Գիրք` 19. Յուդիթ

Գլուխ 4

ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
   
1․ Երբ իսրայէլացիները եւ Հրէաստանի բնակիչները լսեցին այն ամենի մասին, ինչ արեց ասորեստանցիների արքայի զօրապետ Հողոփեռնէսը ազգերին եւ հեթանոսներին, թէ ինչպէս քանդեց եւ պղծեց նրանց բոլոր մեհեանները,
2․ խիստ վախեցան նրանից եւ տագնապեցին Երուսաղէմի ու իրենց Աստծու Տան համար, որովհետեւ այդ ժամանակ նոր էին վերադարձել իրենց գերութիւնից, դեռ նոր էին հաւաքուել Հրէաստանում եւ իրենց Տէր Աստծու սեղանը, սպասքը եւ Տունը նոր էին սրբել պղծութիւնից:
3․ Նրանք մարդիկ ուղարկեցին Սամարիայի, Կոնոբեթորոնի 478, Բելմայի, Երիքովի, Քոքի, Սոմայի բոլոր սահմանները եւ Սաղէմի հովիտները:
4․ Նրանք հասան եւ գրաւեցին բոլոր բարձր լեռների գագաթները, պարսպեցին նրանց մէջ գտնուող գիւղերը եւ պատերազմելու համար պաշար հաւաքեցին, որովհետեւ այն ժամանակ նոր էին հնձուել նրանց դաշտերը:
5․ Մեծ քահանայ Յովակիմը, որ այն օրերին Երուսաղէմում էր, գրեց Բետիլուի եւ Եզրոմի, Դոթայիմին մօտիկ դաշտի հանդիպակաց կողմում գտնուող Բեթոմեսթի բնակիչներին եւ ասաց.
6․ «Ելէք գրաւեցէ՛ք լեռնանցքի կողմը» (որովհետեւ այնտեղ էր գտնւում մուտքը դէպի Հրէաստան, եւ իրենց համար հեշտ կը լինէր խոչընդոտել նրանց, քանզի կիրճերի անցումներն այնքան նեղ էին, որ երկու մարդ կարող էին պահել):
7․ Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս հրամայել էին մեծ քահանայ Յովակիմը եւ Երուսաղէմում նստող Իսրայէլի ժողովրդի ծերակոյտը:
8․ Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց ամբողջ սրտով կանչեցին Տիրոջը եւ իրենք ու իրենց կանայք խոնարհեցրին իրենց անձերը:
9․ Բոլոր պանդուխտներն ու վարձկանները իրենց անասուններով հաւաքուեցին մի տեղ, եւ արծաթով գնուած նրանց ծառաները քուրձ գցեցին իրենց մէջքին:
10․ Երուսաղէմում բնակուող Իսրայէլի բոլոր տղամարդիկ իրենց կանանցով եւ երեխաներով Տիրոջ տաճարի առջեւ ծնկի իջած աղաչում էին նրան, մոխիր էին ցանում իրենց գլխին, Տիրոջ առջեւ հանում էին իրենց քրձերը, սրբութեան սեղանը ծածկում քրձով եւ միասին ամբողջ սրտով կանչում էին Իսրայէլի Աստծուն, որպէսզի իրենց որդիներին չմատնի յափշտակութեան, իրենց կանանց՝ աւարի եւ իրենց ժառանգութիւն մնացած քաղաքները՝ ոչնչացման, սրբութիւնը չմատնի պղծութեան եւ իրենց՝ հեթանոսների նախատինքին ու ծաղրին: Տէրը լսեց նրանց ձայնը եւ տեսաւ նրանց նեղութիւնները: Ամբողջ Հրէաստանի ու Երուսաղէմի ժողովուրդը շատ օրեր պահեցողութեան մէջ էր Ամենակալ Տիրոջ սրբութիւնների առջեւ:
16․ Մեծ քահանայ Յովակիմը եւ Տիրոջ առջեւ կանգնած բոլոր քահանաներն ու Տիրոջ պաշտօնեաները քուրձ էին հագել, մշտապէս զոհեր էին մատուցում, աղօթում եւ նուիրում ժողովրդի կամաւոր ընծաները:
17․ Նրանց գլխանոցների վրայ մոխիր կար: Նրանք իրենց ամբողջ սրտով կանչում էին Տիրոջը՝ օգնութեան գալու եւ բարիք անելու Իսրայէլի տանը: