Գիրք` 8. Պօղոս Առաքեալի երկրորդ թուղթը կորնթացիներին

Գլուխ 5

   
1. Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում:
2. Եւ այս մարմնի մէջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք երկնքի բնակութիւնը հագնել:
3. Միայն թէ, երբ այն հագնենք, մերկ չլինենք.
4. քանի որ, մինչ այս հողեղէն տան մէջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպէսզի, ինչ որ մահկանացու է, կլանուի կեանքից:
5. Եւ Աստուած է, որ մեզ պատրաստում է այս փոփոխութեանը, նա, որ տուեց մեզ Հոգու առհաւատչեան:
6. Արդ, ամէն ժամ քաջութիւն ունենք եւ գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մէջ, օտարանում ենք Տիրոջից
7. (որովհետեւ հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած):
8. Եւ վստահութիւն ունենք ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծու մօտ:
9. Ուստի հոգ ենք տանում, որ, մնանք թէ դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան.
10. քանզի մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար:
   
ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ՝ ՔՐԻՍՏՈՍՈՎ
   
11. Իսկ արդ, գիտենալով Տիրոջ երկիւղի չափը՝ ջանում ենք համոզել մարդկանց. սակայն յայտնի ենք Աստծու առաջ. եւ ես յոյս ունեմ, որ ձեր խղճմտանքի առաջ էլ յայտնի կը լինենք:
12. Ոչ թէ մենք մեզ կրկին ենք յանձնարարում ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ՝ մեզնով պարծենալու համար, որպէսզի պատասխան ունենաք նրանց դէմ, որոնք աչքին երեւացածով են պարծենում եւ ոչ թէ սրտում եղածով.
13. որովհետեւ, եթէ մենք ցնորուել ենք էլ, Աստծու համար է այն. եւ եթէ զգաստ ենք, ձեզ համար է այն.
14. որովհետեւ Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու 1119 այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին.
15. եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար:
16. Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ, թէպէտեւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նոյն ձեւով չենք ճանաչում:
17. Իսկ եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ 1120:
18. Եւ ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը:
19. Քանզի Աստուած էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշուի չառաւ նրանց մեղքերը ու տուեց մեզ հաշտութեան խօսքը:
20. Արդ, պատգամաւորներ ենք Քրիստոսի, որպէս թէ ինքն Աստուած մեզնով կոչ ուղղէր ձեզ. աղաչում ենք յանուն Քրիստոսի, որ հաշտուէք Աստծու հետ.
21. որովհետեւ նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստուած մեզ համար մեղաւոր արեց, որպէսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները լինենք: