ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕՔՈԶԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
(Դ Թագ. 8.25-29, 9.21-28)
1. Երուսաղէմի բնակիչները Յորամի փոխարէն գահ բարձրացրին նրա կրտսերագոյն որդուն՝ Օքոզիասին, քանզի նրա բոլոր աւագ եղբայրներին սպանել էին նրանց վրայ յարձակուած աւազակախմբերը, արաբները եւ ալիմազոնացիները: Թագաւոր դարձաւ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը:
2. Օքոզիասը թագաւոր դարձաւ, երբ քսաներկու տարեկան էր: Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Գոթողիա էր: Սա Ամրիի դուստրն էր:
3. Օքոզիասն ընթացաւ Աքաաբի տան ճանապարհով, քանզի նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր:
4. Օքոզիասը չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս արել էին Աքաաբի տան մարդիկ, քանի որ հօր մահից յետոյ նրան կործանելու համար նրանք էին դարձել իր խորհրդականները:
5. Նա առաջնորդուեց նրանց խորհուրդներով, Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքայ Ազայէլի դէմ պատերազմելու: Եւ աղեղնաւորները վիրաւորեցին Յորամին:
6. Յորամը վերադարձաւ Յեզրայէլ, որ բուժուի այն վէրքերից, որ ասորիները պատճառել էին Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքայ Ազայէլի դէմ: Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը եկաւ Յեզրայէլ, որ այցելի Աքաաբի որդի Յովրամին, որը հիւանդ էր:
7. Տիրոջ պատուհասը իջաւ Օքոզիասի գլխին այն ժամանակ, երբ սա գնացել էր Յորամի մօտ: Մինչ նա գնում էր, յարձակուեց Ամեսսիի որդի, Տիրոջից օծեալ Յէուի վրայ:
8. Երբ Յէուն վրէժ էր լուծում Աքաաբի տնից, տեսաւ, որ Յուդայի իշխանները՝ Օքոզիասի եղբօրորդիները, ծառայում էին Օքոզիասին, ուստի կոտորեց նրանց:
9. Նա հրամայեց փնտռել գտնել Օքոզիասին: Նրան բռնեցին Սամարիայում, ուր բուժւում էր: Նրան բերեցին Յէուի մօտ, որն սպանեց նրան: Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին, թէ նա որդին է Յոսափատի, որն իր ամբողջ սրտով ձգտում էր Տիրոջը: Եւ Օքոզիասի տան մէջ չգտնուեց մէկը, որ ձեռք առնէր թագաւորական իշխանութիւնը:
ԳՈԹՈՂԻԱՆ ՏԻՐԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆԸ
10. Օքոզիասի մայրը՝ Գոթողիան, երբ տեսաւ, թէ որդին մեռել է, վեր կացաւ ու կոտորեց Յուդայի տան ամբողջ թագաւորական սերունդը:
11. Արքայադուստր Յոսաբեթը, սակայն, գողացաւ Օքոզիասի որդի Յովասին արքայի կոտորուող որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին տեղաւորեց անկողինների սենեակում: Յոսաբեթը, որը Յորամ արքայի դուստրն էր, Օքոզիասի քոյրը եւ Յովիդայէ քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, ուստի սա չկարողացաւ սպանել նրան:
12. Նա վեց տարի նրա հետ թաքնուած մնաց Աստծու տանը: Գոթողիան վեց տարի թագաւորեց երկրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: