Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 24

Մեծ Թագավորը Դավթի սաղմոս։
   

1․ Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,

2․ Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։

3․ Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։

4․ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։

5․ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։

6․ Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։

7․ Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը մտնի ներս։

8․ Ո՞վ է այդ փառքի Թագավորը. Տերը՝ զորավոր և հզոր. Տերը՝ պատերազմի մեջ հզոր։

9․ Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը ներս մտնի։

10․ Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. նա է փառքի Թագավորը։ (Սելա)։