Եզեկիելի մարգարեության մեկնություն 48։15

Ա. Լոպուխին

«Իսկ այն մնացած հինգ հազար [եղեգ] (կանգուն) լայնությամբ և քսանհինգ հազար [եղեգ] (կանգուն) երկարությամբ [տարածքը] պիտի հատկացվի քաղաքին` ընդհանուր օգտագործման, բնակության և ազատ տարածքի համար. քաղաքը պիտի լինի մեջտեղում»։ [15] (Սինոդական թարգ․)
   

    Չնայած որ միայն քահանաների և ղևտացիների հողակտորներն են սրբազան հողաբաժնի մաս համարվում, այդուհանդերձ ամբողջ հրապարակը, որի մի մասն են կազմում նշված հողակտորները, միայն այս վերոնշյալ հանգամանքից ելնելով` ոչ սովորական բնույթ է ստանում։ Ի դեպ, այս հրապարակի մնացած հատվածները, մասնավորապես՝ նրա հարավային և արևելյան-արևմտյան ծայրամասերը, պատկանում են այնպիսի տիրակալների, որոնք իրենց սրբությամբ կամ, նվազագույնը, իրենց ունեցած դերով և նշանակությամբ առավել մոտ էին գտնվում սրբազան արարողությունների և եկեղեցական ծիսակատարությունների սպասավորներին…

    Այստեղից պարզ է դառնում, թե ինչու է մարգարեն վերջին երկու սեփականությունները ներկայացնում որպես առաջինի (սրբազան հողաբաժնի) հետ նույնական: Այդուհանդերձ, թե' մեկը և թե' մյուսը՝ քաղաքային հողաբաժինը և իշխանական հողաբաժինը, իրականում իրենցից առանձնապես մեծ սրբություն չէին ներկայացնում։

    «Մնացածը», որոնք գտնվում էին Հուդայի և Բենիամինի հողաբաժինների միջև ընկած հրապարակում։

    «Ընդհանուր օգտագործման համար…» - եբրայեցերենում` «gu khol», Վուլգաթայում` «profana erunt» - «չսրբագործված» (տե՛ս Եզեկ. 42:20-րդ համարի բացատրությունը): Յոթանասնից թարգմանությունն ավելի ազատորեն է թարգմանում՝ «proteicima» - «արվարձան», Ակիլլայի թարգմանության մեջ` «bebhlon», Սիմմաքոսի և Թեոդոտիոնի թարգմանություններում` «laikon»:

    «Ազատ տարածք» (արվարձաններ) – եբրայեցերենում` «migrash», կամ էլ` «արոտավայր», «հանդ»: Յոթանասնից թարգմանության մեջ` «diasthma» - «հեռավորություն» (այնպես, որ քաղաքի և տաճարի միջև որոշակի հեռավորություն լինի):
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Բայց քսանհինգ հազարից մնացած հինգ հազար լայնութեամբ հողամասը քաղաքի դրսի պատուարը կը լինի, իբրեւ բնակավայր ու ազատ տարածութիւն: Քաղաքը դրա մէջտեղում կը լինի:
(Արարատ թարգ․) Եվ այն քսանհինգ հազարի կողքին լայնությամբ մնացած հինգ հազարը ոչ սուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակության համար և ազատ տարածքի համար, և քաղաքը նրա մեջ պիտի լինի։
(Գրաբար) Բայց հինգ հազարն աւելո՛րդ լայնութեամբ առ քսան և հինգ հազարին, պատուար արտաքոյ քաղաքին լիցին ‘ի բնակութիւն և յարձակավայրս նորին. և եղիցի քաղաքն ‘ի միջի նորա: