ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՆԱՒԱԿԱՏԻՔԸ
1․ Այն ժամանակ Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների մեծ իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց ընկերները, որոնք արգելել էին տաճարի շինարարութիւնը, երբ ստացան Դարեհ թագաւորի հրամանը,
2․ սկսեցին վերահսկել եւ հոգ տանել գործի համար՝ գործակցելով հրեաների աւագների եւ քահանայապետների հետ:
3․ Գործը յաջողութեամբ առաջ էր ընթանում, մանաւանդ որ նրանց օգնում էին Անգէ եւ Զաքարիա մարգարէները:
4․ Եւ, ըստ Իսրայէլի Տէր Աստծու հրամանի եւ ըստ Կիւրոսի ու Դարեհի կամքի, աւարտուեց տաճարը:
5․ Դարեհ թագաւորի վեցերորդ տարում աւարտուեց սուրբ տաճարը, ադար ամսի քսանին, Դարեհի թագաւորութեան վեցերորդ տարում:
6․ Իսրայէլացիները, քահանաներն ու ղեւտացիները եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից, կատարեցին այդ գործը այնպէս, ինչպէս սահմանուած եւ հրամայուած էր Մովսէսի օրէնքների գրքում:
7․ Նրանք մատուցեցին Տիրոջ տան նաւակատիքի զոհերը. հարիւր արջառ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառ եւ
8․ ամբողջ Իսրայէլի մեղքերի համար՝ տասներկու նոխազ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի:
9․ Եւ, ըստ ազգերի, նշանակուեցին քահանաներ եւ ղեւտացիներ, որոնք երկար պարեգօտներ էին կրում Իսրայէլի Տէր Աստծու առաջ ծառայելու համար, ինչպէս հրամայուած էր Մովսէսի գրքում. եւ, ըստ իւրաքանչիւր դռան, նշանակեցին դռնապաններ:
10․ Իսրայէլացիները, որոնք վերադարձել էին գերութիւնից, Տիրոջ զատկի տօնը կատարեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը, որովհետեւ քահանաներն ու ղեւտացիները մաքրուել էին միասին,
11․ ինչպէս եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից:
12․ Մաքրուած ղեւտացիները մորթեցին Տիրոջ զատկի գառը գերութիւնից վերադարձած բոլոր իսրայէլացիների համար, իրենց եղբայրների, իրենց եւ քահանաների համար:
13․ Կերան գերութիւնից վերադարձած իսրայէլացիները եւ բոլոր նրանք, որ զատուել էին հեթանոսների պղծութիւններից՝ փնտռելով իրենց Տէր Աստծուն:
14․ Նրանք Բաղարջակերաց զատիկը կատարեցին եօթը օր եւ ուրախ եղան Տիրոջ առաջ,
15․ որովհետեւ Տէրը դէպի իրենց դարձրեց Ասորեստանի թագաւորի սիրտը եւ հզօրացրեց իրենց ձեռքը՝ Իսրայէլի Տէր Աստծու գործի համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: