Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 16

Վստահության աղոթք Դավթի երգ։
 
1․ Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։

2․ Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը. առանց քեզ բարիք չունեմ»։

3․ Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։

4․ Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։

5․ Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը։

6․ Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ։

7․ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։

8․ Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։

9․ Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա,

10․ Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում և քո հավատարիմին ապականություն տեսնել չես տա։

11․ Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։