Փառաբանության երգ Դավթի օրհնաբանություն։
1․ Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։
2․ Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։
3․ Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։
4․ Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։
5․ Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։
6․ Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։
7․ Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։
8․ Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։
9․ Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։
10․ Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։
11․ Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները,
12․ Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։
13․ Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։
14․ Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։
15․ Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։
16․ Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։
17․ Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։
18․ Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։
19․ Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։
20․ Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։
21․ Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: