Գիրք` 33. Ամոս

Գլուխ 3

ՏԻՐՈՋ ԿՇՏԱՄԲԱՆՔԸ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ
   
1․ Լսեցէ՛ք այս պատգամը, որ Տէրը խօսեց Իսրայէլի ձեր այդ տան եւ բոլոր այն տոհմերի դէմ, որոնց հանեց Եգիպտացիների երկրից:
2․ «Երկրի բոլոր ազգերից միայն ձե՛զ ընտրեցի, այդ պատճառով էլ ձե՛զ պիտի պատժեմ ձեր բոլոր չարիքների համար»:
   
ՄԱՐԳԱՐԷՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
   
3․ Երկու մարդ միասին կը գնա՞ն երբեւէ, եթէ չճանաչեն իրար:
4․ Առիւծը կը մռնչի՞ անտառում, եթէ նա որս չի արել, առիւծի կորիւնը ձայն կը տա՞յ իր որջից, եթէ նա ոչինչ յափշտակած չլինի:
5․ Թռչունը գետին կ՚ընկնի՞ առանց թռչնորսի, գետնի վրայ թակարդը կը շրխկա՞յ, եթէ ոչինչ չի բռնուել:
6․ Կը լինի՞, որ քաղաքում փող հնչի, եւ ժողովուրդը չխռովուի. քաղաքում չարիք կը պատահի՞, եթէ Տէրը չի արել այն:
7․ Դրա համար Տէրը ոչինչ չի անի, եթէ իր գաղտնի խորհուրդը չյայտնի իր ծառայ մարգարէներին:
8․ Եթէ առիւծը մռնչայ, ո՞վ է որ չի սարսռայ: Եթէ Տէր Աստուածը խօսեց, ո՞վ է, որ չի մարգարէանայ:
   
ՍԱՄԱՐԻԱՅԻ ԴԷՄ
   
9․ Յայտնեցէ՛ք Ասորեստանի գաւառներում, Եգիպտացիների երկրի գաւառներում եւ ասացէ՛ք. «Հաւաքուեցէ՛ք Սամարիայի լերան վրայ եւ տեսէ՛ք բազում [սանձարձակ] գործերն ու բռնութիւնը, որ կատարւում են այնտեղ:
10․ Նրանք չիմացան իրենց պատահելիք եղեռնը, - ասում է Տէրը, - քանի որ նրանք [գանձի նման], անօրէնութիւն եւ թշուառութիւն էին [դիզում] իրենց գաւառներում»:
11․ Դրա համար այսպէս է ասում Տէրը Տիւրոսին. «Այն երկիրը, որ քո շուրջն է, կ՚աւերուի, կը խորտակուի քո ամբողջ զօրութիւնը, եւ կը յափշտակուեն քո գաւառները»:
12․ Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս հովիւը կը կարողանայ առիւծի բերանից ազատել երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպէս պիտի փրկուեն իսրայէլացիները, որոնք ապրում են Սամարիայում նրանց ազգի դէմ դիմաց եւ դամասկացիների մէջ:
13․ Քահանանե՛ր, լսեցէ՛ք եւ վկայութիւն տուէք Յակոբի այդ տանը, - ասում է Ամենակալ Տէրը,
14․ քանի որ այն օրը, երբ Իսրայէլի ամբարշտութեան պատճառով պիտի պատժեմ նրան, վրէժ պիտի առնեմ նաեւ Բեթէլի զոհասեղանից, պիտի փշրուեն զոհասեղանի եղջիւրները եւ գետին ընկնեն:
15․ Ես պիտի խորտակեմ ընդարձակ ապարանքներն ու ամարանոցները, պիտի անհետանան փղոսկրեայ ապարանքները, եւ շատ ուրիշ ապարանքներ պիտի ընկնեն», - ասում է Տէրը: