ՅՈՒԴԻԹԸ ԿՏՐՈՒՄ Է ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ԳԼՈՒԽԸ
1. Երբ երեկոյ եղաւ, Հողեփեռնէսը իր ծառաներին շտապեցրեց դուրս գնալ: Բագուն փակեց վրանի դուռը, նրանք գնացին՝ իւրաքանչիւրն իր անկողինը, որ դրսում էր,
2. քանզի բոլորը մեծ գինարբուքից շատ էին յոգնել:
3. Վրանում մնացին միայն Յուդիթը եւ Հողոփեռնէսը:
4. Հողոփեռնէսը, մտնելով իր անկողինը, քնեց, որովհետեւ խիստ թմրել էր գինուց:
5. Յուդիթն ասաց իր աղախնին, որ մնայ վրանից դուրս, սպասի իրեն, ինչպէս միւս օրերին, երբ ինքը դուրս էր գալիս ասելով, թէ՝ «Ըստ սովորութեան գնում եմ աղօթելու»: Այս նոյն բանը նա Բագուին ասաց:
6. Երբ բոլորը գնացին այդ սենեակից, ու այնտեղ ոչ ոք չմնաց, Յուդիթը կանգնեց նրա մահճակալի մօտ եւ ասաց. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, այս ժամին նայի՛ր իմ ձեռքի գործերին եւ Երուսաղէմի բարձունքին,
7. որովհետեւ այժմ ժամանակն է, որ դու օգնես ինձ՝ քո ժառանգութեանը, եւ այս գործը կատարես իմ ձեռքով, սատակեցնես մեր թշնամիներին, որ յարձակուել են մեզ վրայ»:
8. Նա մօտեցաւ մահճակալի ճաղին, որ Հողոփեռնէսի սնարի կողմն էր, հանեց նրա դաշոյնը ազդրից, բռնեց նրա մազերից եւ ասաց.
9. «Զօրացրո՛ւ ինձ այսօր, Իսրայէլի՛ Աստուած»:
10. Եւ նա իր ամբողջ ուժով երկու անգամ հարուածեց նրա պարանոցին եւ կտրեց նրա գլուխը:
11. Նրա մարմինը [թաւալվեց ու ընկավ] մահճակալից. մէկ ժամ յետոյ դուրս եկաւ, իր նաժշտին տուեց Հողոփեռնէսի գլուխը,
12. եւ նա այն գցեց իր կերակրի մախաղի մէջ: Երկուսը միասին, ըստ իրենց սովորութեան, ելան ու անցան բանակի միջով, շրջանցեցին ձորը, ելան Բետիղուայի լեռը
13. եւ եկան քաղաքի դարպասների մօտ: Յուդիթը դարպասների պահապաններին ասաց հեռուից. «Բացէ՛ք, բացէ՛ք դարպասները, մեզ հետ է մեր Տէր Աստուածը, որպէսզի էլ աւելի զօրութիւն տայ Իսրայէլին՝ մեր թշնամիներին յաղթելու համար, ինչպէս արեց այսօր»:
14. Երբ քաղաքի մարդիկ լսեցին նրա ձայնը՝ փութացին իջնել իրենց քաղաքի դարպասների մօտ: Նրանք կանչեցին ժողովրդի քահանաներին ու ծերերին,
15. եւ հաւաքուեցին բոլորը, փոքրից մինչեւ մեծը, որովհետեւ նրանք շատ էին զարմացել, որ նա եկել է: Նրանք բացեցին քաղաքի դարպասը, նրանց ներս առան,
16. վառեցին իրենց լապտերները եւ հաւաքուեցին նրանց շուրջը:
17. Յուդիթը բարձր ձայնով ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, օրհնեցէ՛ք Աստծուն,
18. որ իր ողորմութիւնը չհեռացրեց Իսրայէլի տնից, այլ այս գիշեր իմ ձեռքով հարուածեց, վանեց թշնամուն»:
19. Եւ նա Հողոփեռնէսի գլուխը հանեց մախաղից, ցոյց տուեց նրանց եւ ասաց. «Ահա Հողոփեռնէսի՝ ասորեստանցիների զօրքերի զօրապետի գլուխը, ահա թանկարժէք վարագոյրը, որի վրայ նա փռուել էր հարբած, եւ Տէր Աստուած իմ՝ այս կնոջ ձեռքով սատակեցրեց նրան:
20. Կենդանի է Տէրը, որ պահպանեց ինձ այն ճանապարհին, որով ես գնացի, որովհետեւ իմ երեսի տեսքը խաբեց նրան՝ ի կորուստ իրեն, բայց նա ինձ չպղծեց՝ իմ անձը խայտառակելու համար»:
21(22). Ամբողջ ժողովուրդը գոհութիւն յայտնեց ու խոնարհուելով՝ երկրպագեց Աստծուն: Բոլորը միաբերան ասացին. «Օրհնեալ ես դու, մեր Տէ՛ր Աստուած, որ այսօր ամաչեցրիր քո ժողովրդի թշնամիներին»:
22(23). Օզիան ասաց Յուդիթին. «Բարձրեալ Աստծու դո՛ւստր, օրհնեալ ես դու աւելի, քան երկրի վրայ եղած բոլոր կանայք
23(24). եւ օրհնեալ է Տէր Աստուած, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ յաջողութիւն տուեց քեզ՝ կտրելու մեր թշնամու իշխանի գլուխը:
24(25). Դրա համար քո անունը չի վերանալու մարդկանց միջից՝ Աստծու առջեւ յաւիտենապէս քեզ յիշելու համար: Թող իմ Տէր Աստուածը բարձրացնի քո անձը եւ բարիքներ շնորհի քեզ ի հատուցումն այն բանի, որ մեր ազգի տառապանքների պատճառով դու չխնայեցիր քո անձը, այլ վրէժխնդիր եղար մեր կրած կործանարար հարուածների համար՝ մեր Տիրոջ առջեւ ընթանալով ուղիղ ճանապարհով»:
25(26). Եւ ամբողջ ժողովուրդն ասաց. «Թող այդպէս լինի, թող այդպէս լինի»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: