Գիրք` 15. Ա Եզրաս

Գլուխ 1

ԶԱՏԿԻ ՏՕՆԱՀԱՆԴԷՍ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
   
1․ Յոսիա թագաւորը Տիրոջ զատիկը կատարեց Երուսաղէմում. Տիրոջ զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին:
2․ Ըստ իրենց ծառայութեան օրերի՝ նա Տիրոջ տաճարում քահանաներ կանգնեցրեց, որոնք քահանայական պատմուճաններ էին հագած,
3․ եւ ասաց ղեւտացի սպասաւորներին. «Մաքրեցէ՛ք ձեր անձերը եւ պատրաստեցէ՛ք ձեզ ըստ Տիրոջ ուխտի տապանակի սրբութեան, թող ձեր մէջ չլինի աղտեղութիւն եւ պղծութիւն:
4․ Արդ, պաշտամո՛ւնք մատուցեցէք ձեր Տէր Աստծուն, հաւաքեցէ՛ք ու պատրաստեցէ՛ք Իսրայէլի բոլոր ազգերին եւ կանգնեցրէ՛ք նրանց ըստ իրենց հայրապետների եւ ցեղերի հերթականութեան,
5․ ինչպէս սահմանել եւ գրել է Իսրայէլի Դաւիթ թագաւորը եւ հրահանգել նրա որդի մեծն Սողոմոնը. թող ղեւտացիները ըստ իրենց հայրերի կարգի տաճարում կանգնեն, իրենց եղբայրների՝ իսրայէլացիների առաջ:
6․ Ըստ առաջին կարգերի հերթականութեան՝ մորթեցէ՛ք զատկի գառը, պատրաստեցէ՛ք զոհերն ու զատիկը կատարեցէ՛ք ըստ Տիրոջ այն հրամանի, որ նա պատուիրել էր Մովսէսի միջոցով»:
7․ Եւ իբրեւ պարգեւ Յոսիան ժողովրդին տուեց երեսուն հազար գառներ եւ ուլեր, երեք հազար հորթեր:
8․ Այս բոլորը, թագաւորի հրամանի համաձայն, տրուեց ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին: Բացի դրանից, նա Քեղկիա եւ Զաքարիա քահանայապետներին, ժողովրդի առաջնորդներին եւ քահանաներին տուեց եւս երկու հազար վեց հարիւր ոչխար
9․ Յեքոնիասը, Սամէասն ու նրա եղբայր Նաթանայէլը, Ռաբիասը, Օզիէլը եւ Յորամը, որոնք հազարապետներ էին, զատկի համար ղեւտացիներին տուեցին հինգ հազար ոչխար եւ հինգ հարիւր հորթ:
10․ Վերցնելով այս բոլորը՝ քահանաները մեծ շուքով, ամենայն վայելչութեամբ եւ բազմազան ձեւերով պատրաստեցին Բաղարջակերաց զատիկը
11․ եւ, ըստ իրենց տոհմերի եւ հայրերի կարգի, կանգնեցին ժողովրդի առաջ, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, մատուցելու համար Տիրոջ զատիկը:
12․ Ահա այսպէս նրանք առաւօտեան կրակի վրայ խորովեցին ու պատրաստեցին Տիրոջ զատիկը. մնացած հում միսը անուշահոտ համեմունքներով եփեցին կաթսաների եւ սաների մէջ եւ մատուցեցին ժողովրդին
13․ Սրանից յետոյ քահանայապետները զատիկը պատրաստեցին իրենց եւ իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար,
14․ որովհետեւ քահանաները ճարպ էին մատուցում կրակը բորբոքելու համար, ղեւտացիներն իրենք էլ զատիկը պատրաստեցին թէ՛ իրենց եւ թէ՛ իրենց քահանայ եղբայրների՝ Ահարոնի որդիների համար:
15․ Ասափի որդիները՝ սաղմոսների երգիչները, նոյնպէս զատիկը պատրաստեցին իրենց համար, ինչպէս սահմանել էր Դաւիթ թագաւորը ժամանակին Ասափի, Զաքարիայի եւ Ելդինոնի համար:
16․ Դռնապանները, որոնցից իւրաքանչիւրը հսկում էր իր դռան վրայ՝ ըստ ամէն օրուայ կարգի, քանի որ իրենք էլ Ղեւիի որդիներ էին, իրենք նոյնպէս պատրաստեցին զատիկը:
17․ Այդ օրը բոլորը միաբան կատարեցին Տիրոջ զոհը
18․ եւ, ինչպէս հրամայել էր Յոսին թագաւորը, Տիրոջ զատիկը մատուցեցին սեղանի վրայ:
19․ Այն իսրայէլացիները, որ այդ ժամանակ գտնւում էին այնտեղ, եօթը օր կատարեցին Տիրոջ զատիկը եւ Բաղարջակերաց տօնը:
20․ Երբեք այդպիսի զատիկ չէր եղել Իսրայէլում, քանի որ ոչ ոք նման զատիկ չէր արել Սամուէլ մարգարէի ժամանակից ի վեր:
21․ Իսրայէլի բոլոր թագաւորներն էլ այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիա թագաւորը, նաեւ քահանաները, ղեւտացիները, հրեաներն ու բոլոր իսրայէլացիները, որոնք այն ժամանակ ապրում էին Երուսաղէմում:
22․ Այդ զատիկը Յոսիան կատարեց իր թագաւորութեան տասնութերորդ տարում:
23․ Յոսիա թագաւորի գործերը ուղիղ էին իր Տէր Աստծու առաջ, եւ նա Տիրոջը ծառայում էր իր ամբողջ սրտով ու մտքով:
24․ Բայց նրանից առաջ եղել են ուրիշ թագաւորներ, որոնց մասին ստոյգ գրուած է, թէ նրանք մեղանչել, անօրէնութիւն են գործել բոլոր ազգերի մէջ, վշտացրել են Տիրոջը եւ Իսրայէլի մէջ դէմ են կանգնել Նրա խօսքին
25․ Յոսիա թագաւորի այս բոլոր առաքինի գործերից յետոյ եգիպտացիների Փարաւոն թագաւորը եկաւ պատերազմելու Կարքամուսում՝ Եփրատի կողմերում, եւ Յոսիան ելաւ պատերազմելու նրա դէմ:
26․ Եգիպտացիների թագաւորը բանագնաց ուղարկեց նրա մօտ եւ ասաց. «Ի՞նչ կայ իմ եւ քո միջեւ, ո՛վ Հրէաստանի թագաւոր,
27․ չէ՞ որ Տէր Աստուածն ինձ չի ուղարկել քեզ մօտ, այլ ես գնում եմ պատերազմելու Եփրատի կողմերում: Այժմ Տէրը ինձ հետ է, եւ դու մի՛ խանգարիր ինձ, քանի որ Տէրը ստիպում է ինձ գնալ ու պատերազմել Եփրատի կողմերում. դու հեռո՛ւ կաց ինձնից եւ մի՛ հակառակուիր Տիրոջը»:
28․ Բայց Յոսիան յետ չդարձրեց իր մարտակառքը, այլ ձեռնամուխ եղաւ նրա դէմ պատերազմելու, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասում էր նրան Տիրոջ բերանով:
29․ Նա համախմբեց զօրքը, իջաւ Եդդաւուսի դաշտ՝ այնտեղ ճակատամարտ տալու Փարաւոնի դէմ. եւ իշխաններն էլ իջան Յոսիա թագաւորի մօտ:
30․ Յոսիա թագաւորն ասաց իր ծառաներին. «Ինձ դո՛ւրս տարէք ռազմադաշտից, ես խիստ թուլացել եմ»: Ծառաներն անմիջապէս նրան դուրս հանեցին մարտադաշտից:
31․ Յոսիան բարձրացաւ իր երկրորդ կառքը եւ հասնելով Երուսաղէմ՝ վախճանուեց: Նրան թաղեցին իր հայրերի գերեզմանատանը:
32․ Ամբողջ ժողովուրդը ողբաց եւ սգաց Յոսիայի վրայ, իսկ Երեմիա մարգարէն ողբ հիւսեց Յոսիայի մասին: Մինչեւ այսօր կանայք նստում եւ ողբում են Երեմիայի այդ ողբը: Դրանից յետոյ հրաման տուեցին, որ միշտ իրենց ազգերի մէջ այդպէս ողբան Իսրայէլում:
33․ Այս բոլորի մասին գրուած է Իսրայէլի թագաւորների պատմութիւնների գրքում, նաեւ նրա կատարած բարի գործերի, նրա առաքինութեան, նրա մեծ արդարութեան ու փառքի մասին, եւ թէ ինչպիսի իմաստուն հոգատարութիւն ունէր նա Տիրոջ Օրէնքի նկատմամբ: Այս բոլորի մասին մինչեւ այժմ պատմում են Իսրայէլի եւ Յուդայի երկրի թագաւորների գրքերը:
34․ Յոսիայի մահից յետոյ նրա տոհմից թագաւոր դարձրին Յեքոնիային՝ Յոսիայի որդուն: Յեքոնիան քսաներեք տարեկան էր, երբ թագաւորեց իր հօր՝ Յոսիայի փոխարէն:
35․ Նա Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ թագաւորեց երեք ամիս: Եգիպտացիների թագաւորը արգելեց, որ նա թագաւորէր Երուսաղէմում
36․ եւ, իբրեւ ծախս, հրեաներից պահանջեց հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի:
37․ Եգիպտացիների թագաւորը նրանց վրայ թագաւոր կարգեց Յովակիմին՝ Յեքոնիայի եղբօրը, եւ Յովակիմը թագաւորեց Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ:
38․ Յովակիմը կալանաւորեց Իսրայէլի տան մեծամեծներին ու իշխաններին, եւ իր եղբօրը՝ Զարային, հանեց Եգիպտացիների երկրից եւ բերեց իր մօտ:
39․ Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւորեց Հրէաստանի ու Երուսաղէմի վրայ եւ չարիքներ գործեց Տիրոջ առաջ:
40․ Բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը յարձակուեց նրա վրայ, նրան կապեց պղնձէ կապանքներով եւ տարաւ Բաբելոն:
41․ Նաբուքոդոնոսորը վերցրեց նաեւ Տիրոջ տան սպասքից, տարաւ ու Բաբելոնում դրեց իրենց կուռքերի տանը՝ պահելու համար:
42․ Նրա այս բոլոր գործերի՝ նրա պղծութիւնների եւ անօրէնութիւնների մասին գրուած է թագաւորների ժամանակագրութիւնների գրքում:
43․ Նրա փոխարէն թագաւորեց Յովակիմը՝ նրա որդին, որ տասնութ տարեկան էր:
44․ Նա թագաւորեց երեք ամիս եւ տասն օր Երուսաղէմում եւ չարիք գործեց Տիրոջ առաջ:
45․ Մէկ տարի յետոյ Նաբուքոդոնոսորը վերցրեց ու տարաւ նրան Բաբելոն՝ Տիրոջ տան գանձերով հանդերձ:
46․ Նաբուքոդոնոսորը Հրէաստանի եւ Երուսաղէմի թագաւոր կարգեց Սեդեկիային: Սեդեկիան քսանմէկ տարեկան էր եւ թագաւորեց տասնմէկ տարի:
47․ Նա եւս չարիք գործեց Տիրոջ առաջ եւ յետ չկանգնեց իր չարիքներից, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասել էր նրան Տիրոջ բերանով:
48․ Նա հաւատարիմ չմնաց իր երդմանը, որ Տիրոջ անունով տուել էր Նաբուքոդոնոսոր արքային, այլ դրժեց երդումը եւ հեռացաւ Նաբուքոդոնոսորից, խստացրեց պարանոցը եւ սիրտը փակեց Իսրայէլի Տէր Աստծու օրէնքների հանդէպ:
49․ Ժողովրդի իշխաններն ու քահանաներն էլ ամբարշտութիւններ արեցին, անօրէն եղան, բազմացրին իրենց պղծութիւններն աւելի, քան բոլոր հեթանոսները եւ նոյնիսկ պղծեցին Տիրոջ սուրբ տաճարը Երուսաղէմում
50․ Նրանց հայրերի Աստուածն իր հրեշտակներին ու մարգարէներին ուղարկեց նրանց մօտ, որպէսզի դարձի գան, որովհետեւ խնայում էր թէ՛ նրանց եւ թէ՛ իր սուրբ տաճարը,
51․ բայց նրանք արհամարհեցին Տիրոջ հրեշտակներին. այն օրը, երբ Տէրը խօսում էր նրանց հետ, նրանք ձեռ էին առնում եւ ծաղրում նրա մարգարէներին:
52․ Տէրը բարկացաւ նրանց ազգի վրայ եւ նրանց ամբարշտութեան պատճառով նրանց դէմ բերեց քաղդէացիների թագաւորներին,
53․ որոնք սրով սպանեցին նրանց երիտասարդներին, նրանց արիւնը թափեցին սուրբ տաճարի շուրջը, չխնայեցին նրանց մանուկներին, կոյսերին, ծերերին ու նրանց երիտասարդներին:
54․ Աստուած նրանց ձեռքը յանձնեց այս բոլորը՝ թէ՛ Տիրոջ տան բոլոր մեծ ու փոքր անօթները, թէ՛ Տիրոջ տապանակի կայքն ու սպասքը եւ թէ՛ Իսրայէլի թագաւորի գանձերը. այս ամէնը նրանք վերցրին ու տարան Բաբելոն:
55․ Նրանք հրկիզեցին Տիրոջ տաճարը, քարուքանդ արեցին Երուսաղէմի պարիսպը, կրակի մատնեցին նրա աշտարակները, եւ հասաւ նրա բոլոր փառքերի վախճանը:
56․ Իսկ մնացածներին, սրի առաջ գցած, գերի տարան Բաբելոն:
57․ Սրանց եւ իրենց որդիները մնացին ստրկութեան մէջ մինչեւ պարսիկների թագաւորների ժամանակը, մինչեւ որ կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի բերանով.
58․ «Մինչեւ Տէրը բարեհաճի, որ թափուր այս երկիրը տօնի իր շաբաթները, ամբողջ ժամանակ այն պիտի լինի անապատ, պիտի լրանայ եօթանասուն տարին, որպէսզի շաբաթը տօն լինի նրա համար»: Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում լրանում էր Յուդայի եւ Բենիամինի ցեղերի գերութեան եօթանասուն տարին: Կիւրոսը ընդամէնը թագաւորեց երեսուն տարի: