ե) ԱՇՏԱՆԱԿԻ ՏԵՍԻԼՔԸ
1․ Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ.
2․ «Ի՞նչ ես տեսնում դու»: Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթը ճրագ, ճրագների վրայ՝ եօթը բերաններ»:
3․ Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ, մէկը՝ վառուած գնդի աջ կողմում եւ մէկը՝ ձախ կողմում:
4․ Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»:
5․ Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»: Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»:
ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄԸ ԶՕՐԱԲԱԲԷԼԻՆ
6․ Պատասխան տուեց Հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զօրաբաբէլին՝ ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ հոգո՛վ, - ասում է Ամենակալ Տէրը:
7․ Ո՞վ ես դու՝ մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զօրաբաբէլի առաջ, ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»:
8․ Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց.
9․ «Զօրաբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս Տանը եւ նրա ձեռքերն էլ կը կանգնեցնեն դա»: Երբ դա պատահի, դու կ՚իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ:
10․ Արդարեւ, ո՞վ է նա, որ արհամարհեց փոքր գործերը եւ պիտի խնդայ. պիտի տեսնեն անագէ քարը Զօրաբաբէլի ձեռքին. սրանք են այն եօթը աչքերը, որ նայում են ամբողջ երկրին»:
11․ Պատասխանեցի եւ ասացի նրան. «Իսկ ի՞նչ են երկու ձիթենիները, որ կան աշտանակի աջ եւ ձախ կողմերում»:
12․ Կրկին հարցրի եւ ասացի նրան. «Ի՞նչ են ձիթենու այն երկու ոստերը, որոնք երկու ոսկեայ ճրագաբերանների՝ երկու խողովակների միջոցով հեղում են ոսկեգոյն իւղը»:
13․ Ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»: Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»: Եւ Նա ասաց ինձ. «Դրանք պարարտութեան որդիներն են, որ կանգնած են ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: