ԱՂՕԹՔ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1․ Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը. սաղմոս Դաւթի
2․ Աստուա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում՝ հին օրերում:
3․ Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին, եւ նրանց փոխարէն մե՛զ տնկեցիր, հաստատեցիր: 542 Չարչարեցիր ժողովուրդներին ու արտաքսեցիր նրանց:
4․ Նրանք երկիրն իրենց սրով չժառանգեցին, ոչ էլ իրենց բազուկն էր, որ նրանց փրկեց, այլ՝ Քո աջը, Քո բազուկը եւ Քո երեսի լոյսը, քանզի Դու բարեհաճ եղար նրանց հանդէպ:
5․ Դու ինքդ ես իմ թագաւորն ու իմ Աստուածը, որ Յակոբի փրկութեան հրամանն արձակեց:
6․ Քեզնո՛վ պիտի կործանենք մեր թշնամիներին, եւ քո անուամբ արհամարհենք մեր դէմ ելնողներին:
7․ Յոյսս չեմ դրել իմ աղեղի վրայ, եւ ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ:
8․ Այլ դու փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեզ ատողներին ամօթահար արեցիր:
9․ Հանապազ Աստուծով պարծենանք եւ յաւիտեան գոհութիւն մատուցենք նրա անուանը:
10․ Սակայն դու մերժեցիր ու խայտառակեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ մարտի չելար, ո՛վ Աստուած:
11․ Մեզ յետ մղեցիր մեր թշնամիներից, եւ մեզ ատողները մեզ կողոպտեցին:
12․ Մեզ ոչխարի պէս մորթելու յանձնեցիր եւ մեզ ցրեցիր հեթանոսների մէջ:
13․ Քո ժողովրդին վաճառեցիր ոչինչ գնով, եւ մեր աղաղակը չափ չունեցաւ:
14․ Մեր հարեւանների նախատինքին արժանացրիր մեզ եւ մեր շուրջը գտնուողների խայտառակ ծաղրուծանակին:
15․ Մեզ խաղք դարձրիր հեթանոսների մէջ, եւ ժողովուրդները գլուխ թափ տուեցին:
16․ Ամէն օր իմ նախատինքն առջեւս է, եւ երեսիս ամօթը պատել է ինձ՝
17․ նախատողի ու չարախօսի ձայնից, թշնամու եւ հալածողի երեսից:
18․ Այս ամէնը մեզ վրայ եկաւ, բայց մենք Քեզ չմոռացանք, չդրժեցինք Քո ուխտը,
19․ եւ մեր սրտերով յետ չդարձանք քեզանից. Դու շեղեցիր մեր շաւիղը քո ճանապարհից:
20․ Տաժանավայրում մեզ ծնկի բերիր, եւ մահուան ստուերները պատեցին մեզ:
21․ Միթէ մոռացե՞լ ենք մեր Աստծու անունը կամ ձե՞ռք ենք մեկնել օտար աստուածների.
22․ չէ՞ որ Աստուած դա կ՚իմանայ, քանի որ նա քննում է գաղտնիքները մեր սրտի: Մենք ամէն օր զոհւում ենք քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք:
23․ Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ:
24․ Ինչո՞ւ ես երեսդ շրջում մեզանից, մոռանում մեր աղքատութիւնն ու նեղութիւնները:
25․ Մեր անձերը մինչեւ գետին կորացան, եւ մեր մէջքը դիպաւ հողին:
26․ Ելի՛ր, Տէ՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ յանուն քո անուան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: