Աստծու ընտրած թագավորը
1․ Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։
2․ Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով.
3․ «Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։
4․ Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։
5․ Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով.
6․ «Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։
7․ Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։
8․ Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։
9․ Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։
10․ Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։
11․ Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։
12․ Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: