Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 23

ՏԻՐՈՋ ՄՈՒՏՔԸ ՍՐԲՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐ
   
Դաւթի կիրակնօրեայ սաղմոսը

1․ Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով:
2․ Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրայ, եւ գետերի վրայ հաստատեց նրան:
3․ Ո՞վ կը բարձրանայ Տիրոջ լեռը, կամ ո՞վ կը կանգնի նրա սրբավայրում.
4․ նա, ով մաքուր ձեռքեր եւ անբիծ սիրտ ունի, ով յանձն չի առել ունայնութիւն ու նենգութեամբ չի երդուել իր ընկերոջը:
5․ Նա՛ է, որ օրհնութիւն կը ստանայ Տիրոջից, եւ ողորմութիւն իր փրկարար Աստծուց:
6․ Այս սերունդն է, որ փնտռում է Տիրոջը, որ ուզում է տեսնել երեսը Յակոբի Աստծու:
7․ Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի:
Հանգիստ
8․ Ո՞վ է այս փառքի արքան, - կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը:
9․ Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի:
10․ Ո՞վ է այս փառքի արքան, - զօրութիւնների Տէրը՝ նա ինքն է փառքի արքան: