ԿԱՆՉՈՒՄ ԵՄ ԲԱՐՁՐԵԱԼ ԱՍՏԾՈՒՆ
1․ Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ նա Սաւուղի երեսից փախել թաքնուել էր քարայրում
2․ Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի յոյսս դրի քեզ վրայ. քո թեւերի հովանուն պիտի ապաւինեմ, մինչեւ անօրէնութիւնն անցնի:
3․ Աղաղակեցի բարձրեալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն:
4․ Նա օգնութիւն ուղարկեց երկնքից եւ փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին: Աստուած իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնն
ուղարկեց:
5․ Գազանների միջից ազատեց ինձ, քանզի ես խռովուած ննջում էի: Մարդկանց որդիների ատամները զէնք եւ նետ են, իսկ նրանց լեզուները՝ ինչպէս սուր սուսեր:
6․ [Բարձր ես երկինքների մեջ, Աստվա՛ծ], եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո:
7․ Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, [Խոնարհեցրին] ինձ, առջեւս փոս փորեցին, բայց նրա մէջ իրե՛նք ընկան:
8․ Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ փառաբանութեամբ:
9․ Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսներով եւ օրհներգութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան:
10․ Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ քեզ սաղմոս կ՚երգեմ:
11․ Քո ողորմութեան մեծութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը:
12․ [Բարձր ես երկնքում, Աստվա՛ծ,] եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: