ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է
1. Նա ականջիս բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Մօտեցել է այդ քաղաքը պատժելու ժամը»: Ամէն մարդ սպանութեան գործիք ունէր ձեռքին:
2. Ահա վեց մարդ էր գալիս դէպի հիւսիս նայող բարձր դռան ճանապարհով՝ իւրաքանչիւրի ձեռքին տապար: Դրանց մէջ էր նաեւ սքեմով մի մարդ՝ մէջքին շափիւղաներով ականակապ գօտի 869: Մտան կանգնեցին պղնձէ զոհասեղանի առաջ:
3. Եւ Իսրայէլի Աստծու փառքը, որ տաճարում էր, քերովբէներից վեր օդ բարձրացաւ: Կանչեց այն մարդուն, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր:
4. Տէրն ասաց նրան. «Անցի՛ր Երուսաղէմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծում են ու հոգոց հանում այդ վայրերում կատարուած անօրէնութիւնների վրայ»:
5. Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. «Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք:
6. Գթասիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին: Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք: Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք: Սկսեցէ՛ք իմ սրբարանից»: Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին:
7. Եւ ասաց նրանց. «Պի՛ղծ համարեցէք այդ տունը, լցրէ՛ք այդ տունը դիակներով, ելէ՛ք, հարուածեցէ՛ք, կոտորեցէ՛ք այդ քաղաքը»:
8. Եւ ես նայեցի ու տեսայ, որ կոտորում էին նրանց: Երեսս ի վայր ընկայ, աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տէր. ահա դու ջնջում ես Իսրայէլի այդ տան մնացորդներին՝ քո զայրոյթը Երուսաղէմի վրայ թափելով»:
9. Եւ Տէրն ասաց ինձ. «Իսրայէլի ու Յուդայի երկրի այդ տան անիրաւութիւնները սաստիկ շատացան, որովհետեւ այդ երկիրը լցուեց ժողովուրդների բազմութեամբ, այդ քաղաքն էլ՝ անօրէնութեամբ ու պղծութեամբ, որովհետեւ ասացին, թէ՝ «Տէրը լքել է երկիրը, այլեւս չի նայում երկրին»:
10. Արդ, գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ նրանց ընթացած ճանապարհի էլ պիտի հատուցեմ նրանց»:
11. Եւ ահա այն մարդը, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր, պատասխանեց ու ասաց. «Արեցի, ինչպէս որ հրամայել էիր ինձ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: