Առաքելական իր երկրորդ ճանապարհորդութեան ժամանակ Պօղոսը տասնութ ամիս անցկացրեց Յունաստանի Կորնթոս քաղաքում: Այն եկեղեցական համայնքը, որ նա այնտեղ հաստատեց, բաղկացած էր մեծ մասամբ համեստ միջավայրերի պատկանող նախկին հեթանոսներից:
Այն ժամանակ Կորնթոսը գտնւում էր շատ բարգաւաճ վիճակում շնորհիւ իր երկու նաւահանգիստների, քաղաքում ծաղկում էին ապրում վաճառականութիւնը, մշակութային կեանքը, աշխոյժ գործունէութիւն էին ծաւալում փիլիսոփայական ու կրօնական հոսանքները: Սակայն այնտեղ մեծապէս տարածուել էր նաեւ անբարոյականութիւնը: Քրիստոնէական համայնքը այսպիսով ենթակայ էր ամէն տեսակ ազդեցութիւնների: Նման վիճակը բնականաբար չէր կարող լուրջ մտահոգութիւններ չպատճառել Պօղոս առաքեալին:
Արդարեւ, իր մեկնումից յետոյ, Պօղոսը բազմաթիւ առիթներով համայնքին վերաբերող մտահոգիչ լուրեր էր ստացել եւ այդ պատճառով ստիպուած էր եղել առնուազն չորս թղթեր ուղարկել Կորնթոսի քրիստոնեաներին ուղղուած: Դրանցից երկուսը, որ հասել են մեզ, գրուել են առաքեալի երրորդ ճանապարհորդութեան ընթացքում, առաջինը՝ Եփեսոսից, երկրորդը՝ նմանապէս Եփեսոսից կամ Մակեդոնիայից:
Կորնթացիներին ուղղուած իր առաջին թղթում Պօղոսը, ողջոյնի եւ երախտագիտութեան կարճ խօսքերից յետոյ, հաղորդում է իր եղբայրներին, որ յաղթահարեն իրենց միջեւ եղած բաժանումները, համայնքից դուրս վանեն անբարոյականութիւնը եւ իրենց վէճերն ու անհամաձայնութիւնները հեթանոսների դատարանների առաջ չտանեն: Նա նաեւ մի քանի որոշակի հրահանգներ է տալիս նորադարձ քրիստոնեաներին, թէ ինչպէս պէտք է վարուեն իրենց մտերիմների հետ, որից յետոյ պատասխանում է իր հետ թղթակցողների առաջադրած զանազան հարցերին.
-Ամուսնութեան հարց.
-Կուռքերին մատուցուած զոհերի միսն օգտագործելու եւ ընդհանուր առմամբ հեթանոսութեան նկատմամբ դիրք ճշտելու հարց,
-Քրիստոնեական հաւաքոյթներին եւ Տիրոջ ընթրիքին վերաբերող հարց.
-Սուրբ Հոգու շնորհներին վերաբերող հարց.
-Մեռելների յարութեան հարց եւ այլն:
Կեանքի այս բոլոր հարցերի մասին Պօղոս առաքեալն արտահայտում է առանց դոյզն չափով իսկ բարոյագէտի յաւակնութիւն դրսեւորելու: Նա ցոյց է տալիս, որ Քրիստոսի հանդեպ հաւատարմութիւնը եւ միմեանց նկատմամբ եղբայրական սէրը թոյլ են տալիս լուծել այդ հարցերը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: