ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԲԵՏԻՂՈՒԱՆ
1. Յաջորդ օրը Հողոփեռնէսը պատուիրեց իր զօրքերին եւ հաւաքուածներին, որ եկել էին նրան օգնելու, արշաւել Բետիղուայի վրայ, գրաւել լեռնակողմի ելքը եւ հասնել ու պատերազմել իսրայէլացիների դէմ:
2. Այն օրը բոլոր տղամարդիկ, որ պատերազմ էին գնալու, կազմ ու պատրաստ էին: Ամբողջ հետեւակ զօրքը հարիւր եօթանասուն հազար էր, իսկ զինավառուած հեծելազօրը՝ տասներկու հազար, չհաշուած ամբողջ ժողովուրդը եւ մեծաթիւ հանդերձանքը:
3. Նրանք բանակ դրեցին հովտում, որ մօտիկ էր Բետիղուայի աղբիւրին, եւ լայնութեամբ տարածուեցին դէպի հարաւային կողմը՝ մինչեւ Դոթայիմ, մինչեւ Բելբեմ, իսկ երկարութեամբ Բետիղուայից մինչեւ Կիամ, որ հանդիպակաց է Եզրայէլոմին, այսինքն՝ Յեզրայէլին:
4. Երբ իսրայէլացիները տեսան այդ անչափ բազմութիւնը, խիստ տագնապեցին, եւ ամէն մարդ ասում էր իր ընկերոջը. «Հիմա սրանք կը ճարակեն ու կը լիզեն երկրի ամբողջ երեսը. էլ ո՛չ լեռների բարձունքները, ո՛չ ձորերն ու բլուրները չեն կարող դէմ կանգնել նրանց զօրութեանը»:
5. Եւ իսրայէլացիներից իւրաքանչիւր տղամարդ վերցրեց իր զէնքը, ջահեր վառեցին քաղաքի աշտարակների վրայ եւ ամբողջ գիշեր պահպանում էին այն:
6. Երկրորդ օրը Հողոփեռնէսը ամբողջ հեծելազօրը հանեց իսրայէլացիների դէմ, որոնք Բետիղուայում էին,
7. հասաւ նրանց քաղաքի ելքին, իմացաւ ջրի աղբիւրների տեղերը, շտապեց պաշարել դրանք, դրեց պատերազմող այրերի բանակների հսկողութեան տակ եւ ինքը վերադարձաւ իր բանակը:
8. Այն ժամանակ բոլոր ամոնացիները, ամբողջ ժողովուրդը, մովաբացիների առաջնորդները եւ ծովեզերքի բնակիչների զօրավարները եկան նրա մօտ եւ ասացին.
9. «Թող մեր տէրը լսի իր ծառաների խօսքը, որպէսզի քո զօրքերի վրայ հարուածներ չտեղան, որովհետեւ իսրայէլացիները չեն վստահում ո՛չ իրենց նիզակներին եւ ո՛չ զէնքերին, այլ ապաւինում են իրենց բարձր լեռներին, ուր բնակւում են իրենք: Նոյնիսկ անհնարին է նրանց հասնել: Եւ արդ, տէ՛ր, դու նրանց դէմ պատերազմ մի՛ տուր սովորական պատերազմի պէս, եւ քո զօրքերից ոչ մի տղամարդ չի ընկնի: Դու հանգիստ մնա՛ քո բանակում եւ կը փրկես քո զօրքերը, բայց քո ծառաները թող գրաւեն ջրերի աղբիւրները, որ դուրս են գալիս լերան ստորոտից, որովհետեւ քաղաքի բոլոր բնակիչները այդտեղից են խմում. նրանք կը կոտորուեն ծարաւից, իսկ յետոյ իրենք իսկ քո ձեռքը կը յանձնեն քաղաքը: Մենք մեր բոլոր զօրավարներով կը բարձրանանք լեռների մօտիկ բարձունքները եւ մի մարդու նման կը տեղաւորուենք
դրանց վրայ 481: Նրանք սովից ու ծարաւից կը մեռնեն. նախքան սուրը նրանց վրայ գալը իրենք, իրենց կանայք եւ իրենց որդիները դիտապաստ կ՚ընկնեն իրենց քաղաքի հրապարակներում, եւ դու կը հատուցես նրանց ի պատասխան նրանց չարութեան, որ փոխանակ անսալու, կռուի մէջ մնացին եւ խաղաղութեամբ չհնազանդուեցին քեզ»:
10. Այս խորհուրդը հաճելի թուաց Հողոփեռնէսին նրա բոլոր ծառաներին, եւ նա հրամայեց անել այնպէս, ինչպէս ասել էին: Ամոնացիների բանակը եւ նրանց հետ հինգ հազար էլ ասորեստանցիներից գնացին եւ բանակ դրեցին ձորահովտում եւ հասնելով՝ գրաւեցին իսրայէլացիների ջրի աղբիւրները: Եդոմացիները եւ ամոնացիները դուրս եկան եւ բանակ դրեցին Դոթայիմի հանդիպակաց լեռնակողմում: Նրանց մի մասին ուղարկեցին հարաւակողմը եւ դէպի հիւսիս՝ Եգրեբիլի հանդիպակաց կողմը, որ մօտիկ է Քուշին, որն էլ Քումուրի ձորի եզրին է: Իսկ Ասորեստանի միւս զօրքերը բանակ դրեցին դաշտում եւ ծածկեցին ամբողջ երկրի երեսը: Մնացեալ ժողովուրդը հանդերձանքով ու վրաններով տեղաւորուեց մեծ տարածութեան վրայ: Իսրայէլացիները կանչեցին իրենց Տէր Աստծուն, որովհետեւ ահից սարսափած մարել էին նրանց հոգիները, քանի որ թշնամին պատել պաշարել էր նրանց, եւ ոչ մի հնար չկար դուրս գալու նրանց միջից: Ասորեստանցիների զօրքերը ռազմակառքերով, իրենց երիվարներով ելան պաշարեցին նրանց երեսունչորս օր:
ՊԱՇԱՐՈՒԱԾՆԵՐԻ ՅՈՒՍԱԼՔՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՕԶԻԱՅԻ ՔԱՋԱԼԵՐՈՒԹԻՒՆԸ
11. Բետիղուայի բոլոր բնակիչները յուսահատուեցին ու թուլացան, եւ ջուրը սպառուեց նրանց բոլոր ամաններում, ջրհորների ջուրը վերջացաւ, մէկ օրուայ խմելու ջուր իսկ չմնաց, եւ ինչ խմում էին՝ չափով եւ կշռով էին խմում:
12. Նրանց կանայք եւ մանուկները վախի ու տարակոյսի մէջ էին, նրանց երիտասարդները թուլացել էին ծարաւից ու գլորուել քաղաքի հրապարակներում, դռների շեմին, եւ ոչ մի տեղից մխիթարութիւն չկար նրանց համար: Ամբողջ ժողովուրդը հաւաքուեց Օզիայի եւ քաղաքի իշխանների շուրջը. երիտասարդները, կանայք եւ մանուկները բարձր ձայնով լացեցին եւ ժողովրդի բոլոր ծերերի առջեւ ասացին.
13. «Թող Աստուած մեր եւ ձեր մէջ դատ անի, որովհետեւ դուք մեր հանդէպ անիրաւ գործ արեցիք՝ ասորեստանցիներին չարեցիք խաղաղութեան առաջարկ:
14. Եւ արդ, ոչ ոք չկայ, որ օգնի մեզ, այլ Աստուած մեզ նրանց ձեռքը մատնեց, որպէսզի դիտապաստ ընկնենք նրանց առջեւ եւ կորստի մատնուենք ծարաւից:
15. Այժմ դուք նրանց աղաչեցէ՛ք եւ, որպէս աւար, ամբողջ քաղաքը նրանց տուէ՛ք.
16. աւելի լաւ է մեզ համար մատնուել գերութեան եւ ծառայութեան, բայց ողջ մնալ, քանզի չենք կարող մեր աչքերով տեսնել մեր տղաների եւ կանանց մահը, քանի որ թուլացել, տկարացել են նրանց հոգիները:
17. Արդ, երկնքի ու երկրի առջեւ վկայում ենք ձեզ, մեր հայրերի Աստծուն, որ վրէժխնդիր է մեզանից մեր եւ մեր հայրերի մեղքերի համար, որպէսզի մեր օրերին նա չանի ըստ իր խօսքերի»:
18. Եւ ժողովի ժամանակ բոլորը միասին լացեցին, մեծ ողբ արեցին եւ բարձր ձայնով կանչեցին Տէր Աստծուն:
23. Օզիան նրանց ասաց. «Քաջալերուեցէ՛ք, եղբայրնե՛ր, համբերեցէ՛ք եւս հինգ օր, եւ այդ օրը Տէրը կ՚առաքի իր ողորմութիւնը մեզ վրայ,
24. որովհետեւ նա մեզ իսպառ չի լքի:
25. Բայց երբ այս օրերն անցնեն ու մեզ օգնութիւն չգայ, ես կ՚անեմ ձեր խօսքերի համաձայն»: Նա ժողովրդին արձակեց իրենց տները. նրանք գնացին դէպի քաղաքի աշտարակները եւ պարիսպները՝ թշնամիներից զգուշանալու համար: Բոլորն էլ վարանումի եւ մեծ տարակուսանքի մէջ էին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: