ՄԱԿԱԲԷՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԶՕՐԱՊԵՏ
1․ Նրան փոխարինեց Մակաբէ մականուամբ Յուդան՝ նրա որդին:
2․ Նրան աջակից եղան իր բոլոր եղբայրները եւ բոլոր նրանք, ովքեր իր հօր հետեւորդներն էին: Նրանք յանուն իսրայէլացիների պատերազմ էին մղում խինդով եւ ուրախութեամբ:
3․ Մեծ էր Մակաբէի փառքը ժողովրդի վրայ: Նա զինուեց իբրեւ մի հսկայ, պատերազմի զրահ հագաւ, մեծամեծներին պատերազմի էր առաջնորդում եւ իր նիզակով հովանի լինում իր զօրագնդերին:
4․ Իր գործերով նա նմանուեց առիւծի ու որսի վրայ մռնչացող առիւծի ձագի:
5․ Հետապնդելով հալածեց նա անօրէններին, կրակի մատնեց իր ժողովրդին անհանգստացնողներին:
6․ Անօրէնները սարսափեցին նրա ահից, ովքեր սատար էին անօրէնութեան, խուճապի մատնուեցին. նրա շնորհիւ ձեռք բերուեց փրկութիւն:
7․ Նա բազում թագաւորների դառնութիւն պատճառեց, իր գործերով ուրախացրեց Յակոբի տունը, դրա համար էլ նրա յիշատակը յաւիտեանս օրհնութեամբ է մնալու:
8․ Նա յարձակւում էր Հրէաստանի քաղաքների վրայ, կոտորում այնտեղ գտնուող ամբարիշտներին, որպէսզի վերացնի Իսրայէլի վրայ իջած բարկութիւնը:
9․ Նա հաւաքում էր ցրուած մարդկանց եւ գտնում կորածներին:
ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
10․ Այս դէպքերից յետոյ Ապոլոնիոսը հեթանոսներից զօրք հաւաքեց, զէնքի կոչեց նաեւ բազմաթիւ շամրտացիների 492, որպէսզի պատերազմի Իսրայէլի դէմ:
11․ Երբ դա իմացաւ Յուդան, ընդառաջ ելաւ Ապոլոնիոսին եւ խփեց-սպանեց նրան, նրա զինուորներից շատերին վիրաւորելով կոտորեց, իսկ մնացածներին փախուստի մատնեց,
12․ աւարի ենթարկեց նրա ունեցուածքը: Յուդան առաւ Ապոլոնիոսի սուսերն ու իր ամբողջ կեանքում դրանով կռուեց նրանց զօրքերի դէմ:
13․ Երբ ասորեստանցիների զօրքերի իշխան Նրէնը լսեց, որ Յուդան զօրք է հաւաքել, եւ բազմաթիւ հաւատացեալներ պատերազմի են գալիս նրա հետ,
14․ ինքն իր մէջ մտածեց եւ ասաց. «Ես էլ անուն վաստակեմ ու փառքի տիրանամ իմ արքայութեան մէջ: Պատերազմ մղեմ Յուդայի դէմ եւ պարտութեան մատնեմ նրանց, ովքեր անարգում են թագաւորի հրամանը»:
15․ Նա կրկնապատիկ զօրք հաւաքեց: Նրան օգնութեան հասան անօրէնների բազմաթիւ զօրքեր, որպէսզի յարձակուեն ու վրէժ լուծեն իսրայէլացիներից:
16․ Նա եկաւ հասաւ մինչեւ Բեթորի կողմերը: Յուդան նրան ընդառաջ գնաց սակաւաթիւ մարդկանցով:
17․ Երբ նրանք տեսան, որ գունդ է գալիս իրենց դէմ ճակատելու, Յուդայի մօտ եղած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սակաւաթիւ մարդկանցով մարտնչել այդքան բազմամարդ բանակի դէմ, մանաւանդ որ թոյլ ու տկար ենք, որովհետեւ արդէն քանի օր է, ինչ քաղցած ենք»:
18․ Յուդան սկսեց նրանց քաջալերել ու ասաց. «Աստծու համար դիւրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը: Երկնաւորի համար տարբերութիւն չկայ շատի ու քչի միջեւ,
19․ որովհետեւ յաղթանակը ձեռք է բերւում ոչ թէ շատ զօրքով, այլ այն զօրութեամբ, որ երկնքից է գալիս:
20․ Նրանք մեզ վրայ են գալիս ամբարտաւան գոռոզութեամբ եւ անօրէնութեամբ, որպէսզի կոտորեն մեզ եւ մեր կանանց ու երեխաներին գերեվարեն:
21․ Մենք մարտնչում ենք յանուն մեր անձերի ու յանուն մեր օրէնքների,
22․ եւ Տէրը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ: Գօտեպնդուեցէ՛ք, քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք»:
23․ Հազիւ էր նա իր խօսքերը վերջացրել, որ յարձակուեց գնդի վրայ, կոտորեց այն թեւը, ուր կազմ ու զինավառ կանգնած էր Նրէն իշխանը, հալածական արեց բանակն այդ վայրից եւ նրան ու ողջ զօրքը փախուստի մատնեց:
24․ Նրանք հետապնդեցին դրանց մինչեւ Բեթորի դաշտի կողմերը, շատերին վիրաւորելով դիաթաւալ գետին տապալեցին: Դրանցից մօտաւորապէս ութ հարիւր մարդ ընկաւ, իսկ մնացածները փախուստի դիմեցին դէպի Փիլիստիիմ:
25․ Յուդան ու իր եղբայրները ահ ու սարսափ էին տարածել. այնուհետեւ նրանք որոշեցին ասպատակել իրենց շրջակայքում գտնուող հեթանոսների երկրները:
26․ Նրա համբաւը հասաւ թագաւորին, որովհետեւ հեթանոսները պատմում էին նրա պատերազմների մասին:
ԱՆՏԻՈՔՈՍ ԿԱՅՍՐԸ ԼԻՒՍԻԱՍԻՆ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է ԿՈՐԾԱՆԵԼ ԻՍՐԱՅԷԼԸ
27․ Երբ այս դէպքերի մասին լսեց Անտիոքոս կայսրը, խիստ զայրացաւ: Նա իր բոլոր երկրներից զօրք հաւաքելով՝ շատ մեծ բանակ կազմեց:
28․ Նա բաց արեց գանձատունը, զինուորներին մէկ տարուայ պարգեւներ բաշխեց եւ պատուիրեց նրանց, որ պատրաստ լինեն ամէն ինչի:
29․ Երբ տեսաւ, որ գանձատունը դատարկուել է, եւ նուազել է երկրի հարկը այն երկպառակութեան եւ հարուածների պատճառով, որ նա հասցրել էր երկրին, եղծել նախնիների օրէնքները, որ սահմանուած էին վաղ ժամանակներից,
30․ Անտիոքոսը զարհուրեց, որ գուցէ նուէրներն ու ռոճիկները բաւական չլինեն առաջուայ նման առատաձեռնօրէն բաժանելու համար:
31․ Եւ նա վարանեց: Մտածեց մտնել Պարսից աշխարհը, երկրի հարկը հաւաքել այնտեղից, շատ արծաթ կուտակել:
32․ Նա այնտեղ թողեց Լիւսիասին՝ թագաւորական տոհմից մի հռչակաւոր մարդու, իբրեւ Եփրատի կողմերի ու եգիպտացիների սահմանների արքունի գործերի վերակացու,
33․ որպէսզի սա դաստիարակի իր որդի Անտիոքոսին, մինչեւ որ ինքը վերադառնայ այնտեղից:
34․ Նա նրա մօտ թողեց զօրքի կէսն ու փղերը եւ կարգադրեց նրան անել այն ամէնը, ինչ ինքը կամենում էր ու ինչ ինքը խորհել էր ե՛ւ Հրէաստանի բնակիչների, ե՛ւ Երուսաղէմի մասին:
35․ Նա նրանց համար գումարտակ յատկացրեց, որ կոտորի նրանց, բնաջինջ անի Իսրայէլի զօրքն ու Երուսաղէմի մնացած բնակիչներին, այնտեղից ջնջի նրանց յիշատակը,
36․ այնտեղ, նրանց բոլոր սահմաններում, բնակեցնի օտարազգիների որդիներին եւ չափած հողակտորների բաժանի նրանց ողջ երկիրը:
37․ Ինքը վերցրեց զօրքի միւս կէսը եւ հարիւր քառասուն թուականին Անտիոքից՝ իր թագաւորանիստ քաղաքից շարժուեց, անցաւ Եփրատ մեծ գետն ու գնաց վերին գաւառների կողմերը:
ԼԻՒՍԻԱՍԻ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆ
38․ Լիւսիասն ընտրեց Պտղոմէոսին՝ Դորիմէնի որդուն 493, Նիկանորին եւ Գորգիասին, որոնք արքայի հզօր բարեկամներն ու խորհրդականներն էին,
39․ նրանց յանձնեց քառասուն հազար հեծեալ եւ եօթը հազար բտած ձի 494, որպէսզի, թագաւորի հրամանի համաձայն, յարձակուեն Հրէաստան երկրի վրայ, աւերեն, քանդեն այդ աշխարհը, կործանեն երկիրը:
40․ Նրանք իրենց ամբողջ զօրքով եկան ու բանակ դրեցին Ամաուսի մօտակայքում, դաշտավայրի տափարակ մասում:
41․ Երբ այդ երկրի վաճառականները լսեցին, որ զօրք է եկել, որպէսզի աւարի մատնի Հրէաստան երկիրը, գերեվարի նրա որդիներին ու դուստրերին, վերցրին իրենց արծաթն ու ոսկին եւ այնքան ձեռնհաս մարդ, որ կարող լինէին օգնել իրենց, [եկան գերի ընկած իսրայէլացիներին որպես ստրուկ գնելու]: Դրանց միացան նաեւ ասորիների ու այլազգիների երկրների զօրքերը:
42․ Երբ Յուդան ու իր եղբայրները տեսան, որ ամէն տեսակ չարիքներ են կուտակւում իրենց վրայ, եւ այս զօրքն էլ եկել, պաշարուած վիճակում է պահել իրենց սահմանները, երբ նաեւ տեղեկացան ժողովրդին կորստի ու բնաջնջման մատնելու վերաբերեալ թագաւորի հրամանի մասին, սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին.
43․ «Եկէք սրտապնդուենք, կանխենք մեր ժողովրդի անկումը, պատերազմենք յանուն մեր սրբութիւնների, յանուն մեր ազգի»:
44․ Եւ ժողովուրդը պատերազմի պատրաստութիւն տեսաւ, աղօթք արեց ու Տիրոջից ողորմածութիւն խնդրեց:
45․ Երուսաղէմն աւերակ ու ամայի էր, նրա բնակիչներից չկար ոչ մէկը, որ մտնէր ու ելնէր այնտեղից: Նրա սրբութիւնները այլազգիների որդիները ոտնակոխ էին անում, քաղաքի ամրութիւնները հեթանոսների բնակութեան վայր էին դարձել: Վերացաւ ուրախութիւնը Յակոբի տնից, պակասեցին շեփորների ու տաւիղների ձայները, լռեցին երաժշտութեան ցանկալի եւ ուրախ հնչիւնները:
ՀՐԵԱՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
46․ Բոլորը եկան հաւաքուեցին Մասեփայում՝ Երուսաղէմի դէմ յանդիման, որովհետեւ իսրայէլացիների աղօթատեղին առաջ Մասեփայում էր:
47․ Ծոմ պահեցին, քուրձ ու ցնցոտի հագան, մոխիր ու հող վերցրին, ածեցին իրենց գլխին, պատառոտեցին օձիքները:
48․ Բացում էին Օրէնքի մատեանները, որոնց համար հեթանոսները հալածում էին իրենց,
49․ բերում էին քահանայութեան զգեստները, բերքի առաջին պտուղներն ու տասանորդներն էին մէջտեղ դնում, հաւաքում ու բերում էին այն ուխտաւորներին, որոնք վերջացրել էին իրենց ուխտի օրերը:
50․ Նրանք բարձր ձայնով իրենց խօսքը երկինք էին առաքում՝ ասելով. «Հիմա ի՞նչ անենք սրանց, կամ ո՞ւր տանենք,
51․ որովհետեւ քո սրբութիւնները ոտնակոխ են եղել, քո քահանաները նստել են սգի ու տառապանքի մէջ,
52․ բոլոր հեթանոսները ահա հաւաքուել են, որ բնաջնջեն մեզ: Դու գիտես, թէ նրանք ինչ են խորհում մեր մասին:
53․ Հիմա մենք ինչպէ՞ս կարող ենք դէմ կանգնել, եթէ դու մեզ չօգնես»:
54․ Նրանք շեփոր էին փչում, աղաղակ բարձրացնում, բարձր ձայնով դէպի երկինք դիմում:
55․ Դրանից յետոյ Յուդան սկսեց կարգ հաստատել ժողովրդի մէջ: Նա հրամանատարներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ նշանակեց նրանց վրայ:
56․ Իսկ շէնքեր կառուցողներին, նոր ամուսնացածներին ու այգի տնկողներին ասուեց եւ վախկոտներին էլ պատուէր տրուեց, որ, Օրէնքի համաձայն, իրենց տները վերադառնան:
57․ Ամբողջ զօրքը հասաւ ու բանակ դրեց Ամաուսի թիկունքում:
58․ Այնտեղից Յուդան սկսեց քաջալերել զօրքին՝ ասելով. «Զինուեցէ՛ք, պատրաստուեցէ՛ք, գօտեպնդուեցէ՛ք, որ վաղը առաւօտեան պատերազմ մղենք հեթանոսների դէմ, որոնք եկել են բնաջնջելու մեզ ու մեր սրբութիւնները:
59․ Աւելի լաւ է մեռնենք պատերազմի դաշտում, քան տեսնենք մեր ազգի ու մեր սրբութիւնների անարգանքը:
60․ Ինչ որ է երկնային Տիրոջ կամքը, այդպէս էլ թող կատարուի:
61․ Նա թող յիշի մեր հայրերի հետ կնքած ուխտը եւ մեր ոտքերի առաջ թող կոտորի այս զօրքը,
62․ որպէսզի հեթանոսները գիտենան, թէ գոյութիւն ունի մէ՛կ Աստուած 495, որ փրկում է Իսրայէլը»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: