ՅՈՒԴԻԹԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԳՈՐԾԸ
1. Այն օրը այս բոլորը լսեց Յուդիթը, որ դուստրն էր Մերարիի, եւ սա՝ որդին Ոքոզիայի, եւ սա՝ որդին Յովսէփի, եւ սա՝ որդին Օզիէլի, եւ սա՝ որդին Ելկիի, եւ սա՝ որդին Ելիէսի, եւ սա՝ որդին Քելկիի, եւ սա՝ որդին Եղիաբի, եւ սա՝ որդին Նաթանայէլի, եւ սա՝ որդին Սամամիէլի, եւ սա՝ որդին Սարասադդի, եւ սա՝ որդին Իսրայէլի:
2. Յուդիթի ամուսինը՝ Մանասէն, նրա սերնդից եւ տոհմից էր: Նրա ամուսինը մեռաւ գարու հնձի ժամանակ,
3. երբ դաշտում իր հնձողների մօտ էր. խորշակը եկաւ եւ հարուածեց նրա գլխին, որից էլ մեռաւ իր քաղաքում՝ Բետիղուայում, եւ թաղուեց իր հայրերի մօտ, ագարակում, որ մօտիկ էր Դոթայիմին եւ Բալսոնին:
4. Յուդիթը երեք տարի չորս ամիս այրի նստած էր իր տանը:
5. Նա տաղաւար պատրաստեց իր տան տանիքի վրայ, իր մէջքին քուրձ գցեց եւ այրիութեան զգեստ առաւ իր վրայ:
6. Նա իր այրիութեան բոլոր օրերում ծոմ էր պահում, բացի շաբաթ օրից, ամսամուտից, տարեկան տօներից եւ Իսրայէլի տան ուրախութեան օրերից:
7. Նա տեսքով շատ գեղեցիկ էր: Նրա ամուսինը՝ Մանասէն, նրան թողել էր ոսկի, արծաթ, ծառաներ, աղախիններ, արտեր, ագարակներ եւ անասուններ: Յուդիթն ինքն էր խնամում ամէն ինչ:
8. Ոչ ոք չար բան չէր խօսում նրա մասին, որովհետեւ նա խիստ երկիւղ ունէր Աստծու հանդէպ:
9. Յուդիթը լսեց իշխանի մասին ժողովրդի ասած անիրաւացի խօսքը, քանի որ նրանք թուլացել էին ծարաւից. լսեց նաեւ Օզիայի խօսքերը, որ նա ասել էր ժողովրդին, ինչպէս երդուել էր, թէ հինգ օրից ասորեստանցիների ձեռքը կը յանձնի քաղաքը: Նա Օզիայի մօտ ուղարկեց իր այն նաժիշտին, որ պատասխանատուն էր նրա ամբողջ ունեցուածքի: Սա կանչեց Օզիային, Քաբրիին, Քարմիին եւ քաղաքի բոլոր ծերերին:
10. Նրանք եկան Յուդիթի մօտ: Յուդիթն ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, Բետիղուայի բնակիչնե՛ր, որովհետեւ ճիշտ չեն ձեր խօսքերը, որ այսօր ասացիք ժողովրդի առջեւ ու երդումով հաստատեցիք այն, ինչ խօսեցիք Աստծու եւ ձեր միջեւ. ասացիք, որ քաղաքը կը մատնէք մեր թշնամիների ձեռքը, եթէ Տէրը չուղարկի իր օգնութիւնը մեզ:
11. Արդ, դուք, որ այս օրերին փորձում էք Աստծուն եւ ձեզ Աստծու տեղ էք դնում մարդկանց որդիների մէջ,
12. ահա այժմ չէք հարցնում Ամենակալ Տիրոջը եւ ոչինչ չէք իմանում:
13. Եւ եթէ մարդու սրտի խորքն անիմանալի է, ու եթէ դուք նրանց սրտի խորհուրդները չէք հասկանում, ապա ինչպէ՞ս էք համարձակւում քննել Աստծուն, որ այս բոլորն արարեց, իմանալ նրա կամքը եւ կամ ըմբռնել նրա միտքը. քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ բարկացրէք մեր Տէր Աստծուն:
14. Եթէ նա չկամենայ մեզ օգնել այս հինգ օրերում, ապա նա իշխանութի՛ւն ունի մեզ պաշտպան լինելու այն օրերին, երբ կը կամենայ, եւ կամ մեզ կոտորել տալու մեր թշնամիների առջեւ:
15. Արդ, դուք գրաւ մի՛ դրէք ձեր 482Տէր Աստծու խորհուրդները, որովհետեւ Աստծուն չի կարելի մարդու նման սպառնալ եւ ոչ էլ մարդու որդու նման տանջել:
16. Ուրեմն, այժմ սպասելով՝ ակնկալենք նրանից ողորմութիւն գտնել, աղաչենք ու նրան օգնութեան կանչենք մեզ, եւ նա կը լսի մեր աղօթքի ձայնը, եթէ նրան հաճելի լինի.
17. քանզի այդպէս չի վարուել երբեք մեր ազգի նկատմամբ, այդպէս չի եղել մինչեւ այսօր ո՛չ մեր ազգի, ո՛չ մեր տոհմի, ո՛չ մեր ժողովրդի եւ ո՛չ մեր քաղաքի հետ:
18. Այժմ չեն երկրպագում ձեռակերտ կուռքերին, ինչպէս վաղնջական օրերում, որի պատճառով մեր հայրերը մատնուեցին սրի ու յափշտակութեան եւ մեծ կործանումով կործանուեցին իրենց թշնամիների առջեւ:
19. Բայց մենք ուրիշ Աստուած չճանաչեցինք, բացի նրանից, որին յուսացինք, որովհետեւ նա չի անտեսի մեզ
20. եւ մեր ազգը կորստեան չի մատնի այնպէս, ինչպէս դուք ասացիք, կամ աւարի չի մատնի մեր սրբութիւնները եւ կամ վրիժառու չի լինի թշնամիներից սրբութիւններն անարգելու, մեր եղբայրների մահուան, այս երկրի գերութեան համար: Նա մեր ժառանգութեան աւերումը մեր գլխին կը բերի հեթանոսների մէջ, ուր էլ որ ծառայելու լինենք նրանց: Մենք ամօթ եւ նախատինք կը դառնանք նրանց առջեւ, ովքեր իշխում են մեզ վրայ, որովհետեւ մեր ստրկութիւնը չի կարող ուրախութիւն լինել նրանց համար, այլ՝ մեր Տէր Աստուածն անարգանք եւ կործանում կը բերի նրանց:
21. Եւ արդ, եղբայրնե՛ր, մեր եղբայրներին ցոյց տանք, որ նրանց կեանքը մեզանից է կախուած, ու մեզ վրայ են հաստատուած ե՛ւ սրբութիւնները, ե՛ւ զոհասեղանը, ե՛ւ տաճարը: Արդ, այս բոլորի համար գոհութիւն յայտնենք մեր Աստծուն, որ փորձում է մեզ, ինչպէս փորձել է մեր հայրերին:
22. Յիշեցէ՛ք, թէ ինչ արեց Աբրահամին, թէ ինչ արեց Իսահակին, կամ՝ Յակոբին Ասորիքի Միջագետքում իր մօրեղբօր՝ Լաբանի հօտերն արածացնելիս,
23. քանզի նրանց չփորձեց իրենց սրտի խորհուրդները ճանաչելու համար. այդպէս էլ մեր մեղքերի համար վրիժառու չի լինի մեզնից, այլ Տէրը տանջում է իր մերձաւորներին՝ խրատելու եւ սովորեցնելու համար»:
28. Օզիան ասաց նրան. «Ինչ որ ասացիր, ամբողջ սրտով եւ բարի մտքով ասացիր, եւ ոչ ոք չկայ, որ դէմ կանգնի քո խօսքերին, որովհետեւ ոչ թէ լոկ այսօր յայտնի դարձաւ քո իմաստութիւնը, այլ սկզբի օրերից ամբողջ ժողովուրդն իմացաւ քո խելքը, քանի որ բարի են քո սրտի պտուղները: Բայց ժողովուրդը սաստիկ ծարաւեց, եւ մենք հարկադրուած եղանք անել այնպէս, ինչպէս խօսեցինք նրանց հետ. նրանք մեզ պարտաւորեցրին երդումով, որը չենք կարող դրժել: Արդ, դու խնդրուածքներով աղաչի՛ր Աստծուն, որովհետեւ դու արդար կին ես. Տէրը անձրեւ կ՚ուղարկի, կը լցուեն ջրհորները, եւ մենք այլեւս չենք նուաղի ծարաւից»:
30. Յուդիթն ասաց նրանց. «Դուք լսեցէ՛ք ինձ, մի բան պիտի անեմ, որի մասին պատմուելու է սերնդից սերունդ եւ որդուց մինչեւ որդի:
32. Դուք այս գիշեր կանգնեցէ՛ք քաղաքի դարպասի մօտ, ես դուրս կը գամ իմ այս նաժշտի հետ, եւ [այն օրը, երբ դուք կորոշեք] այս քաղաքը մատնել մեր թշնամիների ձեռքը, Տէր Աստուած ձեզ կ՚այցելի իմ միջոցով:
33. Դուք մի՛ քննէք իմ գործերը, որ անելու եմ, քանի որ ես ձեզ ոչինչ չեմ ասի, մինչեւ որ ես կատարեմ այն, ինչ անելու եմ»:
34. Օզիան, որ իշխանների հետ էր, ասաց նրան. «Գնա՛ խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Տէր Աստուածը քեզ հետ թող լինի՝ մեր թշնամիներից վրէժխնդիր լինելու համար»: Եւ նրանք Յուդիթի տաղաւարից վերադարձան՝ իւրաքանչիւրը պարսպի պահպանութեան իր տեղը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: