Գիրք` 19. Յուդիթ

Գլուխ 6

   
1. Երբ դադարեց նրանց աղմուկը, ովքեր իրենց վրանի շուրջն էին, Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսը բոլոր
այլազգիների 479զօրքերի առջեւ Աքիորին ասաց. «Ո՞վ ես դու, Աքիո՛ր, որ մովաբացիների եւ Եփրեմի երկրի վարձկանների, բոլոր այլազգի ժողովուրդների [առջև] դէմ կանգնեցիր ինձ,
2. մարգարէացար մեզ համար, ինչպէս այսօր, եւ ասում ես, թէ պատերազմ մի՛ տուէք իսրայէլացիների դէմ, որովհետեւ նրանց Աստուածը պաշտպանում է նրանց: Նաբուքոդոնոսորից բացի էլ ի՞նչ Աստուած կայ. նա կ՚ուղարկի իր զօրութիւնը եւ երկրի երեսից կը ջնջի նրանց, եւ նրանց Աստուածը չի փրկի նրանց:
3. Բայց մենք՝ նրա ծառաներս, կը վանենք 480նրանց իբրեւ մէկ մարդ, եւ նրանք չեն կարող կանգնել մեր հեծելազօրի, մեր երիվարների դէմ. դրանցով կը ջնջենք նրանց, նրանց լեռները կը յագեցնենք իրենց արիւնով, նրանց դաշտերը կը լցուեն իրենց դիակներով, եւ այլեւս նրանք չեն կարող մեր դէմ կանգնել, այլ՝ իսպառ կը կորչեն,
4. ինչպէս ասում է բովանդակ երկրի տէր Նաբուքոդոնոսոր արքան. եւ քանի որ նա այսպէս է ասել, իզուր չեն լինի նրա բերանի խօսքերը:
5. Բայց դու, Ամոնի վարձկա՛ն Աքիոր, որ յանիրաւի խօսեցիր այս բաները, այլեւս չես տեսնի իմ երեսն այսօրուանից, մինչեւ չլուծեմ իմ վրէժն այդ ազգից, որ դուրս է եկել Եգիպտոսից. եւ այն ժամանակ իմ զօրքերի սուրը կը խրուի քո կողը,
6. եւ երբ ես վերադառնամ, դու կը կործանուես բազում վիրաւորների հետ: Բայց այժմ իմ ծառաները թող քեզ տանեն լեռների կողմը եւ քեզ պահեն մի քաղաքում, որ ճանապարհների վրայ է, եւ չես կորչի մինչեւ չսպանուես նրանց հետ միասին: Եւ եթէ քո սրտում յոյս ունես, թէ նրանք մահուան չեն մատնուի, այդ բանին վստահ մի՛ եղիր, որովհետեւ ես խօսեցի, եւ իմ խօսքերից ոչ մէկը իզուր չի անցնի»:
7. Հողոփեռնէսը հրամայեց իր ծառաներին, որ նրա առջեւ էին, բռնել ու կապել Աքիորին, նրան տանել Բետիղուա եւ նրան մատնել իսրայէլացիների ձեռքը:
8. Եւ նրա ծառաները բռնեցին նրան, դուրս տարան բանակից այնտեղի դաշտը, նրանք գնացին այդ դաշտից ու եկան լեռնակողմի աղբիւրների մօտ, Բետիղուայի ստորին մասը, որ Սամարիան է: Երբ քաղաքի տղամարդիկ նրանց տեսան լերան գագաթին, վերցրին իրենց զէնքերը եւ լերան գլխին յարձակուեցին նրանց վրայ: Բոլոր պարսատիկաւոր տղամարդիկ փակեցին նրանց ելքի ճանապարհը եւ քարկոծեցին նրանց:
9. Սրանք անցան լեռնալանջով, կապեցին Աքիորին, նրան գցեցին լերան ստորոտին ու վերադարձան իրենց տիրոջ մօտ:
10. Իսրայէլացիներն իջան քաղաքից, հասան նրան, արձակեցին կապանքները, տարան Բետիղուա եւ կանգնեցրին իրենց քաղաքի իշխանների առջեւ:
11. Այդ օրերին իշխաններն էին Միքիայի որդի Օզիան՝ Շմաւոնի տոհմից, եւ Մելքիէլի որդի Քարմին:
12. Քաղաքի բոլոր ծերերին, երիտասարդներին ու կանանց հաւաքեցին ժողովարանում եւ Աքիորին կանչեցին ամբողջ ժողովրդի առաջ. Օզիան հարցրեց նրան. «Ինչո՞ւ այդ բանը պատահեց քեզ հետ»: Նա պատասխան տուեց ու պատմեց Հողոփեռնէսի ժողովում ասուած խօսքերը եւ բոլոր այն խօսքերը, որ ինքն էր ասել ասորեստանցիների իշխանների առջեւ,
13. նաեւ այն խօսքերը, որ Հողոփեռնէսը յոխորտալով ասել էր Իսրայէլի տան մասին:
14. Երկրի ամբողջ ժողովուրդը ծնկի գալով երկրպագում էր Աստծուն, աղաղակում եւ ասում.
15. «Երկնքի Տէ՛ր Աստուած, տե՛ս նրանց ամբարտաւանութիւնը, ողորմի՛ր մեր ազգի խոնարհութեան համար եւ այս օրերին նայի՛ր մեզ՝ քո սրբութեանը, Տէ՛ր»:
16. Նրանք աղաչեցին, մխիթարեցին Աքիորին եւ շատ գովեցին նրան:
19. Օզիան նրան վերցրեց ժողովարանից եւ տարաւ իր տուն,
20. խրախճանք արեց ծերերի ու քահանաների հետ, եւ այդ ամբողջ գիշեր նրանք օգնութեան կանչեցին Իսրայէլի Տէր Աստծուն: