Գիրք` 15. Ա Եզրաս

Գլուխ 4

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԱՆՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ
   
1․ Երկրորդը, որ գրել էր թագաւորի զօրութեան մասին, սկսեց խօսել եւ ասաց.
2․ «Ո՛վ մարդիկ, մի՞թէ ճիշտ չէ, որ մարդիկ հզօրացել են, տիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կայ նրանց մէջ:
3․ Իսկ հզօր թագաւորը տիրում է ամբողջ երկրին եւ մարդկանց. ինչ որ նա ասում կամ հրամայում է, կատարում են անմիջապէս. նոյնիսկ եթէ հրամայի, որ ընկերը պատերազմի ընկերոջ դէմ, նրանք չեն համարձակուի զանց առնել թագաւորի խօսքը:
4․ Իսկ եթէ նրանց ուղարկի պատերազմելու թշնամիների դէմ, ապա նրանք իսկոյն կը գնան, կը պատրաստեն մարտական մեքենաներ, ամրութիւններ, պարիսպներ եւ աշտարակներ,
5․ կը սպանեն եւ կը մեռնեն, բայց չեն կարող զանց առնել թագաւորի հրամանը. իսկ եթէ յաղթեն, բոլոր բարիքները կը բերեն թագաւորի համար:
6․ Ոչ միայն պատերազմող զօրականները, այլեւ այն մշակները, որ հող են հերկում, ցանում են եւ հնձում, նրանք եւս իրենց բերքից բերում են թագաւորի համար. նաեւ հարկահանները, որոնք ստիպում են երկրի բնակիչներին, դարձեալ հարկ են հաւաքում թագաւորի համար:
7․ Թագաւորն է միայն, որ հզօր իշխան է բոլորի վրայ. եթէ հրամայում է սպանել, կը սպանեն, ապրեցնել՝ կ՚ապրեցնեն,
8․ կառուցել՝ կը կառուցեն, քանդել՝ կը քանդեն,
9․ եթէ հրամայում է տնկել՝ կը տնկեն:
10․ Չէ՞ որ ամբողջ երկիրը ենթակայ է թագաւորի ուժին եւ լսում է նրա հրամանը. արքան ինքը ինչ որ կամենում է, այն է անում. ինքը հանգիստ բազմում է, ուտում, խմում, քնում,
11․ մինչդեռ միւս բոլորը նրա շուրջը պատրաստ՝ պահպանում են նրան, լսում նրա հրամանները եւ չեն համարձակւում ըստ իրենց կամքի գնալ մի տեղ կամ մի բան անել, սիրտ չեն անում զանց առնել թագաւորի հրամանը:
12․ Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը թագաւորը չէ, որի հրամանի խօսքը լինում է այսքան հզօր, եւ նա իշխում է բոլորի վրայ»: Այս ասաց եւ լռեց:
   
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԱՆՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ
   

13․ Երրորդը, որ ասել էր կանանց զօրութեան եւ ճշմարտութեան մասին, Զորոբաբէլն էր: Նա սկսեց խօսել եւ ասաց.
14․ «Ո՛վ մարդիկ, եթէ մեծազօր է թագաւորը կամ բազմաթիւ այլ մարդիկ, կամ թէ զօրաւոր է գինին, ապա ո՞վ է, որ յաղթում եւ տիրում է բոլորին. կանայք չե՞ն արդեօք,
15․ քանզի նրանք են, որ ծնում են թագաւորներին. բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին ու ցամաքին, ծնուել են նրանցից:
16․ Կանայք են, որ ծնել եւ սնել են նաեւ այն մշակներին, որոնք այգիներ են տնկում եւ գինի ստանում դրանցից:
17․ Նրանք են, որ հագուստներ են պատրաստում տղամարդկանց համար, որոնցով զարդարւում եւ փառաւորւում են նրանք. տղամարդիկ էլ, առանց նրանց, չեն կարող լինել:
18․ Եթէ տղամարդիկ ոսկի, արծաթ եւ ամէն տեսակ բարիքներ էլ հաւաքելիս լինեն, տեսնելով մի գեղեցիկ կին՝ շրջւում են դէպի նա,
19․ բերանները բաց նայում եւ ամբողջ սրտով սիրում են նրան՝ ոսկուց, արծաթից եւ բոլոր բարիքներից առաւել:
20․ Տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը, որ ծնել ու սնել են իրեն, նաեւ իր երկիրը, գնում է կնոջ հետ,
21․ եւ հոգով այնպէս է միանում նրան, որ մինչեւ իսկ չի յիշում ո՛չ հօրը, ո՛չ մօրը եւ ո՛չ էլ իր երկիրը:
22․ Հէնց սրանից էլ արժէ, որ դուք իմանաք, թէ ձեր կանայք սիրում են ձեզ, քանզի այն ամէնը, ինչ դուք անում էք եւ վաստակում, բերում եւ տալիս էք ձեր կանանց:
23․ Եթէ մարդ իր սուրը վերցնելով՝ գնայ հեռու ճանապարհ, եւ ինչ-որ բան ձեռք բերի՝ աւազակութիւն անի կամ գողանայ, նաւարկի ծովով կամ գետերով,
24․ գազանների պատահի կամ անցնի խաւար տեղերով, երբ գողանայ, յափշտակի, անցնի բոլոր նեղութիւններից, ապա պիտի գայ եւ իր ամբողջ վաստակը պիտի բերի կնոջ համար,
25․ որովհետեւ մարդ կնոջն աւելի է սիրում, քան իր հօրն ու մօրը:
26․ Շատերն են իրենց խելքը կորցրել եւ իրենց կանանց պատճառով դարձել ծառաներ,
27․ շատերն են մատնուել կորստի, մեռել ու սպանուել, սխալուել ու ընկել մեծ մեղքերի մէջ՝ կանանց պատճառով:
28․ Հիմա դուք ինձ չէք հաւատում. ահա այդ մեծ թագաւորը. անձնիշխան է չէ՞ ինքը. մարդկանցից ամէն մէկը չի համարձակւում մօտենալ նրան:
29․ Բայց ես տեսել եմ, թէ ինչպէս թագաւորի հարճի աղջիկը, որ նստել էր թագաւորի աջ կողմում,
30․ թագաւորի գլխից վերցնելով թագը՝ դնում էր իր գլխին,
31․ ապտակում թագաւորին, բայց թագաւորը դրա համար չէր բարկանում, այլ բերանը բացած՝ նայում էր նրան. եթէ աղջիկը ծիծաղում էր, ինքն էլ էր ծիծաղում նրա հետ, եթէ նա տխրում էր, թագաւորը փաղաքշում էր, մինչեւ որ սփոփէր նրան:
32․ Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը կանայք չեն, որ անում են այս բոլորը»:
33․ Թագաւորն ու նրա մեծամեծները այդ ժամանակ սկսեցին նայել մէկը միւսին, ընկերն՝ ընկերոջը: Զորոբաբէլն սկսեց խօսել ճշմարտութեան մասին եւ ասաց.
34․ «Ո՛վ մարդիկ, ճիշտ չէ՞, որ կանայք են զօրաւոր. մեծ է երկիրը, բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, քանզի արշաւելով երկնքի կամարաձեւ խորանի միջով՝ մի օրուայ մէջ դարձեալ արագ սլանում եւ հասնում է իր տեղը:
35․ Արդեօ՞ք մեծ չէ Նա, որ ստեղծել է այս բոլորը: Արդարեւ, մեծ է ճշմարտութիւնը եւ ամէն ինչից զօրաւոր:
36․ Ամբողջ երկիրը ապաւինում է ճշմարտութեանը, երկինքը օրհնում է ճշմարտութիւնը, ամէն ինչ սասանւում եւ դողում է նրա առաջ. ճշմարտութեան մէջ անիրաւութիւն չկայ, ոչ մի անիրաւութիւն:
37․ Անիրաւ է գինին, անիրաւ է թագաւորը, անիրաւ են նաեւ կանայք, անիրաւ են բոլոր մարդկանց որդիները, անիրաւ են նաեւ նրանց բոլոր գործերը, ճշմարտութիւն չկայ նրանց մէջ, եւ իրենց անիրաւութեան մէջ էլ կը կորչեն իրենք:
38․ Իսկ ճշմարտութիւնը կայ, մնում է եւ զօրաւոր է յաւիտենապէս, կենդանի է նա, եւ նրա իշխանութիւնը՝ յաւիտենական:
39․ Աչառութիւն չկայ նրա մէջ, նա չի փոփոխւում երբեք, այլ միշտ հաստատում է արդարութիւնը, մերժում չարութիւնն ու անիրաւութիւնը. ճշմարտութեան բոլոր գործերը հաճելի են ամենքին:
40․ Անիրաւութիւն չկայ նրա դատաստանի մէջ. ճշմարտութիւնն է թագաւորների հզօրութիւնը, նրանց իշխանութիւնն ու նրանց մեծութիւնը: Օրհնեալ է ճշմարտութեան Տէր Աստուածը»:
41․ Այս խօսքն ասաց եւ լռեց: Այդ ժամանակ բոլոր հաւաքուածները բարձրաձայն աղաղակեցին եւ ասացին. «Մեծ է ճշմարտութիւնը, ե՛ւ յաղթող, ե՛ւ զօրաւոր»:
42․ Իսկ թագաւորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ուզում ես, եւ ես կը տամ գրուածից աւելին, քանզի դու բոլորից իմաստուն գտնուեցիր. դու կը նստես իմ երկրորդ աթոռին եւ կը կոչուես իմ ազգականը»:
43․ Այն ժամանակ Զորոբաբէլն ասաց թագաւորին. «Յիշի՛ր այն ուխտը, որ արեցիր Երուսաղէմը վերաշինելու մասին այն օրը, երբ թագաւոր դարձար:
44․ Դու ասացիր. «Երբ Կիւրոսը գրաւեց Բաբելոնը, գնաց եւ առանձնացրեց այնտեղ Երուսաղէմի կայքն ու սպասքը եւ ուխտ արեց վերադարձնելու Տիրոջ սպասքը:
45․ Նոյնպէս եւ դու, ո՛վ թագաւոր, ուխտեցիր շինել Տիրոջ տաճարը, որ այրեցին եդոմայեցիները, երբ քաղդէացիները Հրէաստանը անապատ դարձրին:
46․ Այժմ, ահա, աղաչում եմ քեզ, տէ՛ր իմ եւ թագաւո՛ր, խնդրում եմ քեզանից. այս մեծ պարգեւը շնորհի՛ր դու ինձ. սրա համար աղաչում եմ քեզ. կատարի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր երկնային թագաւորին, արա՛ այնպէս, ինչպէս խոստացար քո բերանով»:
   
ԴԱՐԵՀԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ՎԵՐԱՇԻՆԵԼ ԵՐՈՒՍԱՂԷՄՆ ՈՒ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԸ
   
47․ Այն ժամանակ Դարեհ թագաւորը վեր կացաւ եւ համբուրեց Զորոբաբէլին: Նրա համար թղթեր գրեց բոլոր գաւառապետներին, տեղերի կառավարիչներին, զօրապետներին եւ նախարարներին, որպէսզի նրանք ճանապարհ տան նրան, ինչպէս եւ նրանց, ովքեր նրա հետ էին՝ վերադառնալու եւ վերաշինելու Երուսաղէմը:
48․ Թագաւորը թուղթ գրեց նաեւ Ասորիքի, Փիւնիկէի եւ Լիբանանի կողմերի կառավարիչներին, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ առաքեն Երուսաղէմ եւ Զորոբաբէլի հետ վերաշինեն քաղաքը:
49․ Գրեց նաեւ բոլոր հրեաներին, որոնք Հրէաստան էին վերադառնում իր թագաւորութիւնից, նրանց ազատեց հարկերից եւ բոլոր զօրապետներին, նախարարներին, կառավարիչներին ու գաւառապետներին ասաց, որ ոչ ոք հարկի համար չմօտենայ նրանց դռներին,
50․ որ բոլոր այն վայրերում, ուր բնակւում են նրանք, հարկ չտան եւ լինեն ազատ, որ բոլոր եդոմացիները հրեաներին տան այն բոլոր գիւղերն ու վայրերը, որ վերցրել էին նրանցից,
51․ որ տաճարի շինութեան համար արքունիքից տան տարեկան քսան տաղանդ, մինչեւ որ տաճարը կառուցուի:
52․ Նաեւ ողջակէզների զոհասեղանի համար զոհեր տան բոլոր այն օրերին, ինչպէս գրուած է Օրէնքում, եւ անխափան մատուցեն եօթնորդներն ու տասանորդները, ինչպէս նաեւ՝ տարեկան տասը տաղանդ:
53․ Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Երուսաղէմ, թող վերաշինեն քաղաքը, ազատ լինեն եւ հարկ չվճարեն՝ թէ՛ իրենք ու իրենց տոհմերը եւ թէ՛ բոլոր քահանաները:
54․ նաեւ հրամայեց գրել, որ ամէն տեսակ մթերք եւ պատմուճան տան քահանաներին՝ Տիրոջ պաշտամունքը կատարելու համար:
55․ Գրեց, որ ղեւտացիներին ռոճիկ տան, մինչեւ որ աւարտուի Տիրոջ տաճարի շինութիւնը, եւ Երուսաղէմը վերաշինուի:
56․ Գրեց նաեւ, որ բոլոր նրանց, ովքեր պահպանում են քաղաքը, հողաբաժիններ տան եւ ռոճիկ:
57․ Նա Բաբելոնից ուղարկեց տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ առանձնացրել էր Կիւրոսը. եւ ամէն բան, որ ասել էր Կիւրոսը, Դարեհը նոյնն արեց եւ կատարեց ճշտութեամբ. Տիրոջ ամբողջ սպասքը տուեց, որ տանեն:
58․ Երբ Զորոբաբէլը դուրս եկաւ թագաւորի մօտից, ձեռքերը բարձրացրեց դէպի երկինք, դէպի Երուսաղէմի կողմը, օրհնեց երկնքի Տէր թագաւորին եւ ասաց.
59․ «Քեզանից է յաղթութիւնը, քեզանից է իմաստութիւնը եւ քեզ է վայել փառքը.
60․ ես քո ծառան եմ եւ օրհնում եմ քեզ, որ իմաստութիւն տուեցիր ինձ, ես գոհութիւն եմ մատուցում քեզ՝ մեր հայրերի Աստծուն»:
61․ Նա վերցրեց թղթերն ու գնաց: Եկաւ Բաբելոն, ամէն ինչ պատմեց իր եղբայրներին:
62․ Նրանք օրհնեցին իրենց հայրերի Աստծուն, քանի որ Տէրը նրանց ազատութիւն շնորհեց:
63․ Թոյլ տուեց գերութիւնից վերադառնալ եւ վերաշինել Երուսաղէմն ու Տիրոջ տաճարը, որն այդ քաղաքում կոչուեց իր անունով: Եւ եօթը օր նրանք մեծ ուրախութիւն արեցին ամէն տեսակ նուագարաններով: