Գիրք` 19. Յուդիթ

Գլուխ 12

ՅՈՒԴԻԹԸ ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿՈՒՄ
   

1. Հողոփեռնէսը հրամայեց տանել նրան ճաշասենեակ, հրամայեց, որ նա օգտուի իր սեղանի կերակուրներից եւ այնտեղի գինուց, որ ինքն էր խմում:
2. Յուդիթը նրան ասաց. «Ես դրանցից չեմ ուտի, որպէսզի ինձ համար գայթակղութիւն չլինեն, այլ հրամա՛ն տուր ուտել այն, ինչ բերել են այն քաղաքից ինձ համար»:
3. Հողոփեռնէսը նրան ասաց. «Եթէ այն պակասի, քեզ որտեղի՞ց տանք դրանց նմանը, քանզի քո ազգից ոչ ոք չկայ մեր մէջ»:
4. Յուդիթը նրան ասաց. «Ապրած կենաս, տէ՛ր իմ, քո աղախինը չի վերջացնի այն կերակուրը, որ բերուած է ինձ հետ, մինչեւ որ իմ ձեռքով անեմ այն, ինչի մասին խօսուեց:
Հողոփեռնէսի ծառաները նրան տարան վրան: Նա այնտեղ քնեց մինչեւ կէսգիշեր: Առաւօտեան պահին Յուդիթը վեր կացաւ
5. եւ մարդ ուղարկեց Հողոփեռնէսի մօտ՝ ասելու. «Թող իմ տէրը հրամայի թոյլ տալ իր աղախնին աղօթքի դուրս գալ»:
6. Հողոփեռնէսը պահապաններին հրամայեց չարգելել նրան: Յուդիթը երեք օր այնտեղ էր՝ բանակում:
7. Նա գիշերը դուրս էր գալիս Բետիղուայի ձորը եւ լուացւում էր բանակում աղբիւրի ջրով, ըստ հրեաների սովորութեան:
8. Երբ նա լուացւում էր, Իսրայէլի Տէր Աստծուն աղօթում էր, որ յաջողութիւն տայ իր ճանապարհին՝ իր ժողովրդի փրկութեան համար:
9. Նա մաքրուած էր մտնում վրանը, իսկ կերակուրը երեկոյեան վերցնում տանում էին իր մօտ:
   
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ԽՆՋՈՅՔԸ
   

10. Չորրորդ օրը Հողոփեռնէսը միայն իր ծառաների համար խնջոյք արեց եւ խնջոյքի չկանչեց օտարներից եւ ոչ մէկին, որ այնտեղ էին: Նա ասաց Բագուին՝ իր ներքինուն, որը նրա ամբողջ ունեցուածքի հաւատարիմ տնտեսն էր. «Գնա՛ դու, համոզի՛ր, - ասում է, - եբրայեցի կնոջը, որը քեզ մօտ է, որ գայ ուտելու ու խմելու մեզ հետ:
11. Ամօթ է մեզ՝ թողնել այդպիսի կնոջը ու բոլորովին չխօսել նրա հետ: Արդ, եթէ չկանչենք նրան եւ չմօտեցնենք մեզ, գուցէ նա ծաղրի մեզ»:
12. Բագուն ելաւ Հողոփեռնէսի մօտից, մտաւ Յուդիթի մօտ ու ասաց նրան. «Ո՛վ դու, գեղեցի՛կ աղախին, մի՛ յապաղիր գալ իմ տիրոջ մօտ, փառաւորուել նրա կողմից ու նրա կողքին, մեզ հետ միասին, խմել ուրախութեան գինին: Դու այսօր կը լինես իբրեւ ասորեստանցիների դուստրերից մէկը, որ սպասաւորում է Նաբուքոդոնոսոր արքային»:
13. Յուդիթը նրան ասաց. «Ո՞վ եմ ես, որ ընդդիմանամ իմ տիրոջը,
14. որովհետեւ ամէն ինչ, որ հաճելի է քո աչքին, փութով կատարում եմ, եւ դա ինձ համար ցնծութիւն կը լինի մինչեւ իմ մահուան օրը»:
15. Նա վեր կացաւ, զարդարուեց կանացի իր զարդերով. նրա նաժիշտը ներս մտաւ ու Հողոփեռնէսի դէմյանդիման նրա համար բազմելու մորթի փռեց գետնին, որ նա Բագուից էր ստացել ամենօրեայ օգտագործման համար: Յուդիթը բազմեց դրա վրայ:
16. Հողոփեռնէսը յափշտակուեց նրա տեսքից, նրա հոգին խռովուեց նրան ունենալու մեծ ցանկութիւնից: Այն օրից, ինչ տեսել էր նրան, Հողոփեռնէսն առիթ էր փնտռում հրապուրելու նրան:
17. Հողոփեռնէսն ասաց. «Դու խմի՛ր եւ մեզ հետ ուրա՛խ եղիր»:
18. Յուդիթն ասաց. «Այո՛, տէ՛ր, որովհետեւ այսօր իմ կեանքը մեծարուեց աւելի, քան իմ ծննդից սկսած բոլոր օրերին»:
19. Եւ Յուդիթը նրա առջեւ վերցնում, ուտում, խմում էր, ինչ նրա համար պատրաստում էր իր աղախինը:
20. Հողոփեռնէսն ուրախացաւ դրանից ու այնքան շատ գինի խմեց, ինչքան նա չէր խմել իր ծննդեան օրից:<