ԱՍՏՈՒԱԾ ԱՐԺԱՆԻ Է ՕՐՀՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. Երեմիայի, Եզեկիէլի եւ ժողովրդի օրհնութիւնը, երբ ուզում էին վերադառնալ պանդխտութիւնից։
2․ Աստուա՛ծ, քեզ վայել է օրհնութիւն Սիոնում, եւ քեզ աղօթք պիտի մատուցուի Երուսաղէմում:
3․ Լսի՛ր աղօթքս, քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին:
4․ Անօրէնների խօսքերը ծանրացան մեզ վրայ,
դո՛ւ պիտի քաւութիւն տաս մեր ամբարշտութիւններին։
5․ Երանի նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր, որ բնակուեն քո գաւիթներում:
Մենք պիտի յագենանք քո տան բարիքներից, սուրբ է քո տաճարը:
6․ Սքանչելի արդարութեամբ լսի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր՝ յոյսը երկրի բոլոր ծագերի եւ հեռաւոր ծովաբնակների:
7․ Նա, որ իր կարողութեամբ լեռներ է հաստատում եւ զօրութիւն է հագել:
8․ Նա, որ ալեկոծում է ծովի ընդարձակութիւնը եւ ցածրացնում նրա ալիքների ձայնը:
9․ Հեթանոսները պիտի խռովուեն, եւ երկրի բնակիչները պիտի սարսափեն քո նշաններից, [և տեսնելով քո զորությունը] այգաբացին ու երեկոյեան պիտի զուարճանան։
10․ Նայեցիր երկրին, ջրով յագեցրիր այն եւ բազմացրիր նրա հարստութիւնը: Աստծու գետը լցուեց ջրով. դու պատրաստեցիր [նրանց] կերակուրը, քանզի այսպէս է [քո] պատրաստութիւնը.
11․ դու ոռոգեցիր նրա ակօսն ու բազմացրիր նրա արմտիքը, քո ցօղը զուարթ պիտի դարձնի նրա բոյսը:
12․ Տարուայ պսակը պիտի օրհնուի քո քաղցրութեամբ, դաշտերդ պարարտութեամբ պիտի լցուեն:
13․ Անապատի գեղեցկութիւնները պիտի փթթեն, բլուրները ցնծութեամբ պիտի զգեստաւորուեն:
14․ Մաքիների խոյերը պիտի զուգուեն, հովիտներն առատ ցորեն պիտի բերեն, պիտի ցնծան ու օրհներգեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: