Աղոթք հաղթանակի համար Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1․ Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։
2․ Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։
3․ Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա)
4․ Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։
5․ Թող ցնծանք քո փրկությամբ և դրոշակ բարձրացնենք մեր Աստծու անունով. թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։
6․ Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։
7․ Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։
8․ Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։
9․ Տե՛ր, փրկի՛ր թագավորին և լսի՛ր մեզ, երբ կանչենք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: