1. Ամէն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրուելով, պաշտօն ունի մարդկանց կողմից Աստծու հետ յարաբերութեան մէջ լինելու, որպէսզի ընծաներ եւ զոհեր մատուցի մեղքերի համար:
2. Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել տգէտներին եւ մոլորուածներին, քանի որ ինքն էլ տկարութեամբ պատած մարդ է.
3. դրա համար պէտք է, որ նա, ինչպէս ժողովրդի, այնպէս էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի համար:
4. Եւ որեւէ մէկը ոչ թէ ինքն իրենից է առնում այս պատիւը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչուած, ինչպէս որ՝ Ահարոնը:
5. Նոյնպէս եւ Քրիստոս ոչ թէ ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց.
- «Դու ես իմ որդին,
ես այսօր ծնեցի քեզ»:
6. Ինչպէս որ մի ուրիշ տեղ էլ ասում է.
- «Դու յաւիտեան քահանայ ես,
ըստ Մելքիսեդեկի կարգի»:
7. Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահուանից: Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար
8. Թէպէտեւ Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց.
9. եւ կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդուողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձա
10. եւ Աստծուց անուանուեց յաւիտեանների Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՒԱՏԸ ԼՔԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՑ
11. Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ:
12. Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի.
13. քանի որ, ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է.
14. իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: