Գիրք` 6. Պօղոս Առաքեալի թուղթը Հռոմէացիներին

Ներածութիւն

   
   Քրիստոսի մահւանից եւ յարութիւնից քիչ տարիներ անց՝ թւում է, թէ քրիստոնեայ դարձած հրեաները, ինչպէս՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան, սկսել էին տարածել Աւետարանը Հռոմում: Դրա շնորհիւ այնտեղ արդէն հաստատուել էր քրիստոնէական առաջին Եկեղեցիներից մէկը. մինչ Պօղոսը քարոզում էր Ասորիքում, Փոքր Ասիայում եւ Յունաստանում: Աստված յանձնարարել էր Պօղոսին գնալ «մինչեւ աշխարհի ծայրը»: Ահա թէ ինչու նա ցանկանում էր գնալ նաեւ Հռոմ: Իր ճանապարհորդութիւնը նախապատրաստելու համար նա մի նամակ է գրում այդ քաղաքի քրիստոնեաներին, որոնցից մի խումբ հաւաքւում էր Պրիսկիղայի եւ Ակիւղասի տանը:
    Պօղոսն իր այս նամակում բացատրում է այնտեղի քրիստոնեաներին, թե ինքն ինչպէս է հասկանում ոչ հրեայ ժողովրդի առաքեալի իր դերը: Նրա նամակում ամբողջական եւ սպառիչ կերպով շարադրուած է նրա պատգամը, որ նա ամփոփում է հետեւեալ տողերի մեջ. «Աւետարանը Աստծու զօրութիւն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների․ նախ՝ հրեաների, ապա նաեւ՝ ոչ հրեաների» (1։16-17):
   Հրեաների եւ ոչ հրեաների յարաբերութեան հարցը կարեւոր նշանակութիւն ունէր առաջին քրիստոնեաների համար: Այս հարցին մենք հանդիպում ենք նաեւ Պօղոս առաքեալի այլ գրուածքներում: Նա հաստատում է, որ Քրիստոսի Աւետարանը ուղղուած է բոլոր մարդկանց առանց բացառութեան, եւ որ Աստուած փրկում է իրեն հաւատացող ամեն մոլորուած մարդու՝ ով որ էլ լինի նա:
   Այսուհետեւ Պօղոսը քննութեան է առնում այն իսրայէլացիների հարցը, որոնք առժամապէս մերժում էին Քրիստոսին: Նա հաստատում է, որ այդ մերժումը չի կարող արգելք հանդիսանալ Աստծու ծրագրին, որի շնորհը հաղթանակելու է ի վերջոյ:
   Եզրափակելով՝ Պօղոսը յայտնում է դեպի Հռոմ իր ճանապարհորդութեան ծրագիրը եւ իր նամակն աւարտում զանազան եղբայրների ողջոյններն ուղարկելով Հռոմի քրիստոնեաներին: