ԾԵՐՈՒՆՈՒ ԱՂՕԹՔԸ
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, Յոնադաբի որդիներից եւ առաջին գերութիւնից
2․ Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի, թող յաւէտ ամօթով չմնամ, քո արդարութեամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր: Ականջդ մօտեցրո՛ւ ինձ եւ ազատի՛ր ինձ:
3․ Ինձ համար ապաւէն եւ ամուր վա՛յր եղիր, Աստուա՛ծ, որ ինձ փրկես, քանզի իմ հիմքն ու յենարանը դու ես:
4․ Աստուա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղաւորի ձեռքից, անօրէնի եւ անիրաւի ձեռքից:
5․ Դու ես իմ ակնկալութիւնը, Տէ՛ր. Տէ՛ր, դո՛ւ ես իմ յոյսը մանկութիւնիցս ի վեր:
6․ Քե՛զ [վստահեցի] ես արգանդից, մօրս որովայնից դո՛ւ ես իմ ապաւէնը, եւ յարաժամ քեզնի՛ց է իմ օգնութիւնը:
7․ Ես շատերի համար ծաղր դարձայ, բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար:
8․ Բերանս թող գովաբանութեամբ լցուի, որ օրհնեմ փառքը քո եւ յաւիտեան՝ քո մեծ վայելչութիւնը:
9․ Ծերութեան ժամանակ ինձ մի՛ վանիր, Տէ՛ր. երբ ուժս պակասի՝ դու ինձ մի՛ լքիր:
10․ Թշնամիներս իմ մասին խօսեցին եւ ինձ պաշարողները միասին խորհուրդ արեցին ու ասացին.
11․ «Աստուած լքել է նրան, հալածենք նրան ու հասնենք նրա վրայ, քանզի չկայ մէկը, որ նրան փրկի»:
12․ Աստուա՛ծ իմ, հեռու մի՛ մնա ինձնից, եւ ինձ օգնութեա՛ն հասիր, Աստուա՛ծ:
13․ Թող ամաչեն ու կորստեան մատնուեն ինձ չարախօսողները,
թող ամօթանք ու խայտառակութիւն կրեն իմ դէմ չար խորհողները:
14․ Ես յարաժամ պիտի յուսամ եւ աւելի ու աւելի պիտի օրհնեմ քեզ:
15․ Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը,
եւ ես մատեանում արձանագրուած դրանց թիւը չպիտի խարդախեմ:
16․ Ես պիտի մտնեմ Տիրոջ զօրութեան տակ եւ պիտի յիշեմ քո արդարութիւնը միայն, Տէ՛ր:
17․ Աստուա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկութիւնից ի վեր, եւ այժմ էլ քո արդարութիւնը պիտի պատմեմ:
18․ Մինչեւ իմ ալեւորութիւնն ու ծերութիւնը ինձ մի՛ լքիր, Աստուա՛ծ իմ, մինչեւ որ գալիք բոլոր սերունդներին պատմուի ուժը քո բազկի: Քո զօրութիւնն ու արդարութիւնը հասնում են մինչեւ բարձունքները,
19․ Նոյնպէս եւ քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստուած. ո՞վ է քեզ նման:
20․ Որքան էլ որ բազում նեղութիւն եւ չարչարանք ցոյց տուիր ինձ, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ հանեցիր երկրի խոր անդունդներից:
21․ Բազմապատկեցիր քո զօրութիւնը, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ մի անգամ եւս հանեցիր երկրի խոր անդունդներից:
22․ Եւ արդ, սաղմոսերգութեամբ գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, ճշմարի՛տդ Աստուած. պիտի օրհնութեամբ սաղմոս երգեմ քեզ, ո՛վ սուրբդ Իսրայէլի:
23․ Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ, եւ իմ հոգին, որը դո՛ւ փրկեցիր:
24․ Ու լեզուս ամէն օր քո արդարութունից պիտի խօսի: Իր ժամանակին պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն իմ մասին չար խորհողները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: