ՅՈՒԴԻԹԸ ԳՆՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿԸ
1. Երբ Յուդիթն աւարտեց իր աղօթքը եւ վերջացրեց այս խօսքերը, ոտքի կանգնեց խոնարհուած դիրքից,
2. կանչեց իր նաժիշտին եւ իջաւ իր տունն, ուր անցկացնում էր շաբաթ օրերն ու տօն օրերը:
3. Իր վրայից նա հանեց քուրձը, որ հագել էր, հանեց իր այրիութեան զգեստը, ջրով լուաց իր մարմինը, օծեց անուշ իւղով, հիւսեց իր գլխի մազերը, իր ճակատին կապեց ապարօշը եւ հագաւ իր ուրախութեան զգեստը, որ հագնում էր իր ամուսնու՝ Մանասէի կենդանութեան ժամանակ:
4. Նա ոսկեզօծ կօշիկներ հագաւ, իր ձեռքերին ապարանջաններ եւ իր պարանոցին մեծագին քարերով ընդելուզուած մանեակ անցկացրեց, մատանիներ՝ իր մատներին եւ իր գլխին՝ գլխազարդ: Նա զարդարուեց իր ամէն տեսակ զարդերով, է՛լ աւելի գեղեցկացաւ՝ իր դէմքի սիրունութեամբ խաբելու, գայթակղելու համար նրանց, ովքեր կը տեսնեն իրեն:
5. Մախաղը տուեց իր աղախնին եւ այն լցրեց փոխինձով, չոր թուզով, ընտիր հացով, վերցրեց խսիրապատ գինու ամանը, իւղի սրուակը: Այս բոլորը մաքրեց ու դրեց, ըստ իրենց սովորութեան, եւ տուեց իր աղախնին:
6. Նրանք եկան Բետիղուա քաղաքի դարպասի մօտ ու այնտեղ տեսան Օզիային, որ դարպասի մօտ էր, եւ նրա հետ՝ քաղաքի միւս քահանաներին՝ Քաբրինին ու Քարմինին:
7. Երբ նրանք տեսան Յուդիթին, որ փոխել էր իր երեսի գեղեցկութիւնը եւ իր զգեստը, նրանք շատ զարմացան նրա գեղեցկութեան վրայ
8. եւ ասացին նրան. «Թող Աստուած, մեր հայրերի Աստուածը քեզ շնորհ տայ եւ կատարի քո սրտի ուզածը՝ ի ցնծութիւն եւ յուրախութիւն իսրայէլացիների եւ ի փառս Երուսաղէմի»: Եւ նրանք երկրպագեցին Աստծուն: Յուդիթը նրանց ասաց.
9. «Հրամայեցէ՛ք, որ ինձ համար բացեն քաղաքի դարպասները, որպէսզի ես դուրս գամ կատարելու այն, ինչ ասացիք ինձ»: Նրանք հրամայեցին դռնապաններին բացել եւ, ինչպէս ասել էին, այնպէս էլ արեցին:
10. Յուդիթն իր աղախնի հետ դուրս եկաւ: Քաղաքի մարդիկ նայում էին նրա յետեւից, մինչեւ նա անցաւ լերան յետեւը, մինչեւ անցաւ հովտի կիրճը, եւ ապա այլեւս չտեսան նրան:
11. Նրանք գնում էին հովտի կիրճով, ուղիղ ճանապարհով: Նրանք հանդիպեցին ասորեստանցի պահապանների,
12. որոնք բռնեցին նրանց, հարցրին ու ասացին. «Ո՞ր ցեղից ես դու, որտեղի՞ց ես գալիս, ո՞ւր ես գնում»: Յուդիթը նրանց ասաց. «Ես եբրայեցիների դուստրն եմ եւ փախչում եմ նրանցից, որովհետեւ նրանք ձեզ կեր են դառնալու:
13. Ես եկել եմ ձեր զօրքերի իշխան Հողոփեռնէսի առջեւ կանգնելու՝ նրան ճշմարիտ բաներ պատմելու եւ նրան ցոյց տալու համար այն ճանապարհը, որով կը գնայ եւ կը գրաւի ամբողջ լեռնակողմը, ու նրա զօրքից ոչ մէկին վնաս չի լինի»:
14. Երբ մարդիկ լսեցին Յուդիթի խօսքերը, նրանք նայեցին նրա երեսին, նա խիստ գեղեցիկ երեւաց իրենց, եւ ասացին նրան.
15. «Դու այսօր փրկեցիր քո անձը. արդ, շտապի՛ր իջնել՝ տեսնելու մեր տիրոջ երեսը, մեզ հետ կը գնաս նրա վրանը, մենք քեզ կը յանձնենք նրա ձեռքը.
16. երբ կանգնես նրա առջեւ, քո սրտի մէջ մի՛ վախեցիր, այլ դու նրան կը պատմես ըստ քո այն խօսքերի, որ ասացիր, եւ նա քեզ բարիք կ՚անի»: Նրանք իրենց միջից ընտրեցին հարիւր մարդ, ուղարկեցին նրանց հետ, որոնք նրանց տարան Հողոփեռնէսի վրանը: Ամբողջ բանակին նրանք պատմեցին նրա գեղեցկութեան ու գալու մասին: Բոլորը գալիս էին նրան տեսնելու, մինչ նա կանգնած էր Հողոփեռնէսի վրանից դուրս, իսկ ներսում նրա մասին պատմում էին Հողոփեռնէսին:
17. Նրանք խիստ զարմանում էին նրա գեղեցկութեան վրայ ու բոլոր իսրայէլացիների վրայ:
18. Իւրաքանչիւր ոք իր ընկերոջն ասում էր. «Արդ, ո՞վ կարող է չար բան մտածել այս ազգի մասին, որ այսպիսի գեղեցիկ կանայք ունի: Նրանց տղամարդիկ չպէտք է ապրեն, որպէսզի նրանց աղջիկները մեզ կին լինեն, քանի որ, եթէ ապրեն, վնաս կը տան ամբողջ երկրին»: Հողոփեռնէսի սպասաւորները եւ նրա բոլոր ծառաները դուրս եկան եւ Յուդիթին տարան վրան:
19. Հողոփեռնէսը նստել էր իր գահոյքին, որը շուրջանակի ծածկուած էր վարագոյրով, ընդելուզուած էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով: Երբ նա լսեց Յուդիթին, դուրս եկաւ վրանի սրահը ջահերով եւ արծաթեայ լապտերներով, որովհետեւ գիշեր էր:
20. Եւ երբ Հողոփեռնէսը նրան տեսաւ, զարմացաւ նրա գեղեցիկ տեսքի վրայ: Յուդիթը խոնարհուելով մինչեւ գետին՝ երկրպագեց Հողոփեռնէսին, իսկ նրա ծառաները կանգնեցրին նրան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: