ԱՍՏՈՒԱԾ ՝ ԵՐԱՇԽԱՒՈՐ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Սաղմոս Ասափի
1․ Աստուած կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց ՝ ասելով.
2․ «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին:
3․ Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին:
4․ Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»:
5․ Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին:
6․ Ես ասացի ՝ «Աստուածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի:
7․ Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի իշխան»:
8․ Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: