Աղոթք պաշտպանության համար Երգողների գլխավորին։ Կորխի որդիների երգ։
1․ Ո՜վ Աստված, մեր ականջներով լսեցինք. մեր հայրերը մեզ պատմեցին այն գործերի մասին, որ դու կատարեցիր նրանց օրերին՝ այն հին ժամանակներում։
2․ Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց։
3․ Որովհետև ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց։
4․ Դու ես իմ թագավորը, ո՜վ Աստված, որ հրամայեցիր Հակոբի փրկությունը։
5․ Քեզնով գետին գցեցինք մեր թշնամիներին, քո անունով ոտնակոխ արեցինք մեր դեմ վեր ելնողներին,
6․ Որովհետև ես հույսս չեմ դրել իմ աղեղի վրա, և ինձ իմ սուրը չի փրկում,
7․ Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներից և մեզ ատողներին ամոթահար անում։
8․ Ամեն օր պարծենանք Աստծով և հավիտյան գոհություն մատուցենք քո անվանը։ (Սելա)։
9․ Բայց մերժեցիր և ամոթահար արեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ։
10․ Դու մեզ ետ ես դարձնում թշնամուց, և մեզ ատողները հափշտակում են մեզ իրենց համար։
11․ Դու արեցիր, որ մենք ոչխարի պես կերակուր դառնանք, և ցրեցիր մեզ հեթանոսների մեջ։
12․ Քո ժողովրդին ծախեցիր չնչին գնով և նրանց գնով չհարստացար։
13․ Դու մեզ նախատինք դարձրիր մեր հարևանների առջև, ծաղր ու խայտառակություն՝ մեր չորս կողմը գտնվողների առջև։
14․ Դու մեզ առակ ես դարձնում հեթանոսների մեջ և գլուխն օրորելու պատճառ՝ ազգերի մեջ։
15․ Ամեն օր իմ նախատինքն իմ առաջ է, և իմ երեսի ամոթը ծածկում է ինձ
16․ Նախատողի և հայհոյողի ձայնից, թշնամու և վրեժխնդրի երեսից։
17․ Այս ամենը եկավ մեզ վրա, և քեզ չմոռացանք ու չքանդեցինք քո ուխտը։
18․ Մեր սիրտը ետ չդարձավ, և մեր ընթացքը չշեղվեց քո ճանապարհից,
19․ Թեև փշրեցիր մեզ տաժանքի տեղում և մահվան ստվերով ծածկեցիր մեզ։
20․ Եթե մոռացած լինեինք մեր Աստծու անունը և մեր ձեռքերը մեկնած լինեինք օտար աստծուն,
21․ Չէ՞ որ Աստված կքններ այդ բանը, որովհետև նա գիտի սրտի գաղտնիքները։
22․ Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար և մորթվելու ոչխարի պես ենք համարվում։
23․ Զարթնի՛ր, ո՜վ Տեր, ինչո՞ւ ես քնած, վե՛ր կաց, իսպառ դեն մի՛ գցիր մեզ։
24․ Ինչո՞ւ ես թաքցնում քո երեսը և մոռանում մեր խեղճությունն ու նեղությունը։
25․ Որովհետև մեր անձը մինչև հողը ցած իջավ, և մեր փորը կպավ գետնին։
26․ Վե՛ր կաց, մեզ օգնությա՛ն եկ և փրկի՛ր մեզ հանուն քո ողորմության։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: