ԱՄԱՈՒՌԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
12. 496Այլազգիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ նրանք յարձակուելով գալիս են իրենց վրայ.
13. եւ նրանք պատերազմելու ելան նրանց գնդերի դէմ:
14. Յուդայի զինուորները շեփոր հնչեցրին ու մի տեղ հաւաքուեցին: Յարձակուեցին, կոտորեցին, փախուստի մատնեցին,
15. մի մասին տեղում սպանեցին, ոմանց դաշտում սրախողխող արեցին, փախուստի մատնեցին մինչեւ Գազիրոնի սահմանները, եդոմացիների, Ազոտի ու Յամէնի կողմերը: Այդ օրը խոցուած ընկաւ շուրջ երեք հազար մարդ:
16. Յուդան վերադարձաւ իր զօրքով: Երբ նա եկաւ հասաւ ճակատամարտի վայրը,
17. սկսեց խօսել զօրքի հետ ու ասաց. «Դեռ մի՛ մտածէք ընկած դիակները կողոպտելու մասին,
18. որովհետեւ ահա Գորգիասը սպառազինուած իր զօրքով կանգնած է մեր դէմ: Դիրքե՛ր բռնեցէք, կանգնեցէ՛ք ձեր թշնամիների դէմ, իսկ մարտի յաղթանակից յետոյ համարձակ կերպով կողոպտեցէ՛ք նրանց»:
19. Երբ նա այս խօսքերն էր ասում, տեսան, որ մի գունդ երեւաց լերան կողմից:
20. Գնդի մարդիկ մտածեցին, որ իսրայէլացիները պարտութեան [մատնելով] կրակ են գցել ճամբարի մէջ, եւ բարձրացող ծուխը կատարուած դէպքի նշան է:
21. Երբ սրանք դա տեսան, կանգ առան՝ մանաւանդ նկատելով, թէ Յուդայի գունդը ինչպէս էր պատրաստուած ճակատամարտ տալու համար:
22. Սրանք վեր կացան ու փախան Փղշտացիների երկիրը:
23. Յուդան վերադարձաւ ճակատամարտի վայրը, որպէսզի կողոպտի ընկած դիակները: Նա նրանց բանակից վերցրեց ոսկի ու արծաթ, թանկարժէք զգեստներ, կարմիր, կապուտակ, ծովագոյն կտորեղէն, մեծ հարստութիւն:
24. Երբ այնտեղից վերադարձան, սկսեցին գոհութիւն մատուցել, օրհնել երկնային Տիրոջն ու ասել. «Նա բարի է, յաւիտենական է նրա ողորմածութիւնը»:
25. Եւ Իսրայէլն այդ օրը մեծ փորձանքից ազատուեց:
26. Այլազգիներից ովքեր այս անգամ փրկուել էին, եկան պատմեցին Լիւսիասին այն ամէնը, ինչ կատարուել էր:
27. Երբ դա լսեց Լիւսիասը, տրտմեց ու երեսի վրայ ընկաւ գետին, որովհետեւ իսրայէլացիների վերաբերեալ իր ցանկութիւնը չէր կատարուել այնպէս, ինչպէս ինքն էր մտածել. չէր կատարուել այն, ինչ պատուիրել էր իրեն թագաւորը:
ԼԻՒՍԻԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՒԱՆՔԸ
28. Յաջորդ տարի նա մօտ վեց հազարանոց 497 հետեւակ զօրք հաւաքեց, հինգ հազարանոց սպառազինուած հեծեալ այրուձի կազմեց, որպէսզի գայ, կողոպտի Հրէաստան երկիրը:
29. Եկան, հասան, ճակատամարտ տուեցին Բեթսորի կողմերում: Յուդան նրան ընդառաջ եկաւ տասնմէկ հազար մարդկանցով:
30. Երբ տեսան բազմամարդ ու հզօր գունդը, սկսեցին աղօթել, օրհնել Աստծուն եւ ասել. «Տէ՛ր Աստուած, դու ես այն Աստուածը, որ քո ծառայ Դաւթի ձեռքով կոտորեցիր յարձակում գործած հզօր ազգի զօրքերին, Սաւուղի որդի Յովնաթանի ձեռքը մատնեցիր այլազգիների բանակները:
31. Արդ, Իսրայէլի ձեռքով խորտակի՛ր այս զօրքի զօրութիւնը: Թող նօսրանան նրանց զօրքերի՝ հեծեալների ու հետեւակների շարքերը:
32. Սարսա՛փ գցիր նրանց մէջ, հալածի՛ր նրանց գոռոզ զինուորներին, նրանք թող դողան իրենց պարտութիւնը տեսնելով:
33. Կործանի՛ր նրանց, յանձնի՛ր քո սիրելիների սրերի բերանը, որպէսզի քեզ օրհնեն նրանք, ովքեր ճանաչում են քո անունը»:
34. Բանակները բախուեցին միմեանց, եւ այդ ժամանակ իրենց առաջ Լիւսիասի գնդից ընկաւ հինգ հազար հեծեալ:
35. Երբ Լիւսիասը տեսաւ իր գնդի պարտութիւնն ու Յուդայի գնդի քաջութիւնն ու յաղթանակը եւ այն, որ նրանք պատրաստ էին քաջ յաղթողի անուն վաստակելու համար ապրել կամ մեռնել, նահանջեց, գնաց Անտիոքի կողմերը: Դարձեալ նա զօրք հաւաքեց, սպառազինուեց, որպէսզի նորից արշաւի դէպի Հրէաստան:
ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ
36. Յուդան ու եղբայրներն սկսեցին խօսել ժողովրդի հետ ու ասացին. «Ահա մեր թշնամիները ջախջախուեցին մեր ոտքերի առաջ: Եկէք գնանք, մաքրենք սրբարանը, մաքրենք տաճարը, որպէսզի նաւակատիք անենք այնտեղ»:
37. Ողջ ժողովուրդը հաւաքուեց, եկաւ հասաւ Սիոն լեռը
38. եւ տեսաւ, որ սրբարանն աւերուած է, զոհասեղանը՝ պղծուած, դռները՝ հրկիզուած: Գաւիթներում թփեր էին բուսել ինչպէս անտառում կամ մի լերան վրայ, կամարակապ սենեակներն աւերուած էին, ներքնախցերը՝ քանդուած:
39. Նրանք ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին պատմուճանները, գլուխներին հող ցանեցին:
40. Թաւալւում էին գետին, շեփոր էին փչում, դէպի երկինք աղաղակ բարձրացնում:
41. Այն ժամանակ Յուդան հրաման տուեց, որ զօրքը հաւաքուի, պաշարի միջնաբերդը՝ մաքրելու համար սրբարանը:
42. Նա ընտրեց անարատ, օրէնքներին հնազանդ քահանաներ եւ մաքրել տուեց սրբարանը:
43. Նրանք հանեցին պղծուած վէմերը, հաւաքեցին մի առանձին տեղ
44. եւ խորհրդի նստեցին թշնամիների պղծած ողջակէզների զոհասեղանի համար, թէ ինչ անեն այն:
45. Քանի որ այն պղծել էին թշնամիները, խորհրդի նստածները որոշեցին քանդել զոհասեղանը, որպէսզի իրենց խիղճը չտանջի ու յաւիտենական նախատինք չլինի: Նրանք քանդեցին զոհասեղանը,
46. քարերը տարան դրեցին յարմար մի տեղ, մինչեւ կը գար մի մարգարէ ու իր խօսքը կ՚ասէր դրանց մասին:
47. Նրանք, ինչպէս սահմանուած է Օրէնքով, վերցրին անկոփ քարեր,
48. կառուցեցին սրբարանը ու այն ամէնը, ինչ պէտք է լինէր տաճարի ներսում, եւ մաքրեցին գաւիթները:
49. Պատրաստեցին սրբութեան նոր սպասքներ, ներս տարան լոյսի աշտանակը, խնկերի սեղանը, տաճարի սեղանը:
50. Զոհասեղանի վրայ խունկ ծխեցին, վառեցին ճրագները եւ լուսաւորեցին տաճարը:
51. Սեղանի վրայ դրեցին հանապազօրեայ հացը, կախեցին վարագոյրները եւ արեցին այն բոլոր արարողութիւնները, որ պէտք է կատարէին:
52. Հարիւր քառասուն թուականի իններորդ ամսի քսանհինգերորդ օրուայ առաւօտեան վաղ վեր կացան,
53. ըստ Օրէնքի զոհ մատուցեցին այդ ժամանակ նոր կառուցուած ողջակէզների սեղանի վրայ:
54. Այն նոյն օրը, որ հեթանոսները պղծել էին զոհասեղանը, տարուայ այդ նոյն օրն էլ այն նորոգուեց օրհնութեան երգերով, շեփոր, քնար ու սրինգ հնչեցնելով:
55. Ողջ ժողովուրդն ընկաւ երեսի վրայ, խոնարհուեց, երկրպագութիւն արեց, օրհնեց իրենց գործին յաջողութիւն պարգեւած երկնային Աստծուն:
56. Ութ օր նրանք կատարեցին զոհասեղանի նաւակատիքը, ուրախութեամբ ողջակէզներ, փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեցին:
57. Տաճարի ճակատը, կամարակապ դահլիճը ու ներքնախցերը 498զարդարեցին ոսկէ պսակներով ու ոսկէ ճարմանդներով, նորոգեցին դարպասները, տեղադրեցին դռները:
58. Ժողովուրդը խիստ մեծ ուրախութեան մէջ էր, որովհետեւ իրենց վրայից ջնջւում էր թշնամու հասցրած նախատինքը:
59. Յուդան, իր եղբայրներն ու իսրայէլացի ողջ ժողովուրդը որոշեցին, որ զոհասեղանի նաւակատիքի այս օրերը ամէն տարի ութ օր ուրախութեամբ ու ցնծութեամբ նշուեն նոյն այդ ժամանակ՝ իններորդ ամսի քսանհինգերորդ օրը, տարուայ վերջում:
60. Այդ ժամանակ նրանք Սիոն լերան շուրջը կառուցեցին [շրջանաձև] բարձր պարիսպներ, ամուր աշտարակներ, որպէսզի հեթանոսները չգան, ոտնակոխ չանեն այդ վայրը, ինչպէս արել էին առաջ:
61. Յուդան այդտեղ պահապան զօրք թողեց, ամրացրեց Բեթսուրան, որպէսզի եդոմայեցիների կողմից զօրքն ապահով պատնէշ ունենայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: