ՅՈՒԴԱՆ ԴԱՇԻՆՔ Է ԿՆՔՈՒՄ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
1․ Յուդան լսեց հռոմէացիների համբաւի մասին, թէ նրանք հզօր են իրենց ուժով, նրանք լաւ են համարում, եթէ մէկը դիմում է իրենց օգնութեանը կամ դաշնակից լինում իրենց: Նա լսեց, որ նրանք խիստ զօրացել են երկրի վրայ,
2․ նաեւ պատերազմներ մղելու շնորհիւ գրաւել են գաղատացիների կողմերը, ընկճել նրանց ու հարկատու դարձրել,
3․ նաեւ այն, թէ ինչ են արել ժամանակին իսպանացիների կողմերում՝ նրանցից գրաւել են հանքեր, որտեղից ոսկի ու արծաթ էին հանում, գրաւել են այդ վայրերն իրենց խելամտութեամբ ու իրենց համբերատարութեամբ, թէեւ այդ վայրը խիստ հեռու էր նրանցից:
4․ Լսեց նաեւ, որ երկրի հեռաւոր ծայրամասից նրանց վրայ յարձակուելու եկած թագաւորներից մի քանիսին կոտորել են, մեծ ջարդ տուել նրանց, իսկ մնացածներին տարեկան հարկի տակ դրել:
5․ Նրանք Փիլիպպոսին ու իրենց վրայ յարձակուած կինացիների արքային սպանել են պատերազմի ժամանակ ու ընկճել նրանց:
6․ Նրանցից պարտութիւն է կրել նաեւ ասիացիների մեծ արքան՝ Անտիոքոսը, որ եկել էր նրանց վրայ մեծ պատերազմով եւ որն ունէր հարիւր քսան փիղ, բազմաթիւ կառքեր ու երիվարներ:
7․ Նրան կենդանի են բռնել եւ ստիպել, որ հարկ վճարի:
8․ Ստիպել են նաեւ իրենից յետոյ եկած թագաւորներին պատանդներ ու փրկագին տալ, նրանից խլել են Հնդիկների, Պարթեւների, Լիդացիների երկրներն ու նրանց ընտիր գաւառները յանձնել են Եւմենիի արքային:
9․ Երբ լսել են նաեւ, թէ յոյները որոշել են գալ, կոտորել իրենց, երբ տեղեկացել են այդ մասին, ուղարկել են իրենց զօրավարներից մէկին,
10․ որն եկել ու ահեղ մի կռուի ժամանակ կոտորել է նրանց, բազմաթիւ մարդկանց սրախողխող արել, գերեվարել նրանց կանանց ու որդիներին, կողոպտել նրանց կայքն ու ունեցուածքը, երկիրն ստրկացրել, բերդերը քանդել, երկիրը հարկատու դարձրել մինչեւ օրս:
11․ Կոտորել են նաեւ խռովութիւն բարձրացրած միւս թագաւորութիւնների ու կղզիների մարդկանց, ստրկացրել նրանց:
12․ Բայց իրենց բարեկամների եւ նրանց հետ, ովքեր դիմել են իրենց օգնութեանը, անդաւաճան բարեկամութիւն են արել: Նրանք ընկճել են մօտիկ ու հեռաւոր բոլոր թագաւորութիւնները, եւ ովքեր մի անգամ լսել են նրանց անունը, վախեցել են նրանցից:
13․ Ում ուզեցել են, թագաւորութիւն են տուել, ում ուզեցել են, զրկել են իշխանութիւնից: Նրանք խիստ հզօրացել են:
14․ Հակառակ այս ամենին, նրանցից ոչ ոք յանձն չի առել, ի նշան իշխանութեան, թագ կրել կամ ծիրանի հագնել:
15․ Նրանք խորհրդարան են շինել, եւ ամէն օր երեք հարիւր քսան մարդ հոգ է տարել զօրքի մասին, որպէսզի երկիրը շէն պահեն:
16․ Ամէն տարի նրանցից մէկը, ով արժանաւոր է եղել, նշանակուել է իշխանութեան ղեկավար, որպէսզի կառավարի իրենց ողջ երկիրը: Բոլորը հնազանդութեամբ լսել են մէկին, նրանք միմեանց նկատմամբ ոխ կամ նախանձ չեն ունեցել:
17․ Այն ժամանակ Յուդան ամէն մի գնդից ընտրեց մարդիկ՝ Ակկոսի որդի Յովնաթանի որդի Եւպոլեմոսին եւ Եղիազարի որդի Յասոնին, նրանց ուղարկեց Հռոմ քաղաքը, որպէսզի սրանք նրանցից հաշտութիւն եւ օգնութիւն խնդրեն,
18․ որպէսզի իրենց վրայից վերացնեն ստրկութեան այն լուծը, որ յոյները դրել էին իսրայէլացիների վրայ:
19․ Նրանք գնացին հռոմէացիների կողմերը: Ճանապարհը երկար էր: Բանագնացները եկան հասան ու նրանց հանդիպեցին խորհրդարանում: Նրանք կանգնեցին մէջտեղում ու սկսեցին յայտնել, թէ ինչ պատգամներով են եկել:
20․ «Յուդա Մակաբայեցին, իր եղբայրներն ու Հրէաստանի բոլոր սեպուհները ուղարկել են մեզ, որ ձեզ հետ հաշտութեան մասին խօսենք, ձեզ մեր օգնականը դարձնենք եւ ձեզանից խաղաղութիւն խնդրենք, որ դուք էլ մեզ ձեր նիզակակիցն ու բարեկամը համարէք»:
21․ Այս խօսքերը նրանց հաճելի թուացին:
22․ Ահա այս է այն հրովարտակի պատճէնը, որ պղնձէ տախտակների վրայ նրանք գրեցին նրանց համար, ուղարկեցին Երուսաղէմ եւ թողեցին նրանց մօտ իբրեւ օգնութեան ու խաղաղութեան վկայագիր.
23․ «Խաղաղութիւն եւ բարեգործութիւն թող լինի Հրէաստանի ու հռոմէացիների միջեւ, ծովի ու ցամաքի վրայ, թող սուրն ու թշնամին հեռու լինեն նրանցից:
24․ Իսկ եթէ պատերազմ լինի նախ հռոմէաեցիների կամ նրա բարեկամներից որեւէ մէկի դէմ նրանց պետութեան ողջ տարածքում,
25․ ապա անմիջապէս նրանց կամովին թող օգնեն հրէական գնդերը ըստ ժամանակի պահանջի:
26․ Նրանք թշնամու կողմը չպէտք է անցնեն, արծաթով, ոսկով, զէնքով կամ նաւերով չպէտք է օգնեն թշնամիներին, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին: Այս պատուիրանները պէտք է նրանք պահպանեն առանց հատուցում պահանջելու:
27․ Նոյն ձեւով եթէ հրեաների դէմ պատերազմ լինի, հաւատարմութեամբ, կամովին շտապ օգնութեան պէտք է հասնեն հռոմէացիներն էլ ըստ ժամանակի պահանջի,
28․ թշնամուն չպէտք է տան ոսկի, արծաթ, զէնք կամ նաւեր, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին: Այս պատուիրանները նրանք պէտք է պահպանեն առանց նենգութեան:
29․ Ահա այսպիսի պայմաններ կապեցին հռոմէացիները հրեաների գնդի հետ.
30․ իսկ եթէ այդ պայմաններից յետոյ այս կամ այն կողմը որեւէ բան ունի հանելու կամ աւելացնելու, ապա դա թող անեն, ըստ հարկի, երկու կողմերի համաձայնութեամբ եւ պահեն անխախտ:
31․ Նրանց նկատմամբ չարագործութիւն կատարող Դեմետրիոս արքային կը գրենք. «Ասա՛, ինչո՞ւ էք լուծ դնում մեր նիզակակից բարեկամների պարանոցին:
32․ Իմացէ՛ք, որ եթէ նրանք բողոքեն քեզանից, արդար դատաստան կը տեսնենք, քո դէմ կռուի կ՚ելնենք, լինի ծովի վրայ թէ ցամաքում»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: