Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 2

ԱՍՏՈՒԱԾ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՄՕՏ
   
1. Այս տեսիլքը նման էր Տիրոջ փառքին: Երբ այն տեսայ՝ երեսս ի վայր ընկայ եւ լսեցի մի ձայն, որ խօսում էր ինձ հետ ու ասում. «Մարդո՛ւ որդի, ոտքի՛ կանգնիր, խօսելու եմ հետդ»:
2. Եւ Հոգին եկաւ վրաս, բարձրացրեց ինձ ու կանգնեցրեց ոտքերիս վրայ:
3. Ու լսում էի, որ նա խօսում էր հետս ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ այդ դառնացուցիչ Իսրայէլի տունը. նրանք իրենք եւ նրանց հայրերը դառնացրել են ինձ, անարգել են ինձ մինչեւ այսօր:
4. Ում մօտ որ ես քեզ ուղարկում եմ՝ պնդերես ու խստասիրտ որդիներ են. կ՚ասես նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը»:
5. Եթէ պատահի, որ լսեն կամ սարսափեն 860 (քանի որ դառնացնողների տուն են) եւ կամ ամբողջովին ընդունեն, որ դու նրանց մարգարէն ես, -
6. դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ զայրանալով պիտի զայրանան ու քեզ վրայ պիտի յարձակուեն, քանի որ կարիճների մէջ բնակուելիս պիտի լինես դու: Նրանց խօսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ դառնացնողների տուն են:
7. Նրանց իմ խօսքերը կ՚ասես. արդեօք պիտի լինի՞, որ լսեն կամ սարսափեն, քանի որ դառնացնողների տուն են, -
8. դու էլ, մարդո՛ւ որդի, անսա՛ այն խօսքերին, որ ասում եմ քեզ. դառնացնողների տան պէս դառնացնող մի՛ լինի, բա՛ց բերանդ ու կե՛ր, ինչ որ իբրեւ կերակուր տալիս եմ քեզ»:
9. Եւ տեսայ, որ ահա մի ձեռք էր երկարել դէպի ինձ ու դրա մէջ մի մագաղաթ կար: Բացեց այն իմ առաջ, ու դրա վրայ, ներքեւում ու վերեւում, գրուած էին ողբեր, աղաղակներ ու վայեր: