Չարչարված երիտասարդի աղոթքը Աղքատի աղոթքը, երբ նրա սիրտը մաշվում է, և իր ցավը թափում է Տիրոջ առջև։
1․ Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։
2․ Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։
3․ Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։
4․ Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։
5․ Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։
6․ Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։
7․ Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։
8․ Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։
9․ Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ
10․ Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։
11․ Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։
12․ Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։
13․ Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։
14․ Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։
15․ Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։
16․ Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։
17․ Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։
18․ Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։
19․ Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին,
20․ Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին,
21․ Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում,
22․ Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։
23․ Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։
24․ Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։
25․ Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։
26․ Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։
27․ Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։
28․ Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: