ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ՅՈՎՆԱԹԱՆԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ
1․ Հարիւր վաթսուն թուականին անտիոքացի Ալեքսանդր Եպիփանը գնաց ու գրաւեց պտղոմէացիների քաղաքը: Ընդունեցին նրան, եւ նա այնտեղ թագաւորեց:
2․ Երբ Դեմետրիոս արքան լսեց, բազմաթիւ զօրք հաւաքեց, վեր կացաւ, որ պատերազմի նրա դէմ:
3․ Եվ Դեմետրիոսը խաղաղութեան առաջարկով նամակ ուղարկեց Յովնաթանին, կարծես թե ցանկանում էր մեծարել նրան:
4․ «Շտապեցէ՛ք, - ասաց, - նրա հետ խաղաղութեան դաշինք կնքել, քանի դեռ Ալեքսանդրը նրանց հետ դաշինք չի կնքել ընդդէմ մեզ:
5․ Ես գիտեմ, նա կը յիշի իր դէմ, իր եղբայրների ու իր ազգի դէմ մեր կատարած չարագործութիւնները»:
6․ Եւ Դեմետրիոսը նրան իրաւունք տուեց զօրք հաւաքելու, սպառազինուելու, որպէսզի նա դառնայ իր նիզակակիցը, իսկ ամրոցում գտնուող պատանդներին հրամայեց յանձնել նրա ձեռքը:
7․ Յովնաթանն եկաւ Երուսաղէմ: Նա նամակը կարդաց ամբողջ ժողովրդի առաջ եւ նրանց առաջ, ովքեր բերդում էին:
8․ Նրանք խիստ վախեցան, որովհետեւ լսեցին, թէ արքան նրան իրաւունք է տուել զօրք հաւաքելու:
9․ Բայց պատանդներին բերեցին ու յանձնեցին նրան, իսկ նա նրանց յանձնեց իրենց ընտանիքներին:
10․ Յովնաթանը բնակուեց Երուսաղէմում, սկսեց բարեկարգել ու նորոգել քաղաքը:
11․ Նա պարսպի շինարարութեան վրայ աշխատողներին ասաց. «Շինեցէ՛ք այդ պարիսպը եւ պատեցէ՛ք Սիոն լերան շուրջը քառանկիւն որձաքարերով»: Այդպէս էլ արեցին:
12․ Այն ժամանակ Բաքիդէսի կառուցած բերդում ապրող այլազգիները փախուստի դիմեցին:
13․ Նա ամէն մէկին թողեց իր տեղում, իսկ ինքը գնաց իր հայրենի երկիրը:
14․ Բեթսորում մնացել էին Օրէնքին ու հրամաններին չենթարկուող մի քանի մարդիկ, որովհետեւ դա նրանց ապաստարանն էր:
15․ Երբ Ալեքսանդր արքան լսեց այն խոստումները, որ Դեմետրիոսը տուել էր Յովնաթանին, եւ պատմեցին նրան այն պատերազմի մասին, որ նա քաջաբար մղել էր իր եղբայրների հետ, եւ այն տանջանքները, որ նա կրել էր, ասաց.
16․ «Մի՞թէ երբեւէ կարող ենք գտնել այսպիսի մի տղամարդ: Եկէք նրան դարձնենք մեր բարեկամն ու օգնականը»:
17․ Նա հրամայեց նրանց հրովարտակ ուղարկել հետեւեալ խօսքերով.
19․ Քո մասին լսել ենք, թէ քաջ տղամարդ ես, եւ արժանի է, որ լինես մեր բարեկամը:
20․ Արդ, մենք քեզ այսօր նշանակում ենք քո ազգի քահանայապետ եւ քեզ կոչում ենք արքայի բարեկամ (եւ հրամայեց նրա համար տանել ոսկէ պսակ ու ծիրանիներ): Արդ, հաստատո՛ւն մնա մեր դաշինքի վրայ եւ պահպանի՛ր մեր նկատմամբ ունեցած քո հաւատարիմ բարեկամութիւնը: Ո՛ղջ եղիր»:
21․ Յովնաթանը հագաւ այդ ընտիր պատմուճանը: Հարիւր վաթսուն թուականին, տաղաւարահարաց տարեկան տօնի ժամանակ զօրք հաւաքեցին, սպառազինուեցին եւ ուրախութիւններ կատարեցին:
ՀՐԵԱՆԵՐԸ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
22․ Այս բաները լսելով՝ Դեմետրիոսը խիստ տրտմեց
23․ ու ասաց. «Այս ի՞նչ արեցինք, ինչո՞ւ մենք նրանց չդարձրինք մեզ օգնական: Ալեքսանդրը կանխեց մեզ, նրանց հետ խաղաղութեան դաշինք կնքեց եւ Հրէաստանը հաստատապէս իր ձեռքն առաւ:
24․ Արդ, եկէք մենք էլ նրանց գրենք ողջոյնի ու մեծարանքի խօսքեր, պարգեւներ խոստանանք, որպէսզի նրանք դառնան մեր օգնականները»:
25․ Եւ նա նրանց հրովարտակ ուղարկեց հետեւեալ խօսքերով. «Դեմետրիոս արքայից ողջո՜յն հրեայ ազգին:
26․ Քանի որ դուք պահպանեցիք մեզ հետ կնքած ուխտն ու դաշինքը, շարունակեցիք մնալ մեր բարեկամը, թշնամիներին աջակից չեղաք, մենք, լսելով այդ, ուրախ եղանք:
27․ Արդ, շարունակեցէ՛ք, պահպանեցէ՛ք մեր նկատմամբ ունեցած հաւատարմութիւնը,
28․ եւ մենք դրա փոխարէն բազում բարեգործութիւններով կը հատուցենք ձեզ, բազմաթիւ պարգեւներ կը տանք:
29․ Ձեզ ազատ կ՚արձակենք, բոլոր հրեաներին կ՚ազատենք տուրքերից, աղի ու պսակի, սերմի երրորդ բաժին հարկերից,
30․ իսկ ինձ պատկանող հանրային այգիներն ու ծառերը այսօրուանից սկսած եւ յետագայում կը թողնեմ ձեզ:
31․ Երուսաղէմը թող մնայ սուրբ ու նուիրական իր շրջակայ սահմաններով: Տասանորդից վերցրած մաքսը վերացնում ենք ձեզանից:
32․ Միջնաբերդի իշխանութիւնը յանձնում ենք քահանայապետին: Դա պահպանելու համար նա թող այնտեղ կարգի այն մարդկանց, որոնց ինքը կ՚ընտրի:
33․ Հրէաստանից իմ թագաւորութեան երկրները բերուած ամէն մի գերի հրեայ առանց փրկագնի՝ ձրի թող ազատ արձակուի: Թող վերանան նրանց [հասույթի ու գրաստի] հարկերը:
34․ Իմ թագաւորութեան մէջ գտնուող բոլոր հրեաները տարեկան բոլոր տօներին, շաբաթ օրերին, ամսուայ սկզբներին, տօնին նախորդող եւ տօնին յաջորդող երեք օրերին հարկ թող չվճարեն:
35․ Ոչ ոք թող չյանդգնի որեւէ մէկին պահանջ ներկայացնել կամ որեւէ մէկին նեղել իմ բոլոր գործերի պատճառով:
36․ Անդրանիկ զաւակները թող մտնեն արքունի զօրքի մէջ, նրանց թիւը թող լինի մինչեւ վեց հարիւր հազար 502: զօրական, եւ նրանք ըստ օրէնքի պարգեւներ թող ստանան արքունի առաջին զօրքի մեծամեծներին հաւասար:
37․ Ովքեր հաւատարիմ են, դարձեալ նրանցի՛ց թող նշանակուեն արքունի պաշտօնեաներ, նրանք թող դառնան իշխաններ ու վերակացուներ, նրանք թող առաջնորդուեն այն օրէնքներով, որ արձակել է արքան Հրէաստանում:
38․ Նախկինում Հրէաստանին պատկանող երեք գաւառները Սամարացիների երկրից թող վերադարձուի Հրէաստանին, եւ երկուսի համար թող գործի մէկ օրէնք, որ ուրիշը չկարողանայ իշխել նրանց վրայ, այլ՝ քահանայապետը:
39․ Պտղոմէացիների քաղաքը թող պարգեւ տրուի Երուսաղէմում գտնուող սրբարանին, որպէսզի հոգացուեն սրբարանի համար յատկացուող ծախսերը:
40․ Ամէն տարի ես արքունի գանձարանից կը տամ տասնհինգ հազար կշիռ արծաթ, որոնք կը ստացուեն ինձ ենթակայ վայրերից:
41․ Այն մթերքը, որ կը պակասի, եւ իրենք չեն կարողանայ ձեռք բերել, արքունիքից կը տրուի, ինչպէս եղել է առաջին սերունդների ժամանակ:
42․ Դրանք սրանից յետոյ թող տրուեն արքունի միջոցներից: Բացի այդ, սրբարանի եկամուտներից ամէն տարի գանձուող հինգ հազար կշիռ արծաթը զեղչում եմ, որովհետեւ դա պէտք է քահանաներին ու պաշտօնեաներին:
43․ Ով արքունիքին պարտք ունենալու պատճառով կը ցանկանայ փախչել ու մտնել Երուսաղէմի տաճարը, կամ ով դրա սահմաններում է գտնւում, թող ներում ստանայ: Նրանք թող ազատ արձակուեն:
44․ Սուրբ շինութիւններից ամէն ինչ, որ աւերուած-կործանուած կը լինի, թող կառուցուի ու նորոգուի, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից:
45․ Թող կառուցեն Երուսաղէմի պարիսպը, չորս կողմը թող ամրացնեն, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից: Թող կառուցուեն Հրէաստանի բոլոր բերդապարիսպները»:
ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ՄԱՀԸ
46․ Երբ Յովնաթանն ու ժողովուրդը լսեցին այս բանը, երբեք չհաւատացին ու չընդունեցին նրանց, որովհետեւ յիշեցին Երուսաղէմում նրանց կատարած մեծամեծ չարագործութիւնները, նրանց պատճառած նեղութիւնները:
47․ Նրանք գերադասեցին Ալեքսանդրի հետ հաշտութիւնը, որովհետեւ նախ նա էր խաղաղութիւն առաջարկողը, իրենք նրա նիզակակիցներն էին, եւ նա իրենց օգնականն էր եղել իրենց կեանքի բոլոր օրերում:
48․ Ալեքսանդր արքան զօրաժողով արեց, բազմաթիւ զօրքեր հաւաքեց, որ գայ, պատերազմ տայ Դեմետրիոսի դէմ:
49․ Երկու թագաւորները եկան միմեանց բախուեցին, եւ Դեմետրիոսի զօրագունդը փախուստի դիմեց: Ալեքսանդրը հետապնդեց նրանց.
50․ ճակատամարտը սաստկացաւ մինչեւ արեւի մայր մտնելը: Այդ օրն այդտեղ, Ալեքսանդրի առաջ սպանուեց Դեմետրիոսը: Հարուածեցին, հալածեցին եւ նոյն օրն էլ ամէն ինչ աւարտի հասցրին:
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ՊՏՂՈՄԷՈՍ Զ-Ի ԴՍՏԵՐ ՀԵՏ
51․ Ալեքսանդրը Եգիպտացիների երկիր՝ Պտղոմէոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց եւ հետեւեալը պատուիրեց. «Թող յայտնի լինի քեզ, ո՜վ արքայ Եգիպտոսի,
52․ որ ես տէր դարձայ իմ տէրութեանը, ես նստեցի իմ հայրերի գահին, իշխանութիւնը վերցրի իմ ձեռքը, հարուածեցի ու վանեցի Դեմետրիոսին իր զօրքով հանդերձ եւ վերանուաճեցի իմ երկիրը:
53․ Պատերազմում հարուածեցի ու վանեցի նրան ու իր զօրքերը, նստեցի նրա թագաւորական գահին:
54․ Արդ, ե՛կ միմեանց միջեւ խաղաղութիւն հաստատենք. դու քո դստերն ինձ կնութեա՛ն տուր, որ նա ինձ արժանի կին լինի, իսկ ես էլ՝ քո արժանի փեսան»:
55․ Եգիպտացիների արքան պատասխան տուեց ու ասաց. «Բարի է այն օրը, երբ դու վերադարձար քո նախնիների երկիրը եւ նստեցիր քո հայրերի արքայական գահին:
56․ Ես պատրաստ եմ յօժար կամքով անել այն ամէնը, ինչ դու գրել ես ինձ: Եկ հանդիպենք իրար պտղոմէացիների քաղաքում, տեսնենք միմեանց, եւ քեզ իմ փեսան դարձնեմ, ինչպէս որ դու ես ասել»:
57․ Պտղոմէոս արքան ելաւ Եգիպտացիների երկրից հարիւր վաթսուներկու թուականին եւ իր Կլէոպատրա դստեր հետ եկաւ պտղոմէացիների քաղաքը:
58․ Երկու թագաւորները հանդիպեցին միմեանց, եւ Պտղոմէոսը իր Կլէոպատրա դստերը տուեց նրան: Պտղոմէացիների քաղաքում հարսանիք արեցին մեծ ճոխութեամբ ու մեծ շուքով, ինչպէս վայել է թագաւորներին:
59․ Ալեքսանդրը Յովնաթանին հրովարտակ ուղարկեց, որ սա գայ իր մօտ:
60․ Յովնաթանը մեծ շուքով գնաց պտղոմէացիների քաղաքը, երկու թագաւորներին հանդիպելով մեծամեծ նուէրներ տուեց եւ ինքն էլ նրանցից նուէրներ ստացաւ:
61․ Երուսաղէմի անօրէն մարդիկ հաւաքուեցին, որպէսզի ամբաստանեն նրան, սակայն թագաւորը նրանց չլսեց:
62․ Արքան հրամայեց հանել Յովնաթանի զգեստները. նրան հագցրին ծիրանի զգեստներ. արքան նրան նստեցրեց իր կողքը
63․ եւ ասաց իշխաններին. «Կը գնաք նրա հետ, բոլոր քաղաքներում կը յայտնէք իմ հրամանը, որ ոչ ոք չյանդգնի ամբաստանել նրան, եւ ոչ ոք չնեղացնի նրան ոչ մի բանով»:
64․ Երբ չարագործները տեսան նրա նկատմամբ ցուցաբերուած պատիւը, լսեցին հրամանի խօսքերը եւ տեսան ծիրանի զգեստները, բոլորը փախան, թաքնուեցին, անհետացան:
65․ Թագաւորը պատիւ տուեց նրան առաջին բարեկամների հետ հաւասար, նրան նշանակեց սպարապետ եւ կուսակալ:
66․ Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ՝ լցուած ուրախութեամբ ու խաղաղութեամբ:
ԱՊՈԼՈՆԻՈՍԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ ԵՒ ՆՐԱ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
67․ Հարիւր վաթսունհինգ թուականին Դեմետրիոսի որդի Դեմետրիոսը կրետացիների կողմերից եկաւ իր հայրերի երկիրը:
68․ Ալեքսանդրը խիստ տրտմեց ու այնտեղից վերադարձաւ անտիոքացիների քաղաքը:
69․ Դեմետրիոսն այնտեղ նշանակեց Ապոլոնիոսին, որն առաջ Ստորին Ասորիքի վերակացուն էր: Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, եկաւ, բանակ դրեց Յամնիայի շրջակայքում: Նա Յովնաթան քահանայապետի մօտ մարդ ուղարկեց, որ ասի հետեւեալը.
70․ «Դու ես միայն, որ գլուխդ բարձրացրել, գոռոզացել ես մեզ վրայ, իսկ ես քո պատճառով նախատինքի ու ծաղրի եմ ենթարկուել: Ի՞նչ ես փքուել ու նստել քո լեռներում:
71․ Արդ, եթէ յոյսդ քո զօրքի վրայ է, ե՛կ, իջի՛ր դաշտ, մեզ մօտ, հանդիպենք միմեանց, որովհետեւ ես էլ այստեղ ինձ հետ քաղաքի զօրք ունեմ:
72․ Արդ, հարցրո՛ւ, փորձի՛ր, տե՛ս, թէ ով եմ ես, կամ ովքեր են մեր օգնականները. նրանք քեզ կ՚ասեն. «Դու մեզ հետ կռիւ անել չես կարող, որովհետեւ ձեր հայրերին իրենց իսկ երկրում երկու անգամ պարտութեան ենք մատնել մենք»:
73․ Արդ, դու չես կարող դիմադրել այսքան հեծելազօրին այս դաշտում, ուր թաքնուելու համար ո՛չ թուփ կայ, ո՛չ փախուստի տեղ, ո՛չ ապաւինելու ժայռ եւ ո՛չ էլ նետելու քար»:
74․ Երբ Ապոլոնիոսի այս խօսքերը լսեց Յովնաթանը, բարկացաւ իր մտքում, անմիջապէս ոտքի ելաւ, իր զօրքից ընտրեց մօտ տասը հազար ընտիր զինուոր եւ դուրս եկաւ Երուսաղէմից: Նրան ընդառաջ եկաւ իր եղբայր Շմաւոնը՝ օգնելու նրան:
75․ Նրանք եկան հասան յոպպէացիների քաղաքը: Քաղաքացիները դռները փակեցին նրանց դէմ, որովհետեւ Ապոլոնիոսը սրանց վրայ պահապան ոստիկաններ էր նշանակել: Նրանք յարձակուեցին, պատերազմ մղեցին քաղաքի դէմ:
76․ Քաղաքի բնակիչները վախից բաց արեցին քաղաքի դռները, եւ նրանք մտան ու գրաւեցին քաղաքը:
77․ Երբ դա լսեց Ապոլոնիոսը, պատրաստութիւն տեսաւ, իր հետ վերցրեց երեք հազար սպառազէն մարդ ու բազմաթիւ այլ զօրքեր,
78․ գնաց Ազոտի կողմերը, իբր պիտի անցնէր դաշտի մօտով, մինչդեռ նա ուղիղ գնում էր դէպի դաշտավայրը, որովհետեւ վստահ էր իր հեծելազօրի վրայ: Յովնաթանը հետապնդեց նրան, որպէսզի ճակատամարտ տայ:
79․ Ապոլոնիոսը նրա հետքերով դարան էր դրել հազար հեծեալ:
80․ Յովնաթանն իմացաւ, որ իր համար դարան են դրել, ուստի եկաւ, փակեց, պաշարեց դարանակալների ամրոցը եւ դրա շուրջը պատնէշ կառուցեց: Դրանց պաշարուած էին պահում առաւօտից մինչեւ երեկոյ, ինչպէս հրամայել էր նրանց Յովնաթանը:
81․ Հեծեալները յոգնեցին, տանջուեցին ու թուլացան:
82․ Շմաւոնն իր գնդով բռնեց գաղտնի ճանապարհը, եկաւ կանգնեց ձորակի գլխին ու յարձակուեց նրանց վրայ: Քանի դեռ սրանք թուլացած էին ու յոգնած, յարձակուեց սրանց վրայ, շատերին սպանեց հէնց դարանում,
83․ հեծելազօրից շատերին դաշտի վրայ փախուստի մատնեց ու հալածեց մինչեւ Ազոտի կողմերը: Նա այնպիսի իրարանցում գցեց սրանց մէջ, որ փախստականները եկան Դագոնի մեհեանում պատսպարուելու:
84․ Յովնաթանն իր զօրքով եկաւ, պաշարեց Դագոնի մեհեանն ու ազոտացիների քաղաքը եւ աւարի մատնեց դրա շրջակայքի քաղաքները, հրկիզեց Դագոնի մեհեանն այնտեղ պատսպարուողներով հանդերձ:
85․ Սրից ընկածների ու այրուածների թիւը հասաւ մօտ ութ հազարի:
86․ Յովնաթանն այնտեղից շարժուեց գնաց ու բանակ դրեց Ասկաղոնի կողմերում: Այդ քաղաքից մարդիկ ընդառաջ եկան նրան եւ պատիւներ մատուցեցին:
87․ Յովնաթանն իր զօրագնդով վերադարձաւ Երուսաղէմ հարուստ աւարով, որովհետեւ կողոպտել ու յափշտակել էր բազում թշնամիների:
88․ Երբ դա լսեց Ալեքսանդրը, առաւել եւս սկսեց փառաւորել Յովնաթանին:
89․ Նրան ուղարկեց ոսկէ ճարմանդ, որ աւանդաբար տալիս էին թագաւորի եղբայրներին, եւ, իբրեւ ժառանգութիւն, նրան տուեց Ակկարոնն իր բոլոր սահմաններով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: