ԽՆԴՐԱՆՔ
Երեմիա մարգարէի աղօթքը
1․ Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչե՜ր կատարուեցին մեզ հետ, նայի՛ր եւ տե՛ս մեր կրած նախատինքները:
2․ Մեր ժառանգութիւնն անցաւ օտար ազգերին, մեր տները ՝ օտարականներին:
3․ Որբ մնացինք մենք, հայր չկար մեզ համար, մեր մայրերը մեր աչքի առաջ այրիացան:
4․ Մեր ջուրը փողով խմեցինք, եւ մեր փայտը գնելու հոգսը միշտ մեր վզին է ծանրացած:
5․ Հալածական եղանք եւ հանգստութիւն չգտանք:
6․ Եգիպտացիներն ու ասորաստանցիները ձեռք մեկնեցին ՝ մեզ հացով կշտացնելու համար 850
7․ Մեր հայրերը մեղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկայ, եւ հայրերի մեղքը մենք ենք քաշում:
8․ Մեզ վրայ տիրեցին ծառաները, եւ այլեւս նրանց ձեռքից մեզ փրկող չկայ:
9․ Անապատի սրի ահից եկէք մեր պաշարները ներս տանենք:
10․ Սոսկալի սովի երեսից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տուել:
11․ Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կոյսերին՝ Յուդայի երկրի քաղաքներում:
12․ Ծերերին կախեցին իրենց բութ մատներից 851, չխնայեցին նաեւ պառաւներին:
13․ Ընտիր ու պատուական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արուելով, ուժասպառ եղան:
14․ Ծերերն այլեւս չէին նստում դարպասների մօտ, իսկ ընտրեալ մարդիկ դադարեցին օրհնութիւններ երգելուց:
15․ Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, եւ մեր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի:
16․ Պսակը վայր ընկաւ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք:
17․ Ահա թէ ինչու ցաւն առաւ մեր սրտերը, ահա թէ ինչու մեր աչքերին խաւարը պատեց Սիոնի լերան վրայ,
18․ որն աւերակ է դարձել, եւ աղուէսներն են ելումուտ անում նրա սրահներում:
19․ Տէ՛ր, կաս յաւիտեան, եւ քո աթոռը մնում է սերնդից սերունդ:
20․ ԻՆչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ:
21․ Ե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տեր, եւ մենք կը վերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս վաղնջական ժամանակներում:
22․ Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկութիւնն անչափ բորբոքուեց մեզ վրայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: