Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի սպանիր, իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի»»։
   
    Չնայած Քրիստոս Ինքն է տվել այս պատվիրանը, սակայն Նա դեռևս խոսում է դրա մասին ոչ անձնապես։ Իրոք, եթե Նա ասեր. «Դուք լսել եք, որ Ես ասել եմ նախնիներին», լսողները չէին ընդունի այդ խոսքերը և կվիրավորվեին դրանցից։ Դարձյալ, եթե Հիսուս ասեր. «Դուք լսել եք, որ ասվել է նախնիներին Իմ Հոր կողմից», իսկ հետո ավելացներ. «Իսկ Ես ասում եմ», Նրա խոսքերը նրանց կթվային մեծամտություն։ Ուստի Հիսուս պարզապես ասում է` «ասվեց»` նպատակ ունենալով միայն ցույց տալ, որ Ինքը համապատասխան ժամանակին է խոսում այդ մասին։ «Ինչ ասվեց նախնիներին» խոսքերից պարզ երևում էր, որ արդեն շատ ժամանակ էր անցել այն պահից, երբ հրեաները ստացել էին այդ պատվիրանը։ Եվ Քրիստոս սա անում է, որպեսզի ամաչեցնի լսողին, որը հրաժարվում է կատարել ավելի բարձր պատվիրանները։ Դա նման է նրան, թե ուսուցիչը ծույլ երեխային ասեր. «Դու դեռ չգիտե՞ս, թե որքան ժամանակ ես կորցրել վանկեր սովորելով»։ Նույնն էր նկատի ունենում նաև Քրիստոս, երբ հիշատակում էր նախնիներին։ Ցանկանալով Իր ունկնդիրներին հաշտեցնել ավելի բարձր ուսմունքի հետ` Հիսուս կարծես այսպես է ասում. «Արդեն բավական ժամանակ դուք ապրել եք սրանով, վերջապես ժամանակն է անցնել ավելի բարձրին»։ Հարկ է նշել նաև, որ Տերը չի խախտում պատվիրանների կարգը, այլ սկսում է այն առաջինից, որով սկսվում է նաև օրենքը։ Եվ սա ցույց է տալիս Նրա ուսմունքի համապատասխանությունն օրենքին։
    «Դուք լսել եք, - ասաց Տերը, - թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի սպանիր»»: Սա հինկտակարանյան օրենքն է. եկեք նայենք Նոր Կտակարանին. «Ամեն ոք, ով իզուր բարկանում է իր եղբոր վրա, գեհենի կրակին կարժանանա»: Ասա՛ ինձ, արդյոք այս պատվիրանները հակասո՞ւմ են միմյանց: Մարդկանցից ո՞վ է, որ գոնե մի փոքր բանականություն ունենալով` կարող է այսպիսի բան ասել: Եթե նախկին օրենքը պատվիրեր՝ «Մի սպանիր», իսկ սա պատվիրեր սպանել, ապա, գուցե, ինչ-որ մեկը կասեր, որ դրանց միջև հակասություն կա: Բայց եթե այն պատվիրում է չսպանել, իսկ սա՝ նույնիսկ չբարկանալ, ապա այս վերջին օրենքն այն առաջինի շեշտադրումն է, այլ ոչ թե` հակառակը: Այն առաջին օրենքը ոչնչացրեց չարության պտուղը՝ սպանությունը, իսկ սա արմատախիլ արեց նաև բուն արմատը՝ բարկությունը: Այն կանխեց անօրինության հոսքը, իսկ սա չորացրեց նաև դրա աղբյուրը, քանի որ սպանության աղբյուրն ու արմատը զայրույթն ու բարկությունն են: Այն առաջին օրենքը պատրաստում էր մեր բնությունը, իսկ սա գալով` լրացրեց պակասը: Ո՞ւր է հակասությունը, երբ մի օրենքը կանխում է չարիքի վերջը, իսկ մյուսը՝ սկիզբը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի:
   
    Լսեցիք, որ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև ով սպանում է, դատաստանի ենթակա կլինի:

    Քարեղեն երկրորդ տախտակների վրա Աստծո գրած տասնաբանյա օրենք ներից մեկն է նաև սա. «Մի՛ սպանիր» (Ելք 20:13), որովհետև այս գործը հակառակ է Աստծուն: Ով բանական հոգին անբան շնչով կապեց թանձր մարմնին, Նա՛ իրավունք ունի կապը քանդելու և վերստին ավելի բարձր կերպով կապելու, Նա, Ով ասաց. «Ե՛ս եմ սպանում և Ե՛ս կենդանացնում» (Բ Օր. 32:39), և ո՛չ թե քո հանդգնությունը: Իսկ եթե մեկը հանդգնում է խախտել Նրա օրենքը և քանդել հոգու պահարան մարմինը, ենթա կա կլինի դատաստանի, ասում է [Տերը]:

    Սպանությունը երկու կերպ է լինում՝ կամավոր և ակամա, և սրանք էլ [ի րենց հերթին են լինում] երկու տեսակ՝ հոգևոր և մարմնավոր. հոգևոր, ինչպես, [օրինակ], ատելությունը՝ ըստ Հովհաննես [առաքյալի]. «Ով ատում է իր եղբորը, մարդասպան է», և մարմնավոր՝ ինչպես գրում է Դավիթը. «Արյունահեղ և նենգավոր մարդուց Դու գարշում ես, Տե՛ր» (Սաղմ. 4:7):

    Կամավոր սպանությունը լինում է վեց կերպ: Առաջին՝ գործով, երբ մեկին հարվածում են՝ կա՛մ խոսքով, այսինքն՝ հրամանով, կա՛մ խրատով: Երկրորդ՝ երբ [մեկն] ընկերոջը սովից մեռնելիս է տեսնում և չիկերակրում: Երրորդ՝ դեղով, ինչպես որ տղամարդիկ և կանայք վիժեցնում են մանուկներին: Չոր րորդ՝ մտքով, երբ կամենում են մեկի մահը: Հինգերորդ՝ զրպարտությամբ՝ ըստ այսմ. «Նրանց լեզուն սուր սուսերի նման է» (Սաղմ. 56:5): Վեցերորդ՝ սպանող է նաև, ով հատում է իր կամ ուրիշների որևէ անդամ:

    Ակամա [սպանությունը] նույնպես ունի տեսակներ, ուստի [Աստված] ակամա [սպանողների] համար զատեց ապաստանի քաղաքներ. երբ դատավորնե րը, ճշտությամբ ստուգելով գտնում էին, որ [մարդասպանն] ակամա է [սպանություն գործել], [նրան] ազատելով՝ ուղարկում էին [այդ քաղաքները], որպեսզի [նրանից] վրեժ չլուծեին սպանվածի մերձավորները (Թվեր 35:11-34): Բայց ինչ-որ առումով նա ևս մահվան էր ենթակա՝ օտարության մեջ մնալով մինչև քա հանայապետի վախճանը (Թվեր 35:25), և սա իմաստուններն «առաջին մահ» են կոչել: Իսկ կամավոր [մարդասպանը], ինչ կերպով էլ որ սպանի,հեղված արյան պարտքը նրա վրա է ծանրանում՝ ըստ այսմ. «Ով մարդու արյուն է հեղում, [սպանվածի] արյան փոխարեն նրա արյունը պիտիհեղվի» (Ծննդ. 9:6), և թե՝ «Իմ սեղանի մոտից [նույնպես] կառնես և կսպանես» (Ելք 21:14), որպեսզի, ասում է, այդպիսին դատաստանի ատյանում արյան պար տապան լինի: Իսկ արյան պարտքն արյամբ է վճարվում, և [մարդասպանը] դատվում է իբրև սրբապիղծ ու տաճար կողոպտող, որովհետև կողոպտեց Աստծո՝ անմահ հոգով պատվված տաճարը, որն առավել պատվական է, քան ոսկով զարդարված անբան տաճարը: Այս պատճառով էլ [Աստված] թույլ չտվեց երկաթ դիպցնել տաճարի շինվածքին  (Բ Օր. 25:5, Դատ. 16:5, Ա Թագ. 1:11), այսինքն՝ մարդուն, ով Աստ ծո տաճարն է  (Ա Կոր. 6:19): Թեպետ քահանաները մորթում էին ոչխար ու արջառ, սակայն արյունը նվիրում էին Աստծուն՝ սովորեցնելով, որ պետք է հրաժարվել այսպիսի բաներն Աստծուն իբրև նվեր մատուցելուց, իսկ եթե [պետք է հրա ժարվել] անասունների [արյունը հեղելուց], ի՞նչ ասել մարդկանց արյան [հեղման] մասին:

    Բայց որ [Տերը] պարզապես ասաց «դատաստանի» և չհայտնեց, թե [մարդասպանը ո՛ր]՝ ա՞յս [աշխարհի], թե մյուսի ատյանին [ենթակա կլինի, դրանով] ցույց տվեց, որ երբեմն պատահում է, որ կա՛մ կաշառքով, կա՛մ դատավորների ձեռքը չմատնվելով՝ վայրագ մարդասպանն ազատվում է այս [աշխարհի] դատաստանից, սակայն հանդերձյալ ատյանում տույժը տոկոսով է հատուցելու: [Տերը սա ասաց], որպեսզի ոչ ոք վստահ չլինի, թե [կարող է պատժից] ազատվել, և այս ապիրատությունը չգործի:

    Իսկ այն, որ ասում է «ասվեց նախնիներին», երկու իմաստալից բան է ավանդում: Նախ՝ [որպես թե ասում է]. «Այսքան ժամանակ, որ Օրենքը տրվել է, դուք անմտաբար տանջվում եք Օրենքի ծանրության ներքո», ինչպես մի ուսու ցիչ, ով ծույլ աշակերտին հանդիմանում է թե՝ «Այսքան ժամանակ ծախսեցիր մի քանի վանկի վրա և չես կա մենում [դրանցից] ազատվել ու ավելի բարդ դա սերն առնել»: Եվ երկրորդ՝ չհայտնեց, թե ով էր Ասողը, թե պետ Ինքն էր, այլ անորոշաբար ասաց «ասվեց» և չավելացրեց, թե ումից, որովհետև եթե ասեր. «Ես ասացի», չէին ընդունի՝ բազմաթիվ պատճառներով: [Դրանցից] մեկն այն է, որ այդ ժամանակ Նրան մարմնով էին տեսնում, և մի ուրիշը՝ որ Իրեն կհակասեր մեկ ա՛յս օրենքը սահմանելով, մեկ ա՛յն: Իսկ եթե ասեր՝ Հորի՛ց «ասվեց», այժմ էլ Ե՛ս եմ ասում, սա նույնպես ընդունելի չէր լինի. ցույցկտար, թե իբր Իր վարդապետությունը Հոր օրենսդրության համեմատ առավելություն ունի: Այս պատճառներով էլ անորոշաբար ասաց. «Ասվեց նախնիներին»:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի:
   
    «Լսե՞լ եք, թէ ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի»:
Արդ, այն ամենը, որ [Տերն] ավելացնում է, դրանք օրենքների լրումն ու հաստատումն են: Քանի որ մովսիսական [օրենքում] պատվիրված է. «Մի՛ սպանիր», իսկ քրիստոսյան պատվիրանը ոչ միայն սպանելը արգելեց, այլև զուր տեղը բարկանալը և նման թեթև թշնամություններով թշնամանալը, [եղբորը] անմիտ և մորոս, այսինքն՝ հիմար ասելը (Մատթ. 5:22): Եվ ինչ որ գրված է, ամենքին հայտնի է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17