ՅՈՒԴԻԹԸ ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ԱՌՋԵՒ
1. Հողոփեռնէսը նրան ասաց. «Արիացի՛ր, ո՜վ կին եւ մի՛ վախեցիր, որովհետեւ ես չեմ չարչարում ոչ մի մարդու, ով կամենում է ծառայել Նաբուքոդոնոսոր արքային, որը տիրում է այս ամբողջ երկրին:
2. Արդ, քո այդ ժողովուրդը, որ բնակւում է լեռնակողմում, եթէ չապստամբէր իմ դէմ, ես նիզակ չէի բարձրացնի դրանց վրայ, բայց դրանք այս բանն իրենք իրենց արեցին:
3. Արդ, դու ինձ ասա, թէ ինչո՛ւ ես փախել նրանցից եւ եկել ես մեզ մօտ. քաջալերուի՛ր, որովհետեւ եկել ես փրկուելու համար, կենդանի կը մնաս թէ՛ այս գիշեր եւ թէ՛ քո բոլոր օրերին: Քեզ ոչ ոք չի վնասի, այլ լաւ կը վարուեն քեզ հետ, ինչպէս վարւում են իմ տիրոջ՝ Նաբուքոդոնոսորի ծառաների հետ»:
4. Յուդիթը ասաց նրան. «Թո՛յլ տուր, որ քո աղախինը խօսի քո առջեւ. ես այս գիշեր ոչ մի սուտ բան չեմ ասի իմ տիրոջը: Եթէ հետեւես եւ լսես քո աղախնի խօսքերը, Աստուած քո միջոցով մեծ գործ կը կատարի, եւ քո գործն իզուր չի անցնի:
5. Թող ապրած կենայ Նաբուքոդոնոսորը՝ բովանդակ երկրի արքան, եւ ապրած կենայ նրա զօրութիւնը, որ քեզ ուղարկեց՝ ուղղութիւն տալու ամէն մարդու, որովհետեւ քո ձեռքով ոչ միայն մարդիկ են ծառայում նրան, այլեւ՝ վայրի գազանները, անասունները եւ երկնքի թռչունները. քեզնով են ապրելու Նաբուքոդոնոսորն ու նրա ամբողջ տունը:
6. Արդարեւ, մենք լսեցինք քո իմաստութեան ու քո հոգու մեծութեան մասին, որ պատմւում է ամբողջ երկրում, որովհետեւ միայն դու ես բարերարը նրա բովանդակ թագաւորութեան մէջ, դու հզօր ես խօսքով ու սքանչելի՝ պատերազմող զօրականների մէջ:
7. Արդ, այն խօսքերը, որ Աքիորն ասել է ժողովում, քո սենեակի մէջ, մենք էլ լսեցինք, որովհետեւ Բետիղուայի մարդիկ խնայեցին նրան, եւ նա պատմեց բոլորը, ինչ ասել էր քեզ: Արդ, տէ՛ր, այժմ նրա խօսքերը մի՛ անտեսիր, այլ հաստատի՛ր քո սրտում, որովհետեւ դրանք ճշմարիտ են,
8. քանզի ոչ ոք չի կարող չարչարել մեր ազգը, եւ ոչ էլ թշնամու սուրը կը վնասի մեզ, եթէ նրանք չմեղանչեն իրենց Աստծու դէմ:
9. Եւ արդ, թող չվնասուես, տէ՛ր իմ, դու եւ քո զօրքը, որովհետեւ հասել է նրանց մահուան ժամը այն մեղքերի պատճառով, որ գործեցին իրենց Աստծու դէմ, քանզի նրանք անիրաւութեան մեծ մեղք գործեցին:
10. Պակասեց նրանց ջուրն ու կերակուրը,
11. նրանք մտածեցին եւ իրենց ձեռքը երկարեցին [թե] այն անասունների վրայ, որ հրամայուած չէր ուտել իրենց Աստծու կողմից,
12. [Եւ թե այն] ցորենի բերքի, գինու եւ իւղի տասանորդի վրայ, որոնք սրբագործուած էին քահանաների կողմից, [որոնք] մեր Աստծու սպասաւորներն են Երուսաղէմում: Նրանք սկսեցին ուտել դրանք, որ ոչ ոք իրաւունք չունէր ուտելու, բացի միայն քահանաներից: Նրանք Երուսաղէմ մարդիկ ուղարկեցին, որպէսզի, ովքեր այնտեղ են, այսպէս անեն: [Որպեսզի] նրանց թողութիւն [լինի] Աստծու կողմից քահանաների ձեռքով: Եւ արդ, երբ նրանք այս մեղքը գործեցին, մահուան պիտի մատնուեն:
13. Ահա թէ ինչու, ես՝ քո աղախինը, երբ այս իմացայ, նրանցից փախայ: Աստուած 484ինձ ուղարկեց քեզ հետ մեծ գործ կատարելու, որից ամբողջ երկիրը պիտի զարմանայ՝ ով էլ որ մի անգամ լսի այդ մասին,
14. որովհետեւ քո աղախինը աստուածապաշտ է եւ գիշեր ու ցերեկ աղաչում է երկնքի Տէր Աստծուն: Իսկ արդ, ես թող քեզ մօտ մնամ, տէ՛ր իմ, քո աղախինը թող այս գիշեր դուրս գայ հովտի կիրճը, թող ես աղօթեմ իմ Տէր Աստծուն, եւ երբ մեղանչեն իր դէմ, նա կը յայտնի ինձ:
17. Ես կը գամ ու կը պատմեմ քեզ, դու քո ամբողջ զօրքի հետ միասին դուրս կը գաս, նրանցից ոչ մէկը չի փրկուի քեզանից: Ես քեզ կը տանեմ Հրէաստանի միջով, քեզ կը տանեմ մինչեւ Երուսաղէմ, եւ դու քո աթոռը կը հաստատես նրա մէջ, նրանց կը հաւաքես հօտի նման, որ չունի հովիւ, եւ ոչ մի շուն իր լեզուով չի հաչի քո դէմ: Ինձ յայտնուեց, որ այս բանը լինելու է Աստծուց, ու ես եկայ՝ ցոյց տալու քեզ»:
18. Յուդիթի խօսքերը հաճելի թուացին Հողոփեռնէսին եւ նրա բոլոր ծառաներին: Զարմանում էին նրա իմաստութեան վրայ եւ ասում.
19. «Սրա նման գեղեցիկ կին չկայ երկրի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը՝ իր խօսքի իմաստութեամբ եւ իր դէմքի գեղեցկութեամբ»:
20. Հողոփեռնէսը նրան ասաց. «Աստուած բարիք գործեց, որ քեզ ուղարկել է՝ առաջնորդելու այս ժողովրդին, որպէսզի հզօրանայ մեր տէրութիւնը, եւ ովքեր ապստամբեցին մեր դէմ՝ կորչեն 485: Արդ, տեսնում եմ, որ դու կայտառ ես, եւ բարի են քո բոլոր խօսքերը:
21. Եւ եթէ Աստուած այնպէս անի, ինչպէս ասացիր, ապա քո Աստուածը նաեւ իմ Աստուածը կը լինի. դու կը նստես Նաբուքոդոնոսորի տանը եւ անուանի կը լինես ամբողջ երկրում»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: