ՅՈՒԴԻԹԻ ԵՐԳԸ
1. Յուդիթն սկսեց երգել այս երգը, եւ ամբողջ Իսրայէլը ձայնակցում էր նրան: Յուդիթն այսպէս էր ասում.
2. «Երգեցէ՛ք Տիրոջ համար թմբուկներով, օրհնեցէ՛ք նրան ծնծղաներով, երգեր եւ օրհնութիւններ ուղղեցէ՛ք նրան: Փառաբանեցէ՛ք նրան եւ կանչեցէ՛ք նրա անունը,
3. որովհետեւ Աստուած Տէր է եւ խորտակում է պատերազմները,
4. նա իր բանակներն է դնում ժողովուրդների մէջ. նա՛ ինձ փրկեց իմ հալածիչների ձեռքից:
5. Ասորեստանը եկաւ հիւսիսային լեռներից, եկաւ իր բիւրաւոր զօրքերով. նրանց բազմութիւնը ծածկեց ձորերը, երիվարների բազմութիւնը ծածկեց բլուրները,
6. նա ասաց, որ հրի է մատնելու իմ սահմանները, իմ երիտասարդներին ոտնատակ է անելու 487, իմ տղաներին աւարի է մատնելու եւ իմ կոյսերին [գերութեան է տանելու]:
7. Ամենակալ Տէր Աստուածը նրանց կործանեց կնոջ ձեռքով,
8. որովհետեւ նրանց հզօր այրը ոչ թէ երիտասարդների ձեռքով ընկաւ, ոչ թէ տիտանների որդիները նրան սատակեցրին, ոչ թէ բարձրահասակ հսկաները յարձակուեցին նրա վրայ, այլ՝ Յուդիթը՝ Մերարիի դուստրը. նրա դէմքի գեղեցկութիւնը խաբեց նրան:
9. Նա հանեց իր այրիութեան զգեստները՝ բարձրացնելու համար նրանց, ովքեր ծեծուած էին Իսրայէլի մէջ:
10. Նա անուշ իւղերով օծեց իր երեսը եւ իր գլուխը զարդարեց իր զարդերով:
11. Բեհեզեայ զգեստ հագաւ հրապուրելու համար: Զօրապետի սիրտը զմայլուեց նրա կօշիկների գեղեցկութիւնից, նրա նրբագեղութիւնը գերեց նրա հոգին, եւ դաշոյնը կտրեց նրա պարանոցը:
12. Պարսիկները դողացին նրա քաջասրտութիւնից, եւ մարերը շփոթուեցին նրա արիութիւնից:
13. Այն ժամանակ աղաղակեցին իմ տառապեալները, իմ հիւանդները գոչեցին բարձրաձայն, եւ նրանք պարտուեցին. բարձրացաւ իրենց ձայնը, եւ նրանք վհատուեցին:
14. Թոյլ կանանց որդիներ համարուածները խոցոտեցին նրանց, տնանկ պանդուխտների որդիներ համարուածները կոտորեցին նրանց, եւ նրանք ոչնչացան իմ Տիրոջ գրոհից:
15. Նոր երգ եմ երգելու իմ Տէր Աստծուն:
16. Տէ՛ր, մեծ ես դու եւ փառաւորեալ, սքանչելի ես աննուազ զօրութեամբ:
17. Թող քեզ ծառայեն քո բոլոր արարածները, որովհետեւ դու ասացիր՝ եւ նրանք գոյացան, դու առաքեցիր քո Հոգին՝ եւ նրանք ընդունեցին այն ու կազմաւորուեցին, եւ ոչ ոք չկայ, որ հակառակ լինի քո ձայնին:
18. Լեռներն իրենց հիմքով ջրերի հետ միասին սասանուեցին, ժայռերը մոմի նման հալուեցին քո դէմքի առջեւ, բայց դու քաւիչ ես նրանց համար, ովքեր երկիւղ են կրում քեզնից, քանզի անուշ բուրմունքի համար փոքր է իւրաքանչիւր զոհ, եւ չնչին՝ այն ճարպը, որ քեզ համար ողջակէզ է,
19. սակայն յաւիտեանս մեծ է նա, ով երկիւղած է:
20. Վա՜յ այն ազգերին, ովքեր կը յարձակուեն մեր ազգի վրայ. Ամենակալ Տէրը դատաստանի օրը վրէժխնդիր կը լինի նրանցից:
21. Նա կրակի կը մատնի ու որդերի ճարակ կը դարձնի նրանց մարմինները, եւ նրանք սգի մէջ լաց կը լինեն յաւիտեան»:
ՅՈՒԴԻԹԻ ՄԱՀԸ
22. Երբ նրանք Երուսաղէմ գնացին, Աստծուն երկրպագեցին, ու երբ ժողովուրդը մաքրուեց, հանեցին իրենց ողջակէզները, կամաւոր զոհերը եւ իրենց ընծաները:
23. Յուդիթը բերեց ու նուիրեց Հողոփեռնէսի ամբողջ ունեցուածքը, այն ընծայաբերեց Տէր Աստծուն:
24. Երուսաղէմում երեք ամիս ժողովուրդն ուրախանում էր սրբարանի դէմյանդիման, եւ Յուդիթը նրանց հետ էր:
25. Այդ օրերից յետոյ իւրաքանչիւրը գնաց իր կալուածքը, Յուդիթն էլ գնաց Բետիղուա եւ պահում էր իր տունը:
26. Այդ ժամանակից ի վեր նրա անունը փառաբանւում էր ամբողջ երկրում:
27. Նրա ամուսնու՝ Մանասէի մահից ու գերեզմանում նրա թաղուելուց յետոյ շատերը
ցանկացան 488ամուսնանալ նրա հետ նրա կեանքի բոլոր օրերին:
28. Յուդիթն օրըստօրէ մեծարւում եւ փառաբանւում էր: Նա ծերացաւ իր ամուսնու տանը՝ ապրելով հարիւր հինգ տարի: Նա ազատ արձակեց իր նաժշտին: Յուդիթը մեռաւ Բետիղուայում, եւ նրան թաղեցին իր ամուսնու՝ Մանասէի շիրմի մօտ:
29. Իսրայէլի ամբողջ տունը եօթն օր սուգ արեց նրա վրայ: մահանալուց առաջ նա իր ինչքերը բաժանեց բոլորին, ովքեր իր ամուսնու՝ Մանասէի ազգականներն էին, նաեւ բաժանեց բոլոր նրանց, ովքեր իր մերձաւորներն էին:
30. Յուդիթի ապրած օրերին եւ նրա մահից շատ օրեր յետոյ էլ չկար մէկը, որ վախ պատճառէր իսրայէլացիներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: