ԱՆՏԻՈՔՈՍ Դ-Ի ՄԱՀԸ
1․ Անտիոքոս կայսրը գնում էր վերին գաւառները: Նրան տեղեկացրին, որ Պարսից աշխարհի Լիմնէոս քաղաքի կողմերում կայ հռչակաւոր, ոսկով ու արծաթով հարուստ մի քաղաք,
2․ այնտեղ գտնուող մեհեանը խիստ հարուստ գանձեր ունի, այնտեղ կան ոսկեձոյլ մեծամեծ կուռքեր, բազում զէնքեր, զրահներ ու պատեաններ, որը թողել էր Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, որ նախ թագաւորել էր Յունաստանի վրայ,
3․ ապա եկել հասել էր այդ քաղաքը եւ ուզում էր գրաւել այն՝ կողոպտելու համար: Երբ դա իմացան քաղաքացիները,
4․ պատրաստուեցին ճակատամարտ տալու եւ թոյլ չտուեցին, որ նա քաղաք մտնի: Ալեքսանդրը վախեցաւ ու արեւելեան կողմերից գնաց Բաբելացիների երկիրը:
5․ Հարաւային կողմերից Անտիոքոս կայսեր մօտ գուժկան եկաւ ու յայտնեց, որ Հրէաստանի վրայ յարձակուած զօրքը կոտորուել է,
6․ որ բազմաթիւ զինուորներով առաջից գնացող Լիւսիասը պարտութեան է մատնուել նրանց կողմից, որ նրանք հզօրացել են զէնքերով, զօրքերով, շատ աւար են առել, կոտորել իրենց բանակները, իրենց կայքն ու ունեցուածքը բռնագրաւել,
7․ մեհեաններն աւերել, Երուսաղէմում զոհասեղանի վրայ շինուած կուռքերը կործանել, առաջուայ պէս բարձր պարիսպներով փակել սրբավայրը, դրա հետ նաեւ Բեթսոր քաղաքը:
8․ Երբ այս բանը լսեց թագաւորը, խիստ զարմացաւ, շուարեց ու զայրացաւ, անկողին ընկաւ ու հիւանդացաւ, քանի որ չէր կատարուել իր հրամանը:
9․ Այնտեղ նա մնաց բազմաթիւ օրեր, որովհետեւ նրա ցաւի տագնապները կրկնւում էին եւ նա կարծեց, թէ մեռնում է:
10․ Կանչեց իր բոլոր բարեկամներին ու ասաց. «Քունը կտրուել է աչքերիցս: Վախից սիրտս պայթում է:
11․ Մտածեցի ու ինքս ինձ ասացի. «Ինչպիսի նեղութիւններ ու բազմաթիւ խռովքներ են պաշարել քեզ այժմ»: Կար ժամանակ, որ իմ զօրքի համար ես քաղցր էի, բարերար ու սիրելի:
12․ Հիմա յիշում եմ այն չարիքները, որ գործեցի Երուսաղէմում. բռնագրաւեցի ոսկէ ու արծաթէ բոլոր սպասքները, իզուր զօրք հաւաքեցի, որ յարձակուելով բնաջինջ անեմ նրանց:
13․ Հիմա հասկանում եմ, որ այդ պատճառով եկան ինձ վրայ այս բոլոր չարիքները, եւ ահա ես տխուր ու տրտում կորչում եմ օտար երկրում»:
14․ Նա կանչեց Փիլիպպոսին՝ իր բարեկամներից մէկին, նրան իր ամբողջ թագաւորութեան վերակացու նշանակեց,
15․ նրան յանձնեց իր թագը, պատմուճանն ու մատանին, պատուիրեց բերել իր Անտիոքոս որդուն, սնել ու դաստիարակել եւ իր փոխարէն գահին նստեցնել նրան:
16․ Անտիոքոս արքան մահացաւ այնտեղ հարիւր քառասունինը թուականին:
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ
17․ Լիւսիասն իմանալով, որ արքան մեռել է, գահին նստեցրեց նրա որդի Անտիոքոսին եւ նրա անունը դրեց Եւպատոր 499Անտիոքոս:
18․ Թշնամի զօրքերից նրանք, որոնք արգելափակուած էին միջնաբերդում, նեղում էին իսրայէլացիներին, սրբարանի շուրջը անընդհատ չարիքներ էին գործում, հեթանոսներին աջակցում, ուստի քաղաքի բնակիչները որոշեցին բնաջնջել նրանց:
19․ Այն ժամանակ Յուդան հաւաքեց բոլոր զօրքերը,
20․ որոնք եկան, հաւաքուեցին մի տեղ ու շրջապատեցին նրանց: Նրանք պաշարեցին միջնաբերդը հարիւր յիսուն թուականին. շինեցին բազմաթիւ պատուարներ, նետաձիգ յարմարանքներ ու մեքենաներ:
21․ Պաշարուածներից ոմանք դուրս ելան արգելափակոցից ու միացան մի քանի անօրէն իսրայէլացիների:
22․ Նրանք գնացին արքայի մօտ ու ասացին. «Մինչեւ ե՞րբ դատաստան չես անելու եւ մեր եղբայրների վրէժը չես լուծելու:
23․ Մենք համաձայնել ենք ծառայել քո հօրը եւ կատարել նրա հրամանները:
24․ Դրա համար էլ մեր ժողովրդի որդիները նստում էին միջնաբերդի շուրջը. շատերը օտարանում էին մեզանից. ում էլ գտնում էին մեզնից, մահուան էին դատապարտում, յափշտակում մեր ունեցուածքը:
25․ Նրանք ձեռք բարձրացրին ոչ միայն մեզ վրայ, այլեւ իրենց բոլոր սահմաններում բնակուողների վրայ:
26․ Այժմ էլ եկել պաշարել են մեզ, փակել եւ շրջապատուած վիճակում են պահում Երուսաղէմի միջնաբերդը, որպէսզի գրաւեն այն, ինչպէս եւ սրբարանը: Անգամ ամրացրել են Բեթսորը:
27․ Եթէ չշտապէք, սրանից աւելի վատ գործեր կ՚անեն, եւ դուք այլեւս առաջն առնել չէք կարող»:
ԲԵԹՍԱԿԱՐԻԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
28․ Երբ դա լսեց թագաւորը, խիստ բարկացաւ, հրամայեց կանչել իր բարեկամներին ու զօրքի վրայ նշանակուած զօրապետներին:
29․ Այլ թագաւորութիւնից ու այլ կղզիներից նրա մօտ եկան բազմաթիւ վարձկան զինուորներ:
30․ Նրա զինուորների թիւը հասաւ հարիւր հազար վահանակիր ու նիզակաւոր հետեւակի, քսան հազար սպառազէն հեծեալի, երեսուներկու զինուած, մարտական փղերի:
31․ Եկան, անցան Եդոմի միջով, ճակատ կազմեցին, շրջապատեցին Բեթսոր քաղաքը եւ դրա շրջակայքում պատերազմեցին բազմաթիւ օրեր: Շուրջանակի դասաւորեցին ռազմական սարքերն ու մեքենաները, բայց պաշարուածները դուրս եկան քաղաքից, այրեցին մեքենաները եւ քաջաբար մարտի ելան նրանց դէմ:
32․ Յուդան ամրոցից շարժուեց գնաց միջնաբերդ, եկաւ բանակ դրեց Բեթսակարիայում, արքայի բանակի դէմ յանդիման:
33․ Թագաւորն առաւօտեան կանուխ վեր կացաւ, բանակը տարաւ տեղաւորեց Բեթսակարիայի ճանապարհի երկարութեամբ եւ զօրքերը դասաւորելով՝ պատրաստուեց ճակատամարտ տալու:
34․ Փող փչեցին, փղերին կազմ ու պատրաստ վիճակի բերելու համար խաղողի հիւթ, զմուռս ու գինի խմեցրին,
35․ դրանց բաժանեցին առանձին գնդերի, ամէն մի փղի մօտ դրեցին հազար սպառազէն զինուոր, իսկ ամէն մի գնդի գլխին իբրեւ պահապան դրեցին հինգ հազար հեծեալ իրենց սպառազէն նժոյգներով՝ իբրեւ գնդերի պաշտպան,
36․ որպէսզի փղերը ուր որ կանգնեն, այնտեղ կանգնեն նաեւ իրենք, եւ ուր որ փղերը գնան, այնտեղ գնան նաեւ իրենք:
37․ Փղերի վրայ տեղաւորեցին յարմարանքներ ունեցող վանդակակալ մարտկոցներ, փղապաններին նստեցրին նրանց գլուխներին,
38․ գնդի աջ ու ձախ թեւերին տեղաւորեցին մնացած այրուձին:
39․ Երբ արեգակն իր առաջին ճառագայթներն արձակեց, լեռների վրայ փայլատակեցին առհասարակ զրահաւոր, պատենաւոր, պղնձապատ վահանների շողերը: Ճառագայթները շողարձակում էին կրակի ցոլքերի նման:
40․ Ռազմաճակատը երկարեց, ստուարացաւ մասամբ դէպի լեռների բարձունքները, մասամբ դէպի ձորերը, մասամբ դէպի կիրճերն ու դաշտերը:
41․ Միահամուռ կերպով առաջ շարժուեցին առհասարակ բոլոր զինուածներն ու դասաւորուած շարքերը: Լսւում էին բազմութեան աղաղակները, զէնքերի շաչիւնը, ձիերի վրնջիւնը, վահանակիրների ոտքերի դոփիւնը:
42․ Յուդան եկաւ հասաւ իր բանակով, դասաւորեց գնդերը, պատրաստուեց, յարձակուեց, դէմ յանդիման բախուեց թագաւորի բանակին, նոյն տեղում, թագաւորի աչքի առաջ վեց հարիւր սպառազէն հեծեալների դիաթաւալ արեց:
43․ Այդ տեղում Եղիազար Աւարանը 500աչքերը վեր բարձրացնելով տեսաւ, որ զարդարուած ու զինավառ փղերից մէկը արքայական զէնք է կրում եւ տարբերւում է միւսներից: Կարծեց, թէ արքան հէնց դրա վրայ է,
44․ յարձակուեց այդ գնդի վրայ, աջ ու ձախ կոտորեց, գնաց հասաւ մինչեւ տարբերանշաններ ունեցող փղին,
45․ վերցրեց զէնքը, մտաւ փղի տակ, հարուածեց ու տապալեց նրան:
46․ Փիղը տապալուեց, ընկաւ նրա վրայ ու ճզմեց նրան:
47․ Երբ հրեաները տեսան թագաւորի բանակի ուժը, խոյս տուեցին նրանցից,
48․ սակայն ուր էլ գնում էին, նրանց ընդառաջ էին գալիս արքունի գնդերը, մինչեւ որ եկան հասան Երուսաղէմի կողմերը:
ՍԻՈՆ ԼԵՐԱՆ ՊԱՇԱՐՈՒՄԸ ԵՒ ԲԵԹՍՈՐԻ ԳՐԱՒՈՒՄԸ
Արքան եկաւ, բանակ դրեց Հրէաստանի ու Սիոն լերան մօտ:
49․ Նա խաղաղութիւն առաջարկեց Բեթսոր քաղաքին: Նրանք ելան ցրուեցին այդ քաղաքից, որովհետեւ այնտեղ պաշար չունէին երկար ժամանակ շրջափակուած լինելու պատճառով: Բացի այդ, երկրում հանգստեան տարի էր:
50․ Թագաւորը գրաւեց Բեթսոր քաղաքը եւ հրամայեց քաղաքում պահապան զօրք թողնել,
51․ իսկ ինքը երկար ժամանակ պաշարուած պահեց սուրբ քաղաքը: Նրա շուրջը կանգնեցրել էին մարտական սարքեր ու մեքենաներ, կրակ նետող յարմարանքներ, քարընկեցներ, քարագնդեր, բաբաններ, նետաձգութեան աշտարակներ ու պարսատիկաւորների աշտարակներ:
52․ Սրանք էլ իրենց կողմից քաղաքում սկսեցին նրանց ամէն մի յարմարանքի դիմաց մի յարմարանք տեղաւորել: Ճակատամարտ տալով կռւում էին շատ օրեր:
53․ Մթերքը պակասեց, որովհետեւ եօթներորդ տարին էր, ինչ երկրի գաղթականները սպառում էին կուտակուած մթերքները:
54․ Քիչ մարդիկ էին մնացել այնտեղ, սրբավայրում, որովհետեւ սովը գնալով սաստկանում էր, եւ ամէն ոք ցրուել էր իր տեղը:
ԱՆՏԻՈՔՈՍ Ե-Ն ԿՐՕՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ Է ՏԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻՆ
55․ Լիւսիասը լսեց, թէ Փիլիպպոսը, որին Անտիոքոսն ինքն էր հրամայել սնել ու դաստիարակել իր Անտիոքոս որդուն, որպէսզի նրան գահ նստեցնի,
56․ վերադարձել է Պարսկաստանից ու Պարթեւների երկրից, եւ որ ամբողջ զօրքը յարել է նրա կողմը, եւ ինքը կամենում է վերահասու լինել իր երկրի գործերին:
57․ Դրա համար նա, գալով, ասաց արքային ու բանակի բոլոր մեծամեծներին. «Զօրքերը միշտ նեղութեան մէջ են, մթերքները նուազել են, կերը պակասել: Այն վայրը, որի համար պատերազմ է մղւում, ամուր է ու ապահով, իսկ մենք գահակալական հոգսերով ենք տարուած:
58․ Արդ, եկէք հաշտութեան մասին խօսենք, դաշինք կնքենք, խաղաղութիւն հաստատենք այդ ազգի մարդկանց հետ:
59․ Մենք նրանց խոստանանք, որ նրանք իրենց բոլոր օրէնքները կը պահպանեն առաջուայ պէս: Նրանք մեզ վրայ բարկացել են այն բանի համար, որ մենք ստիպեցինք նրանց խախտել իրենց օրէնքները: Դրա համար էր, որ նրանք ընդդիմացան ու այս բոլոր բաներն արեցին»:
60․ Թագաւորին ու նրա իշխաններին խոհեմ թուացին այս խօսքերը: Նա բանագնացներ ուղարկեց խաղաղութիւն կնքելու համար: Նրանք ընդունեցին պայմանները,
61․ թագաւորն ու զօրապետները երդումով հաստատեցին իրենց խօսքը, որից յետոյ նրանք դուրս եկան ամրոցներից:
62․ Թագաւորը ելաւ Սիոն լեռը, տեսաւ այդ վայրի ամրութիւնը եւ դրժեց իր տուած երդումը. նա հրամայեց քանդել այն շրջապատող պարիսպները:
63․ Նա շտապ գնաց Անտիոքի կողմերը եւ տեսաւ, որ Փիլիպպոսը տիրել է քաղաքին: Նա ճակատամարտ տուեց նրա դէմ եւ բռնութեամբ առաւ քաղաքը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: