ՇՄԱՒՈՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՓԱԽՈՒՍՏԻ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ ԿԵՆԴԵԲՈՍԻՆ
1․ Յովհաննէսը վերադարձաւ Գազարայից, եկաւ պատմեց իր հայր Շմաւոնին, թէ ինչեր է անում Կենդեբոսը:
2․ Շմաւոնը կանչեց իր երկու որդիներին՝ Յուդային ու Յովհաննէսին, եւ ասաց նրանց. «Ես, իմ եղբայրներն ու իմ հօր տոհմը մեր մանկութիւնից մինչեւ այսօր կռուել ենք իսրայէլացիների թշնամիների դէմ: Մենք յաջողութիւններ ենք ունեցել, մեր ձեռքով բազմաթիւ իսրայէլացիներ ենք փրկել:
3․ Հիմա, սակայն, ես ծերացել եմ, իսկ դուք արդէն հասուն տղամարդ էք: Փոխարինեցէ՛ք ինձ ու իմ եղբօրը: Արդ, ելէ՛ք, կռի՛ւ մղեցէք յանուն մեր ազգի, եւ երկնքից օգնական ուժեր կը հասնեն ձեզ»:
4․ Նա իր երկրից ընտրեց սպառազէն մօտ քսան հազար հեծեալ եւ գնաց Կենդեբոսի դէմ:
5․ Այդ օրը գիշերեցին Մոդիիմում: Առաւօտեան, վեր կենալով, դաշտ մտան: Այնտեղ նրանք տեսան բազմաթիւ հեծեալ ու հետեւակ զօրքեր, որոնք գալիս էին իրենց դէմ: Երկու կողմերի միջեւ մի հեղեղատ կար:
6․ Նրանց դիմաց ճակատ յարդարեցին ինքն ու իր զօրքը: Երբ Յովհաննէսը տեսաւ, թէ նրանց զօրքը դանդաղում է անցնել հեղեղատը, նախ ինքն առաջ ընկաւ, իսկ յետոյ զօրքը միահամուռ գնաց նրա յետեւից:
7․ Նա հետեւակ գունդը բաժանեց երկու մասի, իսկ հեծելազօրը դասաւորեց հետեւակների միջեւ: Թշնամու հեծելազօրը շատ-շատ էր:
8․ Շեփոր հնչեցրին, միմեանց քաջալերեցին ու անցան յարձակման: Կենդեբոսը պարտութեան մատնուեց, եւ այդ օրը նրա զօրքից բազմաթիւ մարդիկ սպանուեցին, իսկ կենդանի մնացածները փախան մտան բերդերը:
9․ Այդ օրը վիրաւորուեց Յուդան, իսկ Յովհաննէսը հալածեց փախուստի դիմածներին, մինչեւ որ նրանց հասցրեց Կենդեբոսի կառուցած Կեդրոնի կողմերը:
10․ Նրանց մի մասը գնաց մինչեւ Ազոտի կողմերի բուրգերը. Յովհաննէսը կրակի ճարակ դարձրեց դրանց: Այդ բերդում հրդեհից այրուեց մօտ երկու հազար մարդ, իսկ ինքը խաղաղութեամբ վերադարձաւ Հրէաստանի կողմերը:
ՊՏՂՈՄԷՈՍԻ ԽԱՐԴԱՒԱՆՔԸ ԵՒ ՇՄԱՒՈՆԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
11․ Աբուբի որդի Պտղոմէոսը Երիքովի դաշտի վերակացուն էր: Նա շատ արծաթ ու ոսկի ունէր,
12․ որովհետեւ քահանայապետի փեսան էր:
13․ Նա մեծամտացաւ, հպարտացաւ ինքն իր մէջ եւ ուզում էր տիրել այդ կողմերի գաւառներին: Նա նենգ դաւեր էր նիւթում Շմաւոնի ու նրա որդիների դէմ, որպէսզի մէջտեղից վերացնի նրանց:
14․ Շմաւոնը շրջագայում էր այդ կողմերի բնակիչների գաւառները, տեսնում եւ հոգում էր կարիքները: Նա Մատաթիայի, Յուդայի ու իր որդիների հետ եկաւ իջաւ Երիքով: Դա հարիւր եօթանասունեօթը թուականի շաբաթ ամսի տասնմէկերորդ օրն էր:
15․ Պտղոմէոսն իր կառուցած Դորա քաղաքում ընդունեց նրանց կեղծ մեծարանքով, խնջոյք սարքեց հիւրերի պատուին, մինչդեռ նա դարանում մարդիկ էր թաքցրել:
16․ Երբ Շմաւոնն ու իր որդիները կերան, խմեցին ու հարբեցին, Պտղոմէոսը եւ թաքնուած մարդիկ վերցրին իրենց զէնքերը, յարձակուեցին Շմաւոնի վրայ եւ խնջոյքի սրահում սպանեցին նրան, նրա որդիներին ու նրանց հետ եկած ծառաներին:
17․ Նրանք անօրէն մեծ գործ կատարեցին, բարութիւնը չարութեամբ հատուցեցին:
18․ Պտղոմէոսը թագաւորին գրեց, որ իրեն օգնական զօրք ուղարկի, որպէսզի թագաւորին յանձնի իրենց քաղաքներն ու հարկերը:
19․ Նա զօրքի մի մասն ուղարկեց Գազարայի կողմերը, որպէսզի այնտեղից վերացնի Յովհաննէսին: Նա գրեց նաեւ զօրապետներին, որ գան ու իրենից ստանան ոսկի, արծաթ ու բազմաթիւ պարգեւներ:
20․ Միւսներին ուղարկեց Երուսաղէմ, որ շտապ հասնեն, գրաւեն այն լեռը, որի վրայ գտնւում էր տաճարը:
21․ Մի մարդ աւելի շուտ եկաւ Գազարա եւ գոյժ տուեց Յովհաննէսին, թէ՝ «Քո հայրն ու եղբայրները սպանուել են, նենգ մտադրութեամբ մարդիկ են գալիս քո յետեւից, որ սպանեն նաեւ քեզ»:
22․ Երբ Յովհաննէսը լսեց այս, խիստ զարմացաւ, զայրացաւ, բռնել տուեց իրեն սպանելու եկած մարդկանց ու անմիջապէս սպանեց նրանց, որովհետեւ իմացաւ, որ նրանք եկել էին նենգութեամբ սպանելու իրեն:
23․ Ինչ վերաբերում է Յովհաննէսին, նրա պատերազմներին, տարբեր մարդկանց քաջագործութիւններին, պարիսպների շինարարութիւններին կամ բարի գործերին եւ այլ պատմութիւններին,
24․ դրանք բոլորը գրի են առնուած քահանաների մատեաններում, սկսած այն օրից, երբ Յովհաննէսը իր հօրից յետոյ դարձաւ քահանայապետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: