարճ ժամանակ՝ ընդամէնը մէկ շաբաթ, որ աւարտւում է նրա դատապարտութեամբ, խաչելութեամբ, նրա յարութեան մեծ անակնկալով եւ յետմահու նրա երեւումով:
Սակայն Մատթէոսը սկզբում մի երկար նախաբան է նուիրում Յիսուսի ազգաբանութեանը, նրա ծննդին եւ մանկութեանը: Այս մասում ցոյց է տրուած, թէ ով է այն Յիսուսը, որին աւետարանիչը հետեւելու է իր աւետարանը շարադրելու ամբողջ ընթացքում: Նա խոստացուած Թագաւոր-Փրկիչն է, բայց նաեւ՝ «Էմմանուէլը» (Աստված մեզ հետ), Նա, որի միջոցով իրագործւում է այն, ինչ Աստուած յայտնել էր Հին Կտակարանում:
Մատթեոսի աւետարանն ունի նաեւ այն առանձնայատկութիւնը, որ այնտեղ հինգ մեծ ճառերի մէջ խմբաւորուած է Յիսուսի վարդապետութեան կարեւոր մէկ մասը. 1) «Լերան քարոզը» (գլ. 5-7), 2) Յիսուսի տուած պատուէրներն այն մարդկանց, որոնք պիտի աւետեն երկնային Թագաւորութեան գալուստը (գլ. 10), 3) այդ Թագաւորութեան խորհուրդը՝ ներկայացուած եօթը առակներով (գլ. 13), 4) ինչպէս պէտք է ապրել եղբայրների հետ այդ Թագաւորութեան մեջ (գլ. 18), 5) ինչպէս պէտք է սպասել Թագաւորութեան վերջնական յաղթանակին (գլ. 24-25):
Մատթէոսի աւետարանում Յիսուս հանդէս է բերուած որպէս մի մեծ ուսուցիչ, որ իշխանութիւն ունի օրէնքը բացատրելու եւ բաց անելու այդ Թագաւորութեան նոր աշխարհը եւ այնտեղ մտնողներին բերելու այն վարդապետութիւնը, որի կարիքն ունեն նրանք՝ դառնալու համար դրա վկաները այլ մարդկանց մօտ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: